Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները
Խափանման միջոցները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով. դրանք հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի նորմալ ընթացքն ապահովելու նպատակով: Գոյություն ունի խափանման 7 միջոց՝ կալանավորումը, գրավը, ստորագրությունը` չհեռանալու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը, հրամանատարության հսկողության հանձնելը:
Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ, հրամանատարության հսկողությանը հանձնելը՝ միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:
Որ դեպքում է կիրառվում խափանման միջոց
Կասկածյալի կամ մեղադրյալի հանդեպ խափանման միջոց կիրառելու որոշումը կայացնելիս դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը հաշվի են առնում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը և այլ էական հանգամանքներ:
Խափանման միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է, առաջինը՝ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, 2-րդ՝ խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, 3-րդ՝ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, 4-րդ` խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, 5-րդ` խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Որ դեպքում և ում նկատմամբ է կալանավորումն ընտրվում որպես խափանման միջոց
Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է:
Առավելագույնը որքան կարող է անձը կալանավորված մնալ
Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի: Հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է:
Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց, դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:
Որ դեպքում է մեղադրյալն ազատվում կալանքից
Մեղադրյալը կալանքից ենթակա է ազատման, եթե` կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, եթե դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը, լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը:
Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին: