25 սեպտեմբերի 2019 - 18:56 AMT
ՀՈԴՎԱԾ
«Զգա՛ ձենը»
10 պատճառ՝ DZEN-ին ներկա գտնվելու
Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա արդեն ավանդական դարձած և աշնան ամենասպասված միջոցառումներից մեկը՝ DZEN-ը:

Սա կլինի Rambalkoshe-ի կազմակերպած այդ շարքի արդեն 4-րդ նման միջոցառումը, որը կրկին կմիավորի էլեկտրոնային երաժշտության, արվեստի, ակումբային կյանքի և ակտիվ ժամանցի սիրահարներին:

PanARMENIAN.Net – ն առանձնացրել է DZEN 0.4-ին գնալու 10 պատճառ բոլոր այն մարդկանց համար, ովքեր լսել են այդ միջոցառման մասին, բայց չգիտեն՝ ինչ է այդտեղ իրականում տեղի ունենալու:

Զգա՛ DZEN-ը

DZEN-ի գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն երկար ժամանակ մշակվում էր և հղկվում: Շարքի առաջին միջոցառումը տեղի ունեցավ 2018-ի սեպտեմբերին, և դրանից հետո DZEN-ը դարձավ հայաստանյան ակումբային կյանքի անբաժանելի մասը՝ միավորելով որակյալ էլեկտրոնային երաժշտությունը, պատկերային արվեստը, մարդկային շփումն ու հետաքրքիր ժամանցը: DZEN-ը՝ որպես գաղափար, դեռ շարունակում է զարգանալ:

Տժժացնող Milo Häfliger-ը

Շվեյցարացի Milo Häfliger-ը հայտնի է էլեկտրոնային երաժշտության սիրահարների շրջանում: Միլոյի առավելություններից այն է, որ նա կարողանում է ապահովել կայուն բարձր տրամադրություն, ռեյվերներից յուրաքանչյուրը կարող է վստահ լինել՝ կստանա էնդորֆինի իր չափաբաժինը:

Ո՞վ չգիտի Bonjour Ben-ին

Ո՞վ չգիտի գերմանացի երաժիշտ Bonjour Ben-ին: Ակումբային կյանքի սիրահարներից ոմանք անգամ եթե չհիշեն նրա անունը, ապա երաժշտի սեթերից գոնե մեկը հաստատ լսել են: Bonjour Ben-ը երկար ճանապարհ է անցել իր ոլորտում, հղկվել և դարձել է ոչ միայն բացառիկ երաժիշտ, այլև հոգեբան, ով միանգամից հասկանում է՝ ինչ է պետք իր ունկնդրին:

Rambalkoshe-ի արտիստները

Չորրորդ DZEN-ը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ բեմում կհավաքի Rambalkoshe ընտանիքի երեք հիմնական երաժիշտներին: Երեկոն կբացի Mimi-ն, ով տարերայնորեն մուտք է գործել ասպարեզ և արդեն հասցրել գրավել իր տեղը, նա էլ կստեղծի տրամադրությունը՝ «դիմավորելով» միջոցառման հյուրերին: Միջոցառման գրեթե վերջում բեմ կբարձրանա «ծանր հրետանին» ի դեմս Almo-ի, իսկ ամենադիմացկունների համար վերջում կնվագի Vahan-ը:

Հայֆիլմ՝ քաղաքից դուրս քաղաքի մեջ

Մինչ այս DZEN-ի միջոցառումներն այլ հասցեով են անցկացվել, բայց չորրորդի համար կազմակերպիչներն ընտրել են այլ վայր՝ «Հայֆիլմ» կինոստուդիան: Ընտրությունը պայմանավորված է նրանով, որ տարածքն արդեն հայտնի է ակումբասեր հասարակությանը, բայց շատերի համար դեռ մնում է չբացահայտված: Բացի այդ, կինոստուդիան թեև Երևանին կպած է՝ Աշտարակի խճուղու վրա, բայց բավականին կտրված է քաղաքային անցուդարձից, իսկ մոտակայքում չկան բնակելի շենքեր, ուստի որևէ մեկին խանգարելու հավանականությունը բացառվում է:

«ԱմենաԿարոյի» ցուցահանդեսը

DZEN-ը միշտ կարևորել է ձայնի և պատկերի ներդաշնակությունը: Եվ հերթական միջոցառումը բացառություն չէ: Այս անգամ ձայնը զուգորդվելու է PAN Photo-ի հայտնի լուսանկարիչ Կարո Սահակյանի ցուցահանդեսով: Բնանկարների վարպետ Կարոն դեռ վաղուց էր ուզում ցուցահանդես կազմակերպել, սա էլ լավ առիթ էր: Նախորդ DZEN-երին գրաֆիկական պատկերներ էին, սա կլինի առաջին անգամը, երբ ներկաները կտեսնեն լուսանկարներ:

«Եղիցի լույս»

Լուսային էֆեկտների տեսանկյունից այս DZEN-ը ևս բացառիկ է: Տարածքը լուսավորվելու է Proun շարժման արտիստների կողմից ստեղծած լուսային ինստալյացիաների միջոցով, որոնք՝ միավորվելով ձայնի հետ, ստեղծելու են լույսի և պատկերի ներդաշնակ ամբողջություն: Բացառիկ լուսավորումը ևս նպաստելու է տարածքի, ժամանակի և կատարվելիքի ճիշտ ընկալմանը:

Կեր-խմի-քեֆ արա

DZEN-ի նպատակն է մարդուն պարգևել հաճելի տպավորություններ բոլոր հնարավոր զգայարանների միջոցով, ուստի միջոցառումներին մեծ կարևորություն է տրվում որակյալ խմիչքին: Այս անգամ ևս բարը կներկայացնի Bacardi-ն, կլինի նաև օրվա տրամադրությունն արտացոլող հատուկ կոկտեյլ: Իսկ քանի որ միջոցառումը հեռու է սննդի օբյեկտներից, կազմակերպիչները մտածել են նաև հյուրերին քաղցած չթողնելու մասին, ուստի տեղադրվելու է սննդի կետ: Ի դեպ, բարում Idram Payment System-ի միջոցով վճարելիս՝ կգործի 30% քեշբեք։

«Երեխեքով տժժալու»

DZEN-ը եզակի ակումբային միջոցառումներից է, որտեղ կարևորվում է մարդկային շփումը: Կազմակերպիչներն առաջարկում են «տժժալու» կորպորատիվ և «ընկերական» փաթեթներ, ուստի գործընկերների և մտերիմների հետ գալը ոչ միայն ավելի ուրախ է, այլև ձեռնտու: 10 հոգուց սկսած խմբերի համար տոմսերը կարելի է գնել զեղչով: Բացի այդ գործում է տոմսերի երկփուլ վաճառք՝ նախավաճառք 5000 դրամով և միջոցառման օրը մուտքի մոտ՝ 8000 դրամով:

Մաքուր օդ

Միջոցառման տարածքում ծխելու արգելքը DZEN-ից անպակաս է: Եվ եթե առաջին միջոցառման ժամանակ ծխողներն այդքան էլ ոգևորված չէին դուրս գալ-ծխելու գաղափարից, ապա հետո դա վերածվեց բարի ավանդույթի, և հաջորդ միջոցառումներին մարդիկ մեծ հաճույքով ժամանակ էին անցկացնում ծխելու համար նախատեսված տարածքում՝ շփվելով ու նոր ծանոթություններ ձեռք բերելով: Այս DZEN-ին ևս ծխողների համար կլինի առանձին կոնցեպտուալ սենյակ՝ հետաքրքիր լուծումներով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net