Ինչպես հեղինակավոր ծրագիրը հասավ Հայաստան
«Zero Robotics-ին մասնակցելու համար ամեն տարի հայտարարվում է մրցույթ, որին կարող են դիմել MIT-ի հետ գործակցող անհատները և կազմակերպությունները: YES կազմակերպության անդամներից՝ Մարիամ Ավագյանը, ով այժմ սովորում է ամերիկյան Թրինիթի քոլեջում, վերապատրաստվել է նաև MIT-ում՝ հենց Zero Robotics դասավանդելու համար: Օգտագործելով այս առիթը, որոշեցինք դիմել մրցույթին և ծրագիրը բերել Հայաստան: Ծրագիրը գործակցում է World Vision-ի հետ, քանի որ Հայաստանի 6 մարզում կազմակերպությունը ռոբոտաշինության ակումբներ ունի, և սա փոխադարձ հետաքրքրություն է առաջացնում», - պատմեց Թութխալյանը:
Հայ պատանիների կոդերը կփորձարկվեն ՆԱՍԱ-ի ռոբոտների վրա
Ծրագրին մասնակցում են 14-16 տարեկան պատանիներ Շիրակից, Արագածոտնից, Լոռիից և Տավուշից։ Նարեկ Թութխալյանը պատմում է, որ մասնակիցները ճամբար-մրցույթի ընթացքում կոդ են գրելու, որը հաջորդ փուլ անցնելու դեպքում կուղարկվի ՆԱՍԱ՝ դեպի Միջազգային Տիեզերական Կայան (ՄՏԿ) և կփորձարկվի տիեզերառոբոտի վրա:
«Մասնակիցներն այս ամենին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունենում: Սա հնարավորույթուն է տալիս նաև շփվելու հեղինակավոր աստղագետների հետ և տեսնելու, թե ինչպես է աշխատում կայանը», - ասաց նա:
Նոր գիտելիքներ, նոր ընկերներ, նոր հեռանկարներ
Թութխալյանը վստահ է՝ մասնակիցները բավականին շատ բան են սովորելու ռոբոտաշինության և կոդավորման վերաբերյալ, ինչը նրանց առջև «նոր հեռանկարներ կբացի, հնարավորություն կտա մասնակցելու այլ ծրագրերի»:
«Ծրագիրը մասնակիցների համար ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով՝ ամեն օր նրանց են այցելում բանախոսներ, որոնց հետ անցկացվում են ճանաչողական քննարկումներ ՏՏ, ռոբոտաշինության և այլ թեմաներով: Մենք այնպես ենք կազմել ծրագիրը, որ երեխաները և կոդավորում սովորեն, և խորացնեն իրենց ունեցած գիտելիքները, և իհարկե հետաքրքիր ժամանց ունենան: Նախատեսում ենք այց Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև տեխնոպարկեր՝ Թումո, Դեբետի Smart կենտրոն և այլն», - եզրափակեց Թութխալյանը: