22 փետրվարի 2019 - 13:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Դրագոմանների ժամանակը
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
Վերջին շրջանում բազմաթիվ առիթներ են եղել խոսելու այն մասին, որ Հայաստանը պետք է բարձրացնի իր վարած արտաքին քաղաքականության արդյունավետությունը։ Տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների հետ գործակցության մոտեցումների և մեխանիզմների արդիականացման կարիքը զգացվում էր բավական վաղուց, և դեռևս 2016 թվականից առանձին փորձեր էին ձեռնարկվում այդ ուղղությամբ որոշ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Սակայն 2018թ. ձմռանն ու գարնանը տեղի ունեցած քաղաքական տեղաշարժերի ընթացքում և դրանցից հետո այդ աշխատանքները, ըստ էության, առժամանակ դադարեցին։

Սակայն այժմ, երբ արդեն իսկ ձևավորվել է նոր կառավարությունը, ու ներքին քաղաքական կյանքը համեմատաբար հանդարտվել է, անհրաժեշտ է ուշադրությունը նորից սևեռել ոչ միայն կարճաժամկետ, այսրոպեական, այլև միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների լուծմանը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության արդիականացումը ամենակենտրոնական հիմնահարցերից է։ Մենք այս սյունակում կփորձենք ուրվագծել այն քայլերի բնույթը, որոնք, ըստ մեզ, կարող են նպաստել նոր որակի արտաքին քաղաքականության ձևավորմանն ու գործարկմանը։ Ավելորդ չէ նշել, որ սրանք միայն որոշ համակարգային առաջարկներ են և ոչ մի դեպքում չեն հավակնում լինել սպառիչ։ Այս սյունակը փորձ է նախաձեռնելու քննարկում, որը գուցե կունենա նաև գործնական շարունակություն։

1. «Հայեցակարգային այսբերգը»

Արտաքին քաղաքականության թարմացման առաջնային խնդիրը հանգում է համապատասխան ռազմավարության կամ ավելի լայն՝ ազգային անվտանգության և զարգացման հայեցակարգի բացակայությանը։ Բազմիցս նշվել է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը (ընդունված է 2007թ.) հնացել է և կարիք ունի նորացման։ Սկզբունքորեն հենց այս հայեցակարգային փաստաթղթից է բխելու նաև արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որը պետք է սահմանի Հայաստանի ու հայության շահերը սպասարկող արտաքին քաղաքականության գերակա ուղղություները և արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող հիմնական ուղենիշերը։ Նմանատիպ փաստաթղթերի գոյությունը զգալիորեն կհեշտացներ ու շատ ավելի արդյունավետ կդարձներ Հայաստանի Հանրապետության ցանկացած նոր կառավարության գործը, իսկ կառավարության ծրագիրն ու դրա շուրջ քննարկումները կարող էին լինել ավելի թիրախային ու բովանդակալից։

Քանի որ կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ «փաստաթուղթը ոչինչ է, կարևորը գործն է», շտապենք անել հետևյալ պարզաբանող պնդումները։ Հայեցակարգային փաստաթղթերի և ընդհանրապես «թուղթ ու թամասի» հանդեպ մեզանում բավական տարածված անլուրջ վերաբերմունքը, որը գոյացել է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով (ու կարոտ է առանձին ուսումնասիրության), իրականում ստվերում է այն ողջ համալիր աշխատանքը, որի բացակայությունը ոչ միայն խախտում է պետականության կարևորագույն գործառույթներից մեկը, այլև վտանգում է պետականության արդյունավետ ու անվտանգ կենսագործունեությունը։ Եւ ահա, թե ինչու։ Անվտանգության հիմնահարցերին վերաբերող հայեցակարգային փաստաթուղթը, որի անբաժան բաղադրիչն է արտաքին քաղաքականությունը, ենթադրում է տվյալ պետության բոլոր ինստիտուտների և գիտավերլուծական լավագույն մտքի կրողների համալիր, շրջահայաց, խիստ տքնաջան և ժամանակատար աշխատանք, որի արդյունքում էլ մշակվում ու բյուրեղանում է անվտանգության հայեցակարգը։ Պատկերավոր ասած՝ հայեցակարգային փաստաթուղթը ռազմավարական նշանակության ահռելի աշխատանքից կազմված այսբերգի գագաթն է միայն։ Ավելին, այդ աշխատանքը պետք է լինի մշտական՝ անկախ նրանից, թե փաստաթուղթը ընդունված է արդեն, թե ոչ։ Այդ աշխատանքը, որը ենթադրում է դրանում ներգրավված բոլոր դերակատարների խիստ պատասխանատու մոտեցում, պետք է շարունակի սնուցել արտաքին քաղաքականության «զարկերակը»՝ իր հերթին ձեռքը ամուր պահելով ներքին ու արտաքին մեծ ու փոքր փոփոխությունների զարկերակին։

2. Աշխարհաքաղաքականության մարդկային «դեմքը»

Առանց նույնիսկ վերոնշյալ մշտական աշխատանքի կազմակերպման էլ պարզ է, որ մարդկությունը մտել է այնպիսի մի յուրահատուկ պատմական փուլ, երբ ժամանակը խիստ արագացել է։ Այդ արագացումը հանգեցրել է մոդերնիստական սկզբունքների ու պոստմոդերնիստական սկզբունքների բացառիկ խառնուրդի առաջացմանը, որը հստակ դրսևորվում է աշխարհաքաղաքական գործընթացներում և իրադարձություններում։ Փոխվում են աշխարհաքաղաքականության կանոնները, դասականի կողքին առաջանում են նոր տեսակի դերակատարներ, վերաձևվում են այդ դերակատարների միջև փոխհարաբերությունների ավանդական սկզբունքները։ Սրանում համոզվելու համար բավական է մի փոքր ավելի մանրամասն նայել 2010 թվականից այս կողմ մեր տարածաշրջանում՝ Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և տեսնել, թե ինչ ծավալուն փոփոխություններ են կրել ոչ միայն միջազգային հարաբերությունները, այլև քաղաքականությունը որպես այդպիսին։

Եւ հենց այս պայմաններին պետք է արձագանքի մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը, որի մարտավարական գործիքակազմը անհրաժեշտ է հարստացնել նոր մոտեցումներով ու մեխանիզմներով, որոնք համապատասխանում են արդի մարտահրավերներին։ Այդ մեխանիզմների ընտրության ժամանակ չպետք է մոռանալ մի կարևոր սկզբունք, որը շատ պարզ է, բայց հաճախ հենց այդ պարզության պատճառով դուրս է մնում ուշադրությունից։ Միջազգային հարաբերությունները ունեն խիստ մարդկային բաղադրիչ. դրանք բարդ ու խճճված մարդկային հարաբերությունների ամբողջություն են, որոնցում հաճախ վճռական դեր է խաղում տվյալ պահին կենտրոնական նշանակություն ձեռք բերած աննշան գործոնը՝ հին ծանությունը, հաջող ելույթը կամ ճկուն արձագանքը։

Այստեղ տեղին է հիշել 30-ամյա վաղեմության մի իրադարձություն։ 1999թ. մարտի 24-ին ՌԴ վարչապետ Ե. Պրիմակովը պաշտոնական այցով մեկնում էր ԱՄՆ։ Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս Պրիմակովը ԱՄՆ փոխնախագահ Ա. Գոռից տեղեկանում է, որ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ռմբակոծել Հարավսլավիան։ Պրիմակովը միանձնյա որոշում է չեղյալ հայտարարել այցելությունը, հրամայում է շրջել օդանավը և վերադառնալ Մոսկվա։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային նշանակություն ունեցած այս դեպքը, որ հայտնի է «Պրիմակովի օղակ» անունով, այն բազմաթիվ օրինակներից է, թե ինչպես կարող է մեկ մարդու անձնական որոշումը փոխել ռացիոնալիզմի ու հաշվարկի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ճկուն արձագանքման և նախաձեռնողականության մարտավարություն։

Սա առավել քան ակտուալ պահանջ է Մերձավոր Արևելքում, որի մի մասն է Հայաստանը։ Եթե հայտնի ամերիկացի քաղաքագետ Զ. Բժեզինսկին աշխարհաքաղաքականությունը պատկերավոր նկարագրում էր շախմատի տախտակի վրա ընթացող գործողություններով (որտեղ կարելի է տրամաբանորեն մի քանի քայլ առաջ բավական ստույգ հաշվարկ կատարել), ապա այս տարածաշրջանի պարագայում քաղաքական գործընթացների դիտարկման համար ամենալավ այլաբանությունը հենց արևելքում շատ տարածված մեկ այլ հանրաճանաչ խաղն է՝ նարդին, որտեղ պետք է խաղալ՝ ելնելով զառերի պատահական զույգերից։ Այս պատճառով կարճ ժամանակահատվածում շատ բան կախված է պատահական/հանկարծակի գործոններից։

3. Գիտելիքահեն մարտավարություն

Այդպիսի մարտավարություն իրականացնելը բարդ է, քանի որ, ինչպես ցանկացած լավ աշխատող մեխանիզմ, ենթադրում է հետևողական ու համալիր աշխատանք մի քանի կենտրոնների միջև։ Անկասկած է, որ առաջնային դերը այստեղ պատկանում է արտաքին գործերի նախարարությանը՝ իր ողջ ներուժով։ Սակայն միայն ԱԳՆ-ի վրա այս բեռը դնելը բավարար չէ, ավելին՝ սխալ է։ Հայեցակարգային ռազմավարության ու ճկուն մարտավարության մշակումն ու իրականացումը չի կարող արդյունավետ իրականացնել 350 աշխատակից ունեցող պետական ինստիտուտը ոչ միայն այն պատճառով, որ մարդկանց թվաքանակը չի համապատասխանում դրված առաջադրանքի ծավալին, այլև վերջինս չի համապատասխանում նաև այդ աշխատակիցների բուն գործառույթին։ ԱԳՆ աշխատակիցները՝ դեսպանները, հյուպատոսները և դիվանագիտական ծառայություն իրականացնող մնացած բոլոր մեծամասամբ պրոֆեսիոնալ մարդիկ առաջին հերթին պետական քաղաքականության օպերատորներ են՝ հաճախ սահմանափակված խիստ հստակ օրակարգով, ժամանակացույցով ու աշխատանքային պայմաններով։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ էլ ո՞վ պետք է զբաղվի վերոնշյալ համալիր խնդիրներով։ Յուրաքանչյուր խնդրի լուծման համար կան հիմնական ու լրացուցիչ ուժեր։ Ստորև կանդրադառնանք հիմնականներից մի քանիսին։

Մարտավարության մշակման գործում առաջնային դերակատարում պետք է ունենան տարբեր խնդիրների շուրջ աշխատող գիտավերլուծական համայնքի ներկայացուցիչները։ Նրանց հետ աշխատանքի հստակեցված ու խիստ չափելի մեխանիզմների ներդրումը և փոխադարձ խորհրդատվական խողովակների արդիականացումը կարող է դառնալ գիտելիքահեն քաղաքականության իրականացման երաշխիքներից մեկը։ Իմիջիայլոց, սա ևս մեկ համաշխարհային միտումի՝ արտաքին քաղաքականության «գիտելիքայնության» անուղղակի անդրադարձն է. աշխարհի առաջատար երկրներում վաղուց ամրագրված է, որ արտաքին քաղաքական կարևորագույն որոշներումների ընդունման մեխանիզմները պետք է լրջորեն և համապարփակ կերպով մշակվեն գիտական տեսանկյունից, որին լծվում են պետական և մասնավոր հետազոտական կենտրոնները։ Մեզանում կան այդպիսի գործակցության անհրաժեշտ որոշ կարևոր նախադրյալներ (օրինակ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ռեսուրսները), սակայն դա բավական չէ։ Իմիջիայլոց, այս գիտավերլուծական համայնքը ունի նաև անհրաժեշտ կապերը, որոնք կարող են օգտակար լինել հաջորդ կետի շարադրանքի համատեքստում։

4. Դրագոմանների ժամանակը

Ռազմավարության իրականացման փուլում անհրաժեշտ է ստեղծել «բանակցողների ու միջնորդների» նոր ցանց, որոնք կիրականացնեն ամենօրյա և երկարաժամկետ աշխատանք միջազգային ամենատարբեր տրամաչափի ու ձևաչափի դերակատարների հետ։ Նախկինում և այսօր էլ գոյություն ունեցող ցանցը գերազանցապես հենվում է հայկական սփյուռքի ներուժի վրա։ Այսօր այդ ցանցը թարմացման և լրացման կարիք ունի, քանի որ հատկապես Մերձավոր Արևելքում փոխվել է ուժերի դասավորությունը և ստեղվել է նոր իրավիճակ՝ նոր խաղացողներով (այստեղ բավական է բերել Սիրիայի օրինակը)։

Այդ ցանցում ընդգրկվածներին ես կոչում եմ դրագոմաններ։ Դրագոմանը հատուկ պաշտոն էր Օսմանյան կայսրությունում։ Դրագոմանները թարգմանչի և միջնորդ բանակցողների դեր էին խաղում եվրոպացիների և ասիացիների միջև։ Սկզբունքորեն կարևոր է, որ մենք աստիճանաբար վերածվենք քաղաքական գործընթացներում օբյեկտի (ավելի հաճախ՝ դիտորդի) կարգավիճակ ունեցողից ակտիվ դերակատարի (սուբյեկտի)։ Դրա համար անհրաժեշտ է, որ լինեն արտաքին գործընկերների հետ ստեղծված ու ստեղծվելիք հարաբերությունները կապիտալիզացնող դրագոմաններ։ Այստեղ բավական է բերել մեկ օրինակ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի տասնյակ աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ է ունեցել արտասահմանյան ամենատարբեր ոլորտների (քաղաքականից մինչև մշակութային) ազդեցիկ գործիչների հետ։ Իր գործունեությամբ «դրագոման Սարգսյանի» և այլ պաշտոնյաների հանդիպումները կիսատ կմնան և կամ կունենան ավելի նվազ արդյունավետություն, եթե չստեղծվի դրագոմանների նոր ցանց։ Ի վերջո, հենց դրագոմանների ցանցը պետք է ապահովի այն անհրաժեշտ կապերը, խողովակներն ու մեխանիզմները, որոնք կօգնեն մեր պետության պաշտոնական հերթական ներկայացուցիչներին արագ ու արդյունավետ կերպով ներխուժել միջազգային հարաբերությունների աշխարհ և դառնալ այնտեղ ակտիվ դերակատար։ Հաճախ այդ միջնորդ դերակատարումը կարող է խորհրդանշական բնույթ ունենալ, սակայն դա երբեմն պակաս ազդեցիկ դիրք չէ միջազգային հարաբերություններում։

5. Անհրաժեշտ տարանջատում

Վերջապես անհրաժեշտ է, որ գիտակցվի կարևորագույն մի սկզբունք. արտաքին քաղաքականությունը պետք է զուրկ լինի պատեհապաշտությունից և առավելագույնս առանձնացվի ներքաղաքական պայքարից։ Ինչպես արդեն նշվեց վերևում՝ արդյունավետ արտաքին քաղաքականության մշակմանն ու իրականացմանը պետք է լծված լինի ուժերի մի ողջ համալիր՝ ՀՀ կառավարությունից մինչև ՀՀ նախագահ, արևելագետ-փորձագետից մինչև լոբբիստ։ Մյուս կողմից ակնհայտ է նաև այն, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է։ Ուստի հաջող արտաքին քաղաքականությունը խիստ շղթայված է երկրի առօրյային։ Դիվանագետն ու դրագոմանը պետք են տեսնեն, որ բանակցություններում իրենց խոսքերի հետևում կա կանգնած ամուր բանակ, դինամիկ զարգացող տնտեսություն, բարձրակարգ առողջապահական, գիտական ու կրթական համակարգ, նորարարական մշակույթ և այլն։ Հնարավոր չէ լավ ներկայացնել մի բան, որը գոյություն չունի։

Լուսանկարում՝ Արևելքի դրագոմանները։ Ձախից՝ Օսմանյան պալատի 2 հայ դրագոման

Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս