ՄԻԱՎ դեմ պայքարին նպաստող նոր հայտնագործությունն ու Սթոունհենջից «տարեց» հնավայրը. PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 2016-ի նոյեմբերի առավել նշանակալի գիտական բացահայտումները:
Քիմիա
Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը պաշտոնապես ստացել է «օգանեսոն» անվանումը` հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին: Ըստ գիտնականներին մեծարելու ավանդույթի, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի և ԱՄՆ Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտական թիմերն առաջարկել են 118-րդ տարրի «օգանեսոն» անվանումն ու Og նշանը: Դրանով իսկ նրանք ընդունել են Յուրի Հովհաննիսյանի առաջատար դերը և նրա ավանդը տրասուրանային տարրերի ուսումնասիրության գործում: Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես անվանումներ է շնորհել վերջերս հայտնաբերված ևս 3 քիմիական տարրի: 113-րդ տարրն անվանել են «նիհոնի», 115-րդը` «մոսկովի», 117-րդը` «թենեսին»:
Գիտնականները հայտնաբերել են ջրի հերթական զարմանալի հատկությունը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ածխածնային նանոխողովակներում պարունակվող ջուրը բարձր ջերմաստիճանի դեպքում ոչ թե եռում է, այլ սառչում:
Մինչ այդ համարվում էր, որ նեղ տարածությունն ավելի շուտ նվազեցնում է, քան բարձրացնում սառեցման ջերմաստիճանը` տատանվելով 10°С սահմանում: Սակայն ածխածնային նանոխողովակներում ջուրը միանգամայն հակառակ դրսևորումն ունի` փորձերի ժամանակ այն սառչում է 105°C աստիճանի դեպքում:
Ֆիզիկա
Նոյեմբերի վերջին եզակի իրադարձություն տեղի ունեցավ գիտության և կրոնի աշխարհում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց հայտնի բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի հետ: Նույն օրն անցնում էր հանրության և շրջակա միջավայրի վրա գիտելիքի և տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ ընդլայնված նիստը: Հոքինգը նույնպես ելույթ ունեցավ` ներկայացնելով Տիեզերքի ձևավորման սկզբնական շրջանի մասին իր տեսությունը:
Հնագիտություն
Եգիպտոսի գիտնականները հայտնաբերեցին հին եգիպտական քաղաք և գերեզմանոց, որոնք թվագրվում են մ.թ.ա 5316 թվականով: Քաղաքը գտնվում է պատմական Վերին Եգիպտոսի շրջանում, հին Աբիդոսում Սեթի Առաջինի տաճարից մոտ 400 մ հեռավորության վրա:
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև խրճիթներ, խեցեղեն իրեր և քարից պատրաստված գործիքներ: Բացի այդ, հայտնաբերվել է 15 մեծ գերեզմանոց, որոնք, ենթադրաբար, պատկանում են բարձրաստիճան անձանց:
Աշխարհի մյուս ծայրում`Մեծ Բրիտանիայում նմանատիպ բացահայտում է արվել: Հայտնի Սթոունհենջից 2,4 կմ հեռավորության վրա գիտնականներն էլ ավելի հին ու մեծ պաշտամունքային համալիր են հայտնաբերել: Ըստ հնագետների գնահատականի, համալիրը կառուցվել է Սթոունհենջից 1000 տարի առաջ, կառույցը մոտ 5 650 տարեկան է: Պեղումները ցույց տվեցին, որ այն բաղկացած է եղել երկու օղակից, որոնք բաղկացած էին 950 ջրանցքներից ու կավե թմբերից:
Կենսաբանություն
Զարմանալի եզրակացության են եկել Դյուկի համալսարանի կենսաբանները: Նրանք պարզել են, որ կանանց կյանքի տևողությունը միշտ է երկար եղել տղամարդկանցից, բոլոր պատմական դարաշրջաններում: Ավելին, դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլ նաև բոլոր պրիմատներին: Գիտնականները հստակ չեն կարող ասել, թե ինչի հետ է դա կապված: Տարածված հիպոթեզներից է այն գաղափարը, որ տղամարդիկ ավելի հաճախ են հայտնվում ռիսկային իրավիճակներում: Հնարավոր է, որ թեստոստերոնի մակարդակն է ազդում իմունային համակարգի վրա` խախտումներ առաջացնելով և դրանով իսկ կրճատելով կյանքը:
Աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը 91,1 մ բարձրություն ունի և գտնվում է Բորնեո կղզու մալայզիական հատվածում: Որքան էլ դա տարօրինակ լինի, հսկան բոլորովին վերջերս է հայտնաբերվել: Ավելի վաղ արևադարձային ամենաբարձր բույսն էր համարվում 89,5-մետրանոց ծառը, որը գտնվում է նույն արգելոցում:
Բժշկագիտություն
Հակագիտական գործունեության դեմ պայքարում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում: ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը պարտավորեցրել է այսպես կոչված հոմեոպաթիկ դեղամիջոցներ արտադրողներին տեղեկացնել սպառողին այն մասին, որ հոմեոպաթիան հիմնված է XVIII դարի տեսությունների վրա, իսկ դեղամիջոցները չեն անցնում անհրաժեշտ կլինիկական փորձարկումներ և փորձագետների կողմից հավանություն չեն ստացել: Ավելի մանրամասն այդ մասին կարելի է տեղեկանալ համապատասխան հոդվածն ընթերցելով:
Ալերգաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների թիմը կարողացել է զատել այն հակամարմինները, որոնք կարող են հաղթահարել ՄԻԱՎ շտամերի 98%-ը: 2010-ին գիտնականները հայտնաբերել են VRC01 հակամարմինը, որը գործում է ՄԻԱՎ շտամերի 90%-ի դեմ: Ինչպես և VRC01-ը, նոր հայտնաբերված հակամարմինները, որոնք ստացել են N6 անվանումը, թույլ չեն տալիս վիրիոններին կցվել իմունային բջիջներին: Դրանք ազդում են վիրիոնի թաղանթի այն մասերի վրա, որոնք քիչ են տարբերվում շտամերի մոտ, ինչն էլ թույլ է տալիս հակազդել այդչափ մեծ քանակությանը:
Աստղագիտություն
Պլուտոն գաճաճ մոլորակը, որի հարևանությամբ վերջերս անցել է «Նոր հորիզոններ» միջմոլորակային սարքը, շատ գաղտնիքներ է թաքցնում: Ուսումնասիրելով սարքից ստացված լուսանկարները` գիտնականները հիպոթեզ են առաջ քաշել, որի համաձայն մոլորակի մակերեսի տակ կարող է կիսասառած ջրի հսկայական օվկիանոս թաքնվել:
Ենթադրվում է, որ Պլուտոնի պտույտի առանցքը միլիոնավոր տարիներ առաջ շեղվել է Հարոն արբանյակի ազդեցության տակ: Ըստ գիտնականների, այդ երևույթի առավել հավանական պատճառը մակերեսի տակ օվկիանոսի առկայությունն է: