Ծանոթանալով աֆիշին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է դիտել Երևանի կինոթատրոններում փետրվարին:
«Դեդփուլ» (օրիգ. անվանումը` Deadpool)
Կատակերգություն, մարտաֆիլմ, թրիլեր, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Թիմ Միլլեր
Դերերում` Ռայան Ռեյնոլդս, Մորեան Բաքքարին, Էդ Սքրեյն, Ջինա Քարանո, Թի Ջեյ Միլլեր:
Պրեմիերան Երևանում փետրվարի 11-ին:
Աշխարհի ամենախարիզմատիկ և հայտնի հակահերոսներից մեկի` Marvel-ի վերջին հայտնությունը կինոյում, մեղմ ասած, ձախողված էր: 2009-ին նկարահանված «Իքս մարդիկ. Սկիզբ. Ռոսոմախա» կինոնկարում հայտնի կերպարն այնքան էր նվաստացած, որ երկրպագուներն այդ գործը հիշում են բացառապես որպես սարսափելի երազ: Արդարությունը հաղթեց միայն 2015-ին, երբ էքսցենտրիկ Թիմ Միլլերը սկսեց «ճիշտ» «Դեդփուլի» նկարահանումները: Կինոնկարը «մեծահասակների համար» վարկանիշ ստացավ, քանի որ այդ կերպարի գոյությունն առանց որոշակի դաժանության անհնար է պատկերացնել: Սև և սուր հումորը, կինոյին հատուկ տարբեր կարծրատիպերը ծաղրի ենթարկելու հետ մեկտեղ, նոր ֆիլմը դասեց անմոռանալի «Պիպեց»-ի շարքին:
«Ուշադրության կենտրոնում» (օրիգ. անվանումը` Spotlight)
Դրամա, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Թոմաս Մաքքարթի
Դերերում` Մարկ Ռուֆալլո, Մայքլ Քիթոն, Ռեյչել Մաքադամս, Լև Շրայբեր, Ջոն Սլեթթերի, Սթենլի Տուչչի, Բիլլի Քրուդափ:
Պրեմիերան Երևանում փետրվարի 11-ին:
Ֆիլմը լավագույն հավակնորդներից է «Օսկարի» «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում: Միաժամանակ` վերջին շրջանի լավագույն խոսակցական դրամաներից մեկն է: Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը պատմում է The Boston Globe-ի լրագրողի հետաքննության մասին, որի ժամանակ պարզվում է, որ Բոստոնի թեմի սպասավորներից շատերը մանկապիղծներ են: Բարդագույն թեման մատուցվում է որպես մանրակրկիտ լրագրողական հետաքննություն, որը վիրահատական ճշգրտությամբ է նկարագրում իրադարձություններն ու հատում վերքերը, որոնք երբեք չեն ապաքինվի: Միաժամանակ` սա իսկական լրագրողական ձոն է և սիրո խոստովանություն լրագրողի մասնագիտությանը:
«Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» (օրիգ. անվանումը` Pride and Prejudice and Zombies)
Մարտաֆիլմ, սարսափ, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Բյոր Սթիրս
Դերերում` Լիլի Ջեյմս, Սեմ Ռայլի, Ջեք Հյուսթոն, Բելլա Հիթկոթ, Դուգլաս Բուտ
Պրեմիերան Երևանում փետրվարի 18-ին:
2009-ին գրող Սեթ Գրեմ-Սմիթը հանրությանը ներկայացրեց Ջեյն Օսթինի դասական «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի պարոդիան: Նա մեծ վարպետությամբ միախառնել է վիկտորիանական Անգլիայի իրողությունները զոմբի-սարսափի և արևելյան մենամարտերի ժամանակակից տարրերի հետ: «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» վեպն այնքան հաջողված ստացվեց, որ այն արագ էկրանավորելու որոշում կայացվեց: Սակայն, բարդ արտադրական գործընթացը, դերասանների և ռեժիսորի հաճախակի փոփոխությունները հետաձգեցին երկար սպասված ֆիլմի պրեմիերան կես տասնամյակով: Այժմ, վերջապես, Գրեմ-Սմիթի երկրպագուներն ու զոմբիների մասին ֆիլմերի սիրահարները կարող են տեսնել վերջնական արդյունքը:
«Երեք իննոց» (օրիգ. անվանումը` Triple 9)
Դրամա, թրիլեր, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Ջոն Հիլքոութ
Դերերում` Քեյսի Աֆլեկ, Չիվետել Էջիոֆոր, Ահարոն Փոլ, Էնթոնի Մակի, Նորման Ռիդուս, Քեյթ Ուինսլեթ, Գալ Գադոթ, Վուդի Հարելսոն:
Պրեմիերան Երևանում փետրվարի 25-ին:
Բեն Աֆլեկի «Գողերի քաղաքը» կողոպուտների մասին ֆիլմերի շարքի վերջին արժանի նմուշն է: Գերազանց «Աշխարհի ամենահարբած շրջանի» ռեժիսոր Ջոն Հիլքոութը, կարծես, վճռական է տրամադրված փոխելու իրավիճակը: Հավաքելուվ հոլիվուդյան աստղերին և «մեծահասակների» համար վարկանիշ ստանալով իր ֆիլմի համար` ռեժիսորն անմոռանալի պատմություն է խոստանում հանդիսատեսին մի խումբ հանցագործների և կաշառված ոստիկանների մասին, որոնք հայտնվում են ռուսական մաֆիայի որոգայթում:
«Եգիպտոսի աստվածները» (օրիգ. անվանումը` Gods of Egypt)
Ֆանտաստիկա, արկածային, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Ալեքս Փրոյաս
Դերերում` Ջերարդ Բաթլեր, Ջեֆրի Ռաշ, Նիկոլայ Քոսթեր-Վալդաու, Էլոդի Յունգ, Բրենթոն Թուեյթես:
Պրեմիերան Երևանում փետրվարի 25-ին:
Եգիպտական Սեթ աստվածը սպանում է եղբորը` Օսիրիսին և յուրացնում է իշխանությունը: Օսիրիսի որդին` Գոռը, փորձում է վրեժխնդիր լինել: Սեղմ այսպես կարելի է բնութագրել Ալեքս Փրոյասի նոր ֆիլմի սյուժեն: Մեծ ռեժիսորը («Մութ քաղաքը» միայն արդեն թույլ է տալիս նրան մեծ համարել) որոշել է անդրադառնալ Եգիպտոսի աստվածներին` հին Եգիպտոսի մշակույթի տարրերը վերածելով $140 մլն բյուջեով բլոկբաստերի: Թե ինչ է դրանից ստացվել, դեռ պարզ չէ: Թրեյլերները տխուր տպավորություն են թողնում: Սակայն, հույս կա, որ Փրոյասը հաղթահարել է դեպրեսիան, կապված իր երազած ` «Մթության սիրտը» ֆիլմի չկայացած նկարահանումների հետ, և կարող է արժանի բան ներկայացնել: