PanARMENIAN.Net-ը իր տպավորություններն է ներկայացնում Տարանտինոյի 8-րդ ֆիլմի դիտումից:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Վայոմինգում՝ Քաղաքացիական պատերազմից մի քանի տարի անց: Մարդկանց որսով զբաղվող Ջոն Ռութը սպանության համար հետախուզվող և կախաղանի միջոցով մահապատժի դատապարտված Դեյզի Դոմերգին տանում է Ռեդ Ռոք՝ փոխանցելու համար արդարադատությանը և ստանալու իր պարգևավճարը: Ճանապարհին նրանք հանդիպում են երկու անծանոթի՝ Հյուսիսի դաշնային բանակի նախկին սպա Մարկիզ Ուորենին, որը վարձկան է դարձել, և Հարավի ճամբարից փախուստի դիմած Քրիս Մեննիկսին, որը ներկայանում է իբրև քաղաքի նոր շերիֆը: Մոլորվելով ձնաբքի ժամանակ՝ քառյակը ապաստան է գտնում լեռնանցքում՝ Միննիի կրպակում, որտեղ տիրուհու փոխարեն նրանք հանդիպում են հերթական անծանոթներին՝ խանութին հետևող Բոբին, Կոնֆեդերացիայի գեներալ Սմիթերսին, կովբոյ Գեյջին և Ռեդ Ռոքի դահիճ Մոբրեյին:
Տարանտինոյի ամեն մի նոր գործ համաշխարհային մասշտաբի իրադարձություն է: Նրա ֆիլմերի կինոդիտումը վաղեմի ծանոթների հետ հանդիպում է հիշեցնում, առանց որոնց կյանքը լիարժեք չէր լինի, կզրկվեր մի կարևոր յուրահատկությունից: Դա նման է պատկերասրահ այցելության, որտեղ ցուցադրության է հանվել այն կտավը, որը տարիներ շարունակ երազել եք տեսնել: Այդ կտավի առաջ նստելով, կինոդիտողն անկարող է կտրել հայացքը, նա ընկալում է ամեն մի երանգը, ամեն մի մանրուքը՝ միաժամանակ հիանալով ամբողջականությամբ: Վարպետն անշտապ պատմում է իր պատմությունը՝ դանդաղ գունավորելով կտավը, դասավորելով ֆիգուրները շախմատի տախտակին, կյանք հաղորդելով նրանց՝ Տարանտինոյի ֆիլմերի դիտումը ոչ թե լոկ հիացմունք է բուն կտավով, այլ նաև հնարավորություն է հետևել դրա ստեղծմանը:
Դիպուկ, հյութեղ երկխոսությունները, որից յուրաքանչյուրը թևավոր կարող է դառնալ՝ այս հարցում Տարանտինոն իսկական գուրման է: Նա երբեք չի հրամցնի հանդիսատեսին հում և անհամ ուտեստ: Նա անսահման շռայլ է, նրա գործերի բաղադրությունն ու համեմունքները նրբաճաշակ են՝ պատրաստված ամենաբարձրաճաշակ կիոնսիրողի համար: Սակայն Տարանտինոն թույլ չի տալիս հագենալ. երկխոսությունները կարող են կես ժամ տևել, բայց կինոդիտողի համար միևնույն է, դա քիչ է, նա ավելին է պահանջում: Ռեժիսորը ներկայացնում է պատմությունը, նրբաճաշակորեն ծեփելով հասկանալի և շատ կենդանի կերպարներ, բնավորությամբ օժտելով նրանց և աներևակայելի խարիզմայով: Տարանտինոյի յուրաքանչյուր սցենար արվեստի գործ է: Մեծ դերասանների ներկայացմամբ այդ դրամատուրգիական հենքն ամբողջ 3 ժամով տանում է կինոդիտողին մի անհայտ և զարմանալի աշխարհ: Այստեղ չկա ոչ մի ավելորդ բան, ամեն մի վայրկյանը, ամեն ժեստն ու արտասանած բառն իր նշանակությունն ունի:
«Ատելի ութնյակը» ֆիլմը կամերային, թատերական պիես է, որը ծավալվում է էկրանին: Թերևս, սա հեղինակի ամենակուռ ստեղծագործությունն է շարադրանքի հաջորդականության առումով: Նվազագույն քանակի ֆլեշբեքեր և ուշադրության կենտրոնացում այն ամենի վրա, ինչ կատարվում է կրպակի չորս պատում: Մշտապես աճող լարվածություն, որից կինոդահլիճի օդը կարծես լիցքավորված է դառնում, աստիճանաբար բերում է անխուսափելի և արյունալի ավարտի: Տարանտինոն հանգուցալուծման մեջ ներդրել է իր ողջ վարպետությունը՝ հիշեցնելով, որ նույնիսկ գողացված սցենարը կարող է զարմացնել ու հիացնել:
Ռեժիսորի ութերորդ ֆիլմը միաժամանակ հարգանքի տուրք էր նրա նախորդ գործերին: Տարանտինոն ամբողջ ֆիլմի ընթացքում շռայլորեն չպարտադրող ակնարկներ է անում՝ նորովի անցնում է իր ճանապարհը, շոյում է իր «երեխաների» գլուխները, ծանոթացնում է նրանց նորեկի հետ: Ֆիլմի անվանումը ոչ միայն և ոչ այնքան գործող անձանց քանակն է ֆիքսում: «Ութնյակն» այն ամենն է, ինչ հասցրել է անել այս կյանքում վարպետը: Սիրված և ատելի, նրա նվաճումն ու անեծքը՝ կինոն Տարանտինոյի համար, հատկապես իր սեփական ֆիլմերը, ոչ միայն ապրելակերպ է, այլ կուռք, որին երկրպագում են և որից տարիքի հետ գնալով ավելի են երկյուղում: