2 ժամ տևած միջոցառումը դադարեցվել էր դասախոսներից մեկի և ուսանողների բարձրացրած աղմուկից հետո: Ներկաների արտաքին տեսքը, միջոցառման բնույթը և հնչած երաժշտությունը նրանց կասկածելի և անընդունելի էր թվացել:
Միջոցառումից տեսագրություններ տարածվելուց հետո մամուլում այն որակվել էր «սատանիստական և ԼԳԲՏ համայնքի քարոզ անող»։ Կոնսերվատորիայի փողային և հարվածային գործիքների ամբիոնի դասախոսներից մեկը՝ Վյաչեսլավ Մանուչարյանը, միջոցառման պահին անցնելիս է եղել բուհի կողքով: Նա առաջիններից է եղել, ով մտահոգություն է հայտնել միջոցառման մասին:
«Անցնում էի կողքով, տեսա: Երաժշտությունը, մարդկանց հագուստը, քաչալ աղջիկը, վզին «շան ցեփ» էր գցած և այլն. դա դուրս չեկավ: Դա տարօրինակ չէ, աննորմալ բան է, Կոնսերվատորիայում, որտեղ ուսանողներն են սովորում, տենց բան չեն անում»,- պատմեց Մանուչարյանը PanARMENIAN.Net -ին։
Դասախոսի խոսքով՝ ուսանողներից մեկը դուրս է եկել, ասել է, որ հնչում է Կոմիտաս, ինքն էլ հակադարձել է, թե գիտի՝ որն է Կոմիտասի երաժշտությունը: Մանուչարյանի հետ ուսանողների խոսակցությունն այսքանով ավարտվել է, դասախոսը զանգահարել է ռեկտորին, ասել միջոցառման մասին, վերջինս էլ նշել է, որ դրանից տեղյակ չէ, բայց գիտի, որ ուսանողները թեյախմություն են կազմակերպել:
«Ես չեմ պնդում, որ միջոցառումը սատանիստական է, ես տենց բաների հետ ոչ մի կապ չունեմ, բարեբախտաբար: Չգիտեմ, բայց ինձ դուր չեկավ ճաղատ գլխով աղջիկը: Հարիր չէ մեր Կոնսերվատորիային, ինչի հետ համամիտ է նաև ռեկտորը: Ես սատանիզմի անուն չեմ տվել, ես ասում եմ՝ աննորմալ երևույթ է, իսկ տենց բաներ չգիտեմ էլ՝ սատանիզմ, եհովաական»,- ասաց Մանուչարյանը:
Բուհի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը թեմայով ասուլիսի ժամանակ աղմուկը որակել էր «փաստերի խեղաթյուրում և բուհի ղեկավարությանը զրպարտելու փորձ»: Ռեկտորն ասել էր, որ իրեն անպատշաճ վարքի առիթով ահազանգել են ուսանողներն և դասախոսներից մեկը: Չնայած՝ միջոցառումը կրոնական ու սեռական ուղղվածություն չի ունեցել, այնուամենայնիվ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ նմանատիպ էլեկտրոնային երաժշտության միջոցառում գուցե և պետք չէր կազմակերպել:
Միջոցառման կազմակերպիչ, Ad libitum նախաձեռնության հիմնադիր Հայկ Մակիյանը կարծիք է հայտնել, որ ժամանակակից արվեստը, լինելով ոչ մասայական, ոչ հանրային, կարող է առաջացնել նաև վախ, սակայն բուհը ստեղծագործական, ստեղծարար-նորարարական տարածք է:
«Միջոցառման ֆորմատը պատրաստի ինչ-որ արդյունք չէ՝ ո՛չ ցուցահանդես է, ո՛չ ներկայացում, ո՛չ համերգ, այն կոնցեպտուալ, գաղափարական մի բան է, որ ենթադրում է մասնակցի գործոնը, արտիստը կատարողն է ու հենց այդ տեղն ու ժամանակն էլ արվեստի կոնցեպտն են կազմում: Իսկ արվեստի կոնցեպտը հետևյալն էր՝ խաղող են տրորում, ավանդական երաժշտություն է, գորգեր, հետո շարունակվում է էլեկտրոնային երաժշտություն»,- պատմեց Մակիյանը:
Նա նշեց, որ հասկանում է նաև ռեկտորի դիրքորոշումը. բուհի բարի համբավի վրա են անդրադառնում «ճոխացված փաստերով» տեղեկությունները: Հայկ Մակիյանն ասաց, որ հակված է մտածել՝ ստեղծագործական բուհում այլասերվածության հետ ոչ մի կապ չունեցող նորարարությունը և փորձարարությունը նույնիսկ պետք են:
«Կարող են ընդունել կամ չընդունել, բայց պետք է ճանաչեն դա, որ ուրիշ ոչ մի բանի հետ չխառնեն: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ էդ նույն կարծրատիպերով վաղը մեր հասարակության մշակութային ոլորտներում լինեն, ու էդ ամբողջ վախը տատարծվի: Պետք է բաց լինել, գիտակից, ամեն ինչ իմանալ, նոր դրանից հետո սիրել կամ չսիրել»,- ասաց Մակիյանը:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հարցում էր ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ պարզաբանելու, արդյոք միջոցառմանն իրո՞ք մասնակցել են «ԼԳԲՏ ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ», թե ոչ: Մեզ հետ զրուցում Աբովյանը նշեց, որ առայժմ ոչ մի պատասխան չի ստացել, իսկ հարցումը գրել է քաղաքացիներից ստացած 20-ից ավել բողոքների հիման վրա:
Հարցին՝ ինչն է, իր կարծիքով, սատանիզմը, ու սատանիզմի կոնկրետ ո՞ր ճյուղն է նրան հիշեցրել համերգում տեղի ունեցածը, պատգամավորին այդպես էլ հստակ չպատասխանեց։ Խնդրանքին՝ նշել, թե ինչ կոնկրետ սատանիստական երևույթներ կան տեսանյութում, Աբովյանն ասաց, որ հարցումն ուղարկել է քաղաքացիների խնդրանքով և լրատվամիջոցների հրապարակումների վրա հենվելով:
«Սատանիզմը քրիստոնեության հակառակ կողմն է: Կոպիտ ասած, կարելի է մտնել Վիքիպեդիա կարդալ, ևս երկար է… Սատանիզմն այն է, որ մարդիկ դավանում են սատանային և դավանում են բոլոր բացասականը՝ դաժանություն և այլն, և այլն: Թե սատանիզմի որ ճյուղի մասին է խոսքը՝ կխուսափեմ խոսել, որովհետև տեղեկությունը շատ քիչ է, սակայն պետք է հասկանալ, որ՝ կրթական օջախում և առհասարակ, այդպիսի գաղափարներ տարածելը վտանգ է ներկայացնում»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, ինքն ինչն է համարում սատանիստական քարոզ, Աբովյանը նշեց, որ երկար կստացվի, եթե լեկցիա կարդա, բայց կան դավանանքներ, որոնք ներկայացնելն ուղղակի հասարակական և բարոյական վտանգ է պարունակում:
«Այստեղ խնդիրն առաջին հերթին սատանիստների մասին է և տարատեսակ, այսպես կոչված միջոցառումների, որոնք կարող են հանրային վտանգ ներկայացնել»,- ասաց պատգամավորը: Աբովյանը նաև նշեց, որ բնավ չի պնդում, թե միջոցառումն իրոք տարածել է նման գաղափարներ, իսկ հարցումն ուղղվել է՝ հաշվի առնելով այս թեմայով տեղեկատվական հոսքը:
Սատանիստական միջոցառման կազմակերպչի համբավ ստացած Մակիյանն իրականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է․ սատանիզմ քարոզելու մեջ մեղադրելուց կամ կասկածելուց առաջ ոչ մի լրատվամիջոց կամ գործիչ չի ճշտել դա: