Բաքվին անհաճո ցանկացած իրավիճակում ադրբեջանական քարոզչությունն Ալիևի գլխավորությամբ իր ամբողջ «մաղձը» թափում է միջնորդների գլխին:
Այս անգամ այդպիսի իրավիճակ ստեղծվեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած հակահայկական բանաձևի մերժման արդյունքում:
ԵԽԽՎ-ում զեկույցի քննարկմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց վեհաժողովին զերծ մնալ բանակցային գործընթացին վնասող գործողություններից: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:
ԵԽԽՎ անդամներն ականջալուր եղան միջնորդներին և զեկույցը մերժվեց: Դա ամենևին դուր չեկավ Բաքվին, որը փաստացի «կերակրում էր» Ուոլթերին նավթադոլարներով շաղախված սև խավիարով:
Բայց քանի որ բացահայտ վրդովվել այն հանգամանքով, որ բրիտանացի պատգամավորն արժանին չմատուցեց խավիարի դիմաց, մի տեսակ «անհարմար էր», Բաքուն իր ամբողջ հիասթափությունը բարդեց Մինսկի խմբի վրա: Իլհամ Ալիևն ուղղակի մեղադրեց միջնորդներին Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևը տապալելու մեջ:
«Համանախագահները ճնշում էին գործադրում, որպեսզի այդ հարցը չքննարկվի: Հենց այդ սադրիչ գործողությունների հետևանքով մենք զրկվեցինք բանաձևի ընդունման համար անհրաժեշտ 4 քվեից: Ուստի, ինչ գնահատական կարելի է տալ Մինսկի խմբի համանախագահներին: Միայն բացասական»,-ասել է Ասանժը:
Անշուշտ, Ալիևի մտքով անգամ չանցավ, որ դա ԵԽԽՎ խորհրդարանականների խելամտության կամ անաչառության արդյունքն է: Ամենից հեշտ էր նրանց մեղադրելը:
«Համանախագահների այսօրվա գործունեությունը միանգամայն անիմաստ է: Նրանք ոչ միայն ճնշում չեն գործադրում Հայաստանի հանդեպ, այլ նաև պաշտպանում են հնարավոր խնդիրներից: Տեսեք, թե ինչ արդյունք ունեցավ նրանց սադրիչ գործունեությունը Եվրոպայի խորհրդի վերջին լսումներում: Հարց է առաջնում. նրանք ո՞ւմ տեղն են իրենց դրել»,-բողոքել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահից չցանկացավ հետ մնալ նաև այդ երկրի ԱԳ նախարարը: Էլմար Մամեդյարովը «դժգոհություն» հայտնեց համանախագահների աշխատանքից` ասելով, որ բողոքի նամակ է հղել համանախագահ երկրների ԱԳՆ-ներ` նշելով , որ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի արծարծում Ադրբեջանի անձնական գործն է: Ոչ ոք չի կարող դրան միջամտել: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է»:
«Համանախագահների նամակը Ստրասբուգ միայն ծիծաղ է առաջացնում»,-ասել է նա:
Իսկ եթե, անկեղծ, ծիծաղելի են Ադրբեջանի «պարզերես դուրս գալու» ճիգերը:
Բաքուն այդպես էլ դասեր չքաղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ հարթակ տեղափոխելու բազմամյա անիմաստ փորձերից: Անընդհատ նույն արդյունքը ստանալով, ադրբեջանական ղեկավարությունը վաղուց արդեն պետք է հասկանար` միջազգային հանրության համար միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է; Եվ իրավիճակը փոխելու բոլոր փորձերը մատնված են անհաջողության:
Սակայն ադրբեջանցի բարձրաստիճան «շամանները» նույն եռանդով շարունակում են անիմաստ ծիսական պարերը խարույկի մոտ: