23 հունվարի 2016 - 13:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Երևանի թռչունները. Ինչպե՞ս է քաղաքի էկոլոգիայի փոփոխությունն ազդում թռչունների տեսակային կազմի վրա
Չնայած բազմաթիվ բնապահպանական խնդիրներին, Երևանը դեռևս շատ հետաքրքիր ու բարդ էկոհամակարգ ունի թռչունների բնակության արեալի տեսակետից
Ըստ թռչնաբանների, Հայաստանում գրանցված է թռչունների 354 տեսակ, որոնցից շատերն ընդգրկված են Կարմիր գրքում: Համեմատության համար` Ռուսաստանի անծայրածիր տարածքներում գրանցված է 600 տեսակ: Թռչնաբանների համար մեր տարածքը շատ հետաքրքիր «դիտակետ է» ուսումնասիրությունների համար:

Մայրաքաղաքի տարածքում տարվա եղանակով պայմանավորված թռչունների տեսակները տատանվում են 80-ի սահմանում: Այդ բազմազանությունը բացատրվում է նրանով, որ Երևանը գտնվում է տարբեր բնապահպանական գոտիներում` կիսաանապատայինից մինչև լեռնային տափաստանային, որոնք իրենց հերթին ընդմիջվում են անտառային զանգվածներով ու ճահճացած տարածքներով, որտեղ բնադրում են, ձմեռում են, սնվում են թռչունների բազմաթիվ տեսակներ:

Կարմրակատար

Սակայն դա միայն նախկին կանաչ զանգվածներից` Մոնումենտից, Ծիծռենակաբերդից, Նորքի անտառներից, Հրազդանի կիրճից պահպանված տարածքների շնորհիվ: Սակայն թռչունների տեսակային կազմն այստեղ փոխվել է: Եթե նախկինում Նորքի անտառում գերակշռում էին լայնատերև ծառեռ գերադասող թռչունները, ապա այժմ տարածված են կիսաանապատներին բնորոշ տեսակներ: Նույնպիսի իրավիճակ է նաև Ծիծեռնակաբերդի ծայրամասային հատվածներում: Այս տարածքն ընդհանրապես թռչունները մասերի են բաժանել` կան մոխրագույն ագռավների, ճայեկների ու սերմնաքաղիկների, կաչաղակների գիշերային հավաքատեղիներ: Քաղաքի որոշ այգիներում բնադրում են փոքր գիշատիչներ, ինչպես օրինակ ճնճղաճուռակը, հանդիպում են նաև տատրակներ, կեռնեխներ, երաշտահավեր և կարմրատուտեր: Փոխվել է նաև Հրազդանի կիրճում բնակվող թռչնատեսակների քանակային կազմը:

Եթե նախկինում ավելի շատ էին երաշտահավերը, իսկ ավելի քիչ` կեռնեխները, ապա այժմ, հակառակը, կեռնեխների քանակն ավելացել է, երաշտահավերինը` պակասել: Մթնշաղին բոլոր արվարձաններից Երևան գիշերելու են գալիս բազմաթիվ ագռավազգիներ: Սակայն եթե սերմնաքաղիկները կամ սերմնաքաղ ագռավները հսկայական երամներով են գալիս գիշերելու, լուսաբացի հետ հեռանալով, ապա մոխրագույն ագռավներն ու կաչաղակները հիմնավորվել են քաղաքի կենտրոնում: Մոխրագույն ագռավը յուրացնում է այգիներն ու զբոսայգիները, նույնիսկ բնադրում է փողոցներում: Ագռավների բները գնալով ավելանում են, այսօր արդեն դրանք հարյուրների են հասնում, գուցե նաև հազարների: Դրան, առաջին հերթին, նպաստում է ագռավների ուժեղ դիմադրողականությունը, երկրորդ հերթին, սննդամթերքի մնացորդների մեծ քանակը քաղաքում: Մայրաքաղաքը նրանց համար կերով հարուստ և անվտանգ վայր է: Ագռավները նաև բավականին մեծ վնաս են հասցնում փոքր թռչուններին` քանդելով նրանց բները: Ագռավները նույնիսկ մրցակցում են շների ու կատուների հետ:

Պիրոլ

Քաղաքի ջրային և ճահճացած վայրերում կարելի է հանդիպել ծովածիծառների, մեծ ջրագռավների, արտույտների, փոքր սպիտակ տառեղների, ինչպես նաև խակալրի (կամ խատարի), սևագլուխ քրքջանի, եղեգնահավի, աթորի և այլն:

Օրինակ, այդպիսի մր ջրային տարածքում կարող են 2-3 տեսակի բադեր ապրել, 1-2 տեսակի կտցարներ: Քաղաքի անտառապատ վայրերում (ավելի ճիշտ անտառների մնացորդներում) բնակվում են երաշտահավեր, սոխակներ, կկուներ, փայտփորիկներ, պիրոլներ, սարյակներ, կեռնեխներ, կարմրակատարներ, կարմրատուտներ, որոշ տեսակների արտույտներ: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել խածկտիկների, որոնք գալիս են գյուղական վայրերից: Երբեմն մայրաքաղաքում նաև ցիներ են հայտնվում: Իսկ կիսաանապատային հատվածներում հանդիպում են բվեճներ, աղավնաբազեներ և այլն:

Երևանի բնապահպանական վիճակը շատ է վատթարացել` մեքենաների արտանետումների պատճառով օդը գերհագեցած է ծանր մետաղներով, բացասական են ազդում նաև աղմուկն ու լուսավորությունը: Աղմուկի պատճառով թռչունները չեն լսում միմյանց երգը (հիմնականում երգում են արուները էգին գրավելու համար), իսկ մշտական լուսավորության հետևանքով փոխվում են կենդանիների կենսական ռիթմերը: Թունավոր արտանետումներով հագեցած օդն իր հերթին վատ է անդրադառնում թռչունների ձվադրման վրա և հանգեցնում է պոպուլյացիաների կրճատմանը:

Թռչունները կյանքի անբաժան մասն են` բնապահպանական և էսթետիկ տեսակետներից: Թռչունները միջատների, մանր կրծողների դեմ պայքարող հզոր ուժ են, ինչպես նաև յուրահատուկ սերմնացաններ, որոնք իրենց լուման ունեն քաղաքների կանաչապատման գործում: Անհրաժեշտ է շատ խնամքով վերաբերվել այս հարստությանը, որը մարդկանց անպատասխանատվության պատճառով կարող է անդառնալի կորչել:

PanARMENIAN.Net / Tsets