2016-ին լեհ բժիշկներին հաջողվեց 55 օր պահպանել կնոջ կյանքը, որի մոտ ուղեղի մահ էր գրանցվել, սակայն սիրտը շարունակում էր աշխատել:
Բժիշկները պահպանեցին սրտի աշխատանքը` փրկելու համար նրա դեռևս չծնված երեխային: Քանի որ արդյունքը վստահություն չէր ներշնչում, տվյալներն այդ մասին չէին հրապարակվել, թեև արհեստական ծննդաբերությունը տեղի էր ունեցել հունվարին: Ուղղակի երեխան թերհասունացած էր ծնվել և պետք էր համոզվել, որ նա կապրի:
Բարեբախտաբար, նորածինն աստիճանաբար քաշ է հավաքում. Նա միանգամայն առողջ է և անմիջական վտանգ նրան չի սպառնում: Ուստի իրադարձությունը հրապարակայնացվեց:
Վրոցլավի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Անջեյ Կյուբլերի խոսքով, կենսական ֆունկցիաները պահպանելու համար օգտագործվել է արհեստական շնչառության ապարատ, շրջանառության հզոր միջոցներ և արհեստական երիկամ: «Սովորաբար, մենք պահպանում ենք կենսական նշանակության ֆունկցիաները 1-2 օր, իսկ այս դեպքում խնդիր էր դրված մի քանի շաբաթ շարունակ պահպանել բոլոր կենսական նշանակության ֆունկցիաները, մինչև պտուղը կկարողանար ինքնուրույն ապրել: Այն, որ դա մեզ հաջողվեց, իսկական հրաշք է, սակայն դա հնարավոր դարձավ արդիական սարքավորումների շնորհիվ»,-ասել է Կյուբլերը:
Նման փոքրիկների շանսերը նվազագույն են, քանի որ աստիճանաբար մեռնում են մոր ներքին օրգանները, պտուղը կարղ է թունավորվել քայքայման պրոդուկտներից` չհասցնելով մինչև վերջ կազմավորվել: Ուստի երեխայի կյանքը պահպանելու փորձը մեծ ռիսկ է, իսկ բժիշկների կողմից` իսկական սխրանք:
Այդպիսի դեպքեր նախկինում էլ են եղել, թեև շատ հազվադեպ:
Մոտ 3 տարի առաջ նման դեպք տեղի ունեցավ Հունգարիայում: Այն ժամանակ մոր ուղեղը մեռել էր կաթվածի հետևանքով, երբ պտուղը 15-շաբաթական էր: Երեխան լույս աշխարհ եկավ 7 ամսականում, 1,5 կգ քաշով: Առողջ երեխա է ծնվել մոր մահից 92 օր անց` մայրը ունեցել է 15-շաբաթական հղիություն: Չնայած, որ ինսուլտի հետևանքով մոր մոտ արձանագրվել էր կենսական բոլոր ֆունկցիաների մարում, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ պտուղը ողջ է և նորմալ զարգանում է: Որոշվեց չանջատել կնոջը կենսապահովման սարքերից` փորձելով փրկել երեխային: 3 ամիս մոր արյան մեջ հատուկ սնուցող լուծույթ էին ներարկում:
Եղել են էլ ավելի վաղ դեպքեր: Դեռևս 1983 թվականին ԱՄՆ-ում աղջիկ ծնվեց մահացած մորից: Ինտերվալը մոր մահվան և դստեր ծնվելու միջև 84 օր էր:
2012-ին բժիշկներին հաջողվեց փրկել երկվորյակների: Գործնականում արդեն մահացած մարմնում կյանքը պահպանվեց մինչև 25-շաբաթական հղիություն: