Ամփոփելով տարին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 2015-ի լավագույն ֆիլմերը:
Տարվա ամենանրբագեղ ֆիլմը
«Երիտասարդություն»
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն համաշխարհային կինոյի դասական դառնալու բոլոր շանսերն ունի: Նրա «Երիտասարդություն» ֆիլմը, որը ստացել է Կաննի 68-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը, շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի և քննադատների կողմից: Հայտնի դիրիժորի և հեղինակավոր ռեժիսորի կեսդարյա ընկերության մասին դրաման, նկարահանված դասական իտալական կինոյի լավագույն ավանդույթներով, անցնող կինոտարվա իսկական զարդը դարձավ:
Տարվա ամենախելացի ֆիլմը
«Գլուխկոտրուկ»
Այս ֆիլմն առանց չափազանցության լեգենդար Pixar ստուդիայի լավագույն անիմացիոն ֆիլմերից մեկն է: Գլխավոր հերոսուհի Ռայլին սովորական 11-ամյա դպրոցական է: Նրա վարքագիծը պայմանավորված է 5 հիմնարար զգացմունքով` Ուրախություն, Թախիծ, Վախ, Ցասում և Նողկանք: Էմոցիաներն ապրում են աղջկա գիտակցության մեջ և ամեն օր օգնում են նրան հաղթահարել խնդիրները` ղեկավարելով նրա բոլոր արարքները: Խորը դրամատիզմով այս խելացի և շատ ծիծաղաշարժ ֆիլմը մի ամբողջ իմաստային շերտ ունի` մատչելի ձևով պատմելով յուրաքանչյուրի կյանքում ամենագլխավորի մասին:
Տարվա ամենախելահեղ ֆիլմը
«Խենթ Մաքսը. Ցասման ուղին»
Ավազը ճռճռւմ է ատամների տակ, աչքերն ինքնաբերաբար կկոցվում են արևի անհավանական պայծառությունից, իսկ ականջներիդ մեջ դեռ լսվում են թմբուկների հարվածներն ու մոտորների հռնդյունը: Նոր «Խենթ Մաքսն» անսահման դրայվ է և ադրենալինի ծով, միաժամանակ` Ջորջ Միլերի հաղթական վերադարաձը, որն, անկախ տարիքից, դեռ կարող է բարձր որակ ապահովել: Սա բենզինով, մետաղով, ժանգով ու արյամբ շաղախված տեսարան է:
Տարվա ամենամռայլ ֆիլմը
«Մարդասպանը»
Կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը, բոլորի համար անսպասելի, հոլիվուդյան Օլիմպոս բարձրացավ և շարունակում է ավելի ու ավելի բարձրանալ` չդավաճանելով իր ուրույն ոճին: Նա նախընտրում է լարված ու մռայլ պատմություններ, լի հուսալքությամբ ու բարդ մարդկային հարաբերություններով: «Մարդասպանը» բացահայտում է հանդիսատեսի համար մեքսիկական թմրակարտելների սարսափելի աշխարհը և դրանց դեմ պայքարի ոչ միշտ օրինական ձևերը:
Տարվա ամենազարմանալի ֆիլմը
«Նորագույն կտակարան»
Աստված գոյություն ունի և ապրում է նա Բրյուսելում: Այս կատակերգության առաջին իսկ րոպեներից արդեն հասկանալի է դառնում, որ գործ ունենք ոչ սովորական բանի հետ: Բելգիացի Ժակո Վոն Դորմալը, որն աղմկահարույց «Պարոն Ոչ ոք»-ի հեղինակն է, ստեղծել է զարմանալիորեն սլացիկ և համոզիչ պատմություն, օգտագործելով քրիստոնեական մոտիվներն ու հասկացություններն ընդամենը մարդկային փոխհարաբերությունների և զգացմունքների ավելի հիմնարար վերլուծության համար:
Տրավա ամենաթերագնահատված ֆիլմը
«Լեգենդը»
Ամերիկացի Բրայան Հելգելենդը ներկայացրել է իր երկրորդ ռեժիսորական նախագիծը, որը քննադատները բավականին սառը ընդունեցին, սակայն հանդիսատեսը համամիտ չեղավ: Թեև, նման տարբեր գնահատականները սովորական են կինոյում: Սյուժեի հիմքում 1950-60-ականների Լոնդոնի ամենաազդեցիկ հանցագործների` Քրեյ զույգ եղբայրների պատմությունն է: Հատկանշական է, որ երկու եղբայրներին խաղում է «Խենթ Մաքսի» աստղ Թոմ Հարդին: Եվ թեև քննադատների հիմնական թիրախը «գոռոզացած» ռեժիսորն էր, պատմությունը համոզիչ պատմելու նրա անկարողությունը, «կրկնակի» Հարդիի խաղը նրանք ըստ արժանվույն գնահատեցին:
Տարվա ամենազվարճալի ֆիլմը
«Քինգսման. Գաղտնի ծառայություն»
Աշխույժ, դաժան և շատ ծիծաղելի ֆիլմը համաշխարհային չարիքի դեմ պայքարող գերգաղտնի կազմակերպության առօրյայի մասին է: Ռեժիսոր Մեթյու Վոնը զարմանալի ձիրք ունի` գերազանց կոկտեյլ ստանալ առաջին հայացքից անհամատեղելի բաների խառնուրդից: 100-տոկոսանոց զվարճալի կինո է, որը կարող է հիացնել նույնիսկ ամենախստապահանջ կինոդիտողին` շոկ առաջացնող 5-րոպեանոց տեսարանը եկեղեցում արդեն «մատի փաթաթան» է դարձել:
Տարվա ամենասպասված ֆիլմը
«Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7.Ուժն արթնանում է»
Լեգենդար սագայի երկրպագուների հսկայական բանակը մոտ 10 տարի սպասում էր այս իրադարձությանը: Սպասում էր անհամբեր և մտավախություններով` ի՞սկ եթե նոր մասի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի մոտ չստացվի: Հիմնականում այդ մտավախությունները զուր էին: Ռեժիսորն իր շարադրանքը հիմնել է սագայի առաջին ֆիլմի` «Նոր հույսի» վրա, որը 1977-ին ընդմիշտ փոխեց ժամանցային կինոյի կերպարը: Եվ չնայած, որ «Ուժն արթնանում է» ֆիլմը կարող է «Նոր հույսի» ազատ ռեմեյկի տպավորություն թողնել, ըստ զգացողությունների, սա միանգամայն այլ կինո է, որն իդեալական համապատասխանություն ունի տիեզերքի ամբողջ տրամաբանությանը: Ռեժիսորը շատ խնամքով է վերաբերվում նյութին` շատ նուրբ հարթելով սուր անկյունները և հավատարիմ մնալով հեքիաթային կառուցվածքին, որը կարող էր փլուզվել ցանկացծ սխալ նրբերանգից:
Տարվա ամենալուրջ ֆիլմը
«Լրտեսական կամուրջ»
Վերջին «Լինքոլն» ֆիլմի պրեմիերայից 3 տարի անց մեծ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը որոշեց կրկին վերադառնալ քաղաքական դրամայի ժանրին: Դատելով կինոքննադատների և համաշխարհային մամուլի հիացական արձագանքներից, դա նրան հաջողվել է: Գործողությունը տեղի է ունենում իրական պատմական իրադարձությունների ֆոնին և պատմում է բրուքլինցի փաստաբան Ջեյմս Դոնովանի մասին, որ սառը պատերազմի տարիներին հայտնվում է ԱՄՆ-ԽՍՀՄ առճակատման կիզակետում: Կինոնկարի դրամատուրգիական հենքի ստեղծմանը մասնակցել են լեգենդար Քոեն եղբայրները, և այդ համագործակցությունը, առաջնակարգ դերասանների հետ մեկտեղ, այդ ֆիլմի դիտումը պարտադիր է դարձնում իսկական կինոյի սիրահարների համար:
Տարվա ամենաէպիկականֆիլմը
«Մակբեթ»
XI դար: Դավադիր շոտլանդացի լորդ Մակբեթը հանդիպում է պայծառատես կանանց, որոնք գուշակում են, որ նա թագավոր է դառնալու: Նա որոշում է սպանել թագավոր Դունկանին, երբ վերջինս կայցելի Մակբեթի ամրոցն Ինվերնեսում, և գրավել նրա գահը: Ուիլյամ Շեքսպիրի անմահ պիեսի հերթական էկրանավորումը շատ հաջող է ստացվել. Ջասթին Կուրզելի լավ ռեժիսուրան Մայքլ Ֆասբենդերի և Մարիոն Կոտիյարի հիանալի դերասանական խաղի հետ մեկտեղ դավաճանության դասական դարձած պատմությունը բարձրացրել են կինոյում մի բոլորովին նոր մակարդակի:
Տարվա ամենատարօրինակ ֆիլմը
«Սարսափելի հեքիաթներ»
Բառիս լավ իմաստով տարօրինակ ֆիլմն առաջին իսկ պահից բացահայտում է կինոդիտողի համար գոթիկական ֆանտազիայի ցնցող աշխարհը: Մատեո Գարոնեի ֆիլմում ներկայացված է բազում հեքիաթների և ժողովրդական պատումների առաջացումն ու հիմքը իր նախնական, «վայրի» կերպարանքով, առանց որևէ գրաքննության կամ խեղաթյուրման: Միջնադարի վեհ ամրոցների պատերի հետևում դավադիր ծրագրեր են կազմում, խելահեղ խոստումներ են տալիս, կրքոտ սիրում են ու դաժան սպանում` այս ալմանախի պատմությունները կարող են հավերժ մնալ հիշողության մեջ:
Տարվա ամենասարսափելի ֆիլմը
«Ոսկրե տոմոհավկը»
Եթե ձեզ թվում է, որ «վեսթերնն ու սարսափ-ֆիլմերը միանգամայն օտար ժանրեր եn ապա սխալվում եք: Երիտասարդ և հանդուգն ռեժիսոր Ս.Քրեյգ Զալերի դեբյուտը մարտահրավեր է ցանկացած կածրացած շաբլոնների համար` մռայլ և դաժան պատմություն պատմելով «վայրի Արևմուտքի» միանգամայն դասական դեկորացիաների ֆոնին:
Տարվա ամենադաժան ֆիլմը
«Անտոհմ գազանները»
Այս ֆիլմի դիտումից հետո մնում է աներևակայելի դատարկության և միաժամանակ ուրախության զգացողություն`որ ծնվել ես այլ մայրցամաքում: Քերի Ֆուկունագայի խորապես լիրիկական և ողբերգական կինոնկարը, լրահոսի պես, բացահայտում է ինչ-որ մի աֆրիկյան երկրում կատարվող ահասարսուռ իրադարձությունների հավաստիությունն ու վավերագրությունը: Ներածությունը կարծես մանկական հեքիաթ լինի, որը պատմում է գլխավոր հերոսը` Ագու անունով պատանին. «Մեր ավանում ես լավ տղա էի համարվում, և մեր ընտանիքն ուներ այն ամենն, ինչ ցանկանար: Բայց պատերազմը միշտ առանց թակելու է գալիս»: Հետո պատանին ակամայից հանդիսատեսի համար յուրօրինակ ուղեկցորդ է դառնում, որը վավերագրական ճշգրտությամբ ցույց է տալիս ձեռակերտ դժոխքի բոլոր շրջանները: