Անվանակարգերն ու հաղթողներն արդեն հայտնի են, և PanARMENIAN.Net-ը ներկայացնում է գլխավոր հաղթողներին` ելնելով ստացած արձանիկների քանակից:
«Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհ» (Mad Max: Fury Road)
Ջորջ Միլլերի վիթխարի վերադարձը Մաքս Ռոկատանսկու աշխարհ կինոնկարին միանգամից 6 «Օսկար» բերեց 10 անվանակարգից` լավագույն մոնտաժի, նկարչի լավագույն աշխատանքի, կոստյումների լավագույն դիզայնի, լավագույն ձայնի, լավագույն հնչյունային մոնտաժի, ինչպես նաև լավագույն դիմահարդարման և սանրվածքի համար: Անշուշտ, անվանակարգերը տեխնիկական են, երկրորդական, սակայն էկրանին ծավալվող անհավանական պատկերը հենց այդ մարդկանց ջանքերի շնորհիվ է իրականացվել: Միլլերը զրոյից վերականգնեց «Խենթ Մաքսի» աշխարհը` շատ մանրակրկիտ ու խնամքով ուրվագծելով մռայլ մեռնող աշխարհը: Ուշադրությունը մանրուքների հանդեպ, որոնք ոչ թե իրար են հաջորդում թռթռացող տեսախցիկի առջև (ինչպես հիմա նորաձև է համարվում), այլ օրգանական կապի մեջ են կտավի հետ և գործում են որպես լիարժեք գործող անձիք, ինչը թույլ է տալիս «Խենթ Մաքսին» դասել իր ժանրի եզակի ներկայացուցիչների շարքին:
«Վերապրածը» (The Revenant)
Օսկարի համար մրցավազքի ֆավորիտ, մեքսիկացի Ալեխանդրո Գ. Ինյարիտուն 3 «Օսկար» ստացավ 12 հնարավորից` լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն ռեժիսուրայի և տղամարդու լավագույն դերակատարման համար: Այստեղ ամեն ինչ պարզ է. օպերատոր էմանուել Լյուբեցկու փայլուն աշխատանքը նրան 3-րդ արձանիկը բերեց: Ինյարիտուն ճանաչվեց լավագույն ռեժիսոր երկրորդ տարին անընդմեջ: Իսկ Լեոնարդո դի Կապրիոն, վերջապես, ստացավ իր առաջին «Օսկարն» իր ամենևեին էլ ոչ լավագույն դերակատարման համար: Ֆիլմն ինքնին հարգանքի տուրք է դասականներին, որոնք կինո էին նկարահանում բնական պայմաններին առավելագույնս մոտ միջավայրում, երբ նկարահանման գործընթացը ոչ պակաս զրկանքների հետ էր կապված, քան այն, ինչ կատարվում էր էկրանին հերոսների հետ: Զրկանքներն ու բարդ պայմանները, որոնցով ուղեկցվում էին «Վերապրածի» նկարահանումները, բերեցին Լեոյին այդքան սպասված արձանիկը:
«Ուշադրության կենտրոնում» (Spotlight)
Ակնկալիքներին հակառակ «Վերապրածն» «Օսկարի» չարժանացավ գլխավոր անվանակարգում: Տարվա ֆիլմ ճանաչվեց վերջին շրջանի լավագույն խոսակցային դրամաներից մեկը, որը վեր է հանում կաթոլիկ քահանաների շրջանում մանկապղծության շատ բարդ թեման`ներկայացնելով այն որպես մանրակրկիտ լրագրողական հետաքննություն, վիրահատական ճշգրտությամբ նկարագրելով իրադարձություններն ու հատելով վերքերը, որոնք երբեք չեն ապաքինվում: Միաժամանակ` սա իսկական լրագրողական ձոն է և սիրո խոստովանություն լրագրողի մասնագիտությանը: Կինոնկարը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:
Մյուս հավակնորդները մեկական մրցանակ ստացան.
«Սենյակը» (Room)` Բրի Լարսոնը «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում:
«Լրտեսական կամուրջ» (Bridge of Spies)` Մարկ Ռեյլենսը «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում»:
«Աղջիկը Դանիայից» (The Danish Girl)` Ալիսիա Վիքանդերը «Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարում»:
«Իջեցման խաղ» (The Big Short)` «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:
«Գլուխկոտրուկը»(Inside Out) «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում
«Սաուլի որդին» (Saul fia) հունգարական դրաման «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Ատելի ութնյակը» (The Hateful Eight)` Էնիո Մորիկոնեն «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում:
«007. Սպեկտր»(Spectre)` «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում:
«Մեքենայից» ֆիլմը (Ex Machina) «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում:
«Էմի» (Amy) ֆիլմը` «Լավագույն վավերագրական լիամետրաժ կինոնկար»:
«Աղջիկը գետում. Ներման գինը» (A Girl in the River: The Price of Forgiveness) ֆիլմը «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
«Կակազողը» (Stutterer)` Լավագույնը խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
«Արջի պատմությունը» (Historia de un oso)` «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Տես նաև. «Օսկարի» գաղտնիքները. Որքանո՞վ եք ծանոթ գլխավոր կինոմրցանակին