Գեյմերներն անհանգստացած են նրանից, որ NFT-խաղերի թրենդը կարող է սպանել իսկական գեյմինգը, մյուսներն էլ համոզված են, որ դրանք ընդամենը ֆինանսական բուրգեր են։ Այդուհանդերձ, ոլորտն աճում է ահռելի տեմպերով, ու պետք է հասկանալ, ինչ սպասել։
Ի՞նչ են NFT-օբյեկտները
Մինչև NFT-խաղերի մասին խոսելն, անհրաժեշտ է անդրադառնալ ընդհանրապես NFT-օբյեկտներին: NFT-ն կամ non-fungible token-ը («անփոխարինելի տոկեն») իրենից ներկայացնում է թվային օբյեկտ, որն ունի ունիկալ թվային բնութագիր ապակենտրոնացված ռեեստրում՝ բլոքչեյնում: Նույն կերպ, ինչպես ֆիզիկական որևիցե օբյեկտի, օրինակ՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն գրանցվում համապատասխան ռեեստրում՝ անշարժ գույքի կադաստրում ու հաստատում տվյալ անձի իրավունքները անշարժ գույքի նկատմամբ, այնպես էլ NFT-օբյեկտի սեփականության իրավունքն է գրանցվում բլոքչեյնում: Դա նշանակում է, որ տվյալ NFT-օբյեկտը պատկանում է միայն ու միայն տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ինչը թույլ է տալիս նրան փոխանակել կամ վաճառել իր սեփականությունը կրիպտոարժույթի դիմաց: Ընդ որում, NFT կարող է լինել ցանկացած թվային օբյեկտ՝ պատկեր, տեսահոլովակ, gif-պատկեր, խաղային կերպար կամ վիրտուալ միջավայրի որևիցե հատված, օրինակ՝ հողատարածք: Պարզ օրինակ կարող է լինել թվային արվեստի գործը, որը գրանցվում է որպես NFT ու վաճառվում նույն կերպ, ինչպես աճուրդներում վաճառվում են իրական կտավները: Տարբերությունն այստեղ այն է, որ որպես NFT կարող է գրանցվել ու վաճառվել ցանկացած թվային օբյեկտ, իսկ նմանատիպ առևտուրն, ի տարբերություն նույն աճուրդների, հասանելի են բացառապես բոլոր մարդկանց, ովքեր ունեն համակարգիչ ու ինտերնետ:
Ի՞նչ են NFT-խաղերը
NFT-խաղերում տոկենները խաղային կերպարներն են, ավատարները, հազվադեպ հանդիպող զենքը, հանդերձանքը կամ ցանկացած ներխաղային օբյեկտ, որոնք խաղացողները կարող են փոխանակել միմյանց հետ, գնել ու վերավաճառել ոչ միայն տվյալ խաղում, այլև՝ այլ հարթակներում (ենթադրվում է, որ մետավերսերի հետագա զարգացումն ավելի լայն հնարավորություններ կտա դրա համար): Անհրաժեշտ է նշել, որ սովորական բազմաօգտատեր օնլայն խաղերում նույնպես հնարավոր է իրական գումարի դիմաց ձեռք բերել ներխաղային օբյեկտները կամ արժույթը, սակայն մեծամասամբ նման գործունեությունն արգելված է խաղի կանոններով ու արգելափակվում է հեղինակների կողմից:
Սքրինշոթ Axie Infinity խաղից
NFT-խաղերի դեպքում նման «բիզնես գործունեությունը» ոչ միայն արգելված չէ, այլև խաղային պրոցեսի կենտրոնական նպատակն է: Ընդ որում, տվյալ NFT-օբյեկտի արժեքն ուղղակիորեն կախված է դրա հազվագյուտ լինելուց, արտաքին տեսքից ու հատկություններից: Որոշ խաղեր թույլ են տալիս խաղացողին «զարգացնել» իր գնած ներխաղային կերպարին կամ կերպարներին ու հետո վաճառել ավելի բարձր արժեքով: Որքան անսովոր հատկություններ ունի կերպարը, որքան այն ունիկալ է, այնքան բարձր կլինի արժեքը:
Ինչպե՞ս են գումար վաստակում
NFT-խաղերում գումար վաստակելն ուղղակիորեն կախված է տվյալ խաղային պրոցեսից: Պետք է հիշել, որ նման խաղերն ավելի շուտ ներդրումային գործիք են, որոնք թույլ են տալիս գնել ակտիվը ու որոշ ժամանակ անց վաճառել այն ավելի բարձր գնով: Սակայն NFT-խաղերի դեպքում խաղացողները կարող են ոչ միայն խաղային պրոցեսի սկզբում գումար ներդնել ակտիվներ ձեռք բերելու համար, այլև սկսել զրոյից՝ առանց որևիցե ներդրման, որոշակի գործողություններ կատարելու միջոցով զարգացնելով իրենց ներխաղային կերպարին, որի արժեքը, զարգացման մակարդակի հետ մեկտեղ, աստիճանաբար աճելու է: Այդուհանդերձ, NFT-խաղերի ճնշող մեծամասնության դեպքում անհրաժեշտ է սկզբնական ներդրում՝ մեկնարկային տոկեններ ձեռք բերելու տեսքով, կլինի դա խաղացողի առաջին ավատարը, «ընտանի կենդանի», թե հողատարածք՝ ֆերմա կառուցելու համար:
Սքրինշոթ CryptoKitties խաղից
NFT-խաղերում հնարավոր է գումար վաստակել ոչ միայն ներխաղային կերպարներին, առարկաները կամ ավատարները վաճառելու միջոցով: Կան բազում Play-to-Earn խաղեր, որոնցում խաղացողները ֆինանսական պարգևներ են ստանում բուն խաղային պրոցեսի համար:
Ի՞նչ NFT-խաղեր կան
Ամենահայտնի NFT-խաղը Axie Infinity-ն է: Խաղը սկսելու համար անհրաժեշտ է գնել երեք «ընտանի կենդանի», որոնք կոչվում են Axie, հոգ տանել նրանց մասին, ու երբ նրանք բավարար հասունանան, պատերազմել մյուս խաղացողների հետ կամ տարատեսակ հանձնարարություններ կատարել: Հենց կռիվների ու հանձնարարությունների կատարման ընթացքում է խաղացողը ստանում Smooth Love Potion, որն իրենից ներկայացնում է ERC-20 տոկեն: Այն կարելի է վաճառել բորսայում կամ օգտագործել նոր Axie ձեռք բերելու համար: Յուրաքանչյուր Axie ունիկալ է, ունի իր «գենետիկ կոդը», որը ներառում է կերպարի ուժեղ ու թույլ կողմերն ու փոխանցվում նրա «սերունդներին»: Կերպարներին կարելի է վաճառել կամ ձեռք բերել խաղի ներքին շուկայում, իսկ արժեքը կախված է Axie-ի ունիկալ հատկություններից ու հազվագյուտ լինելուց:
Սքրինշոթ Gods Unchained քարտային խաղից
Ներդրումներ չպահանջող հայտնի NFT-խաղերից է CryptoKitties-ը՝ ստեղծված 2017թ-ին, որը հենց ժանրի հիմնադիրն է: Այստեղ խաղացողը զբաղվում է կատուներ բուծելով, գնելով ու վաճառելով:
Կա՞ արդյոք փողերը կորցնելու վտանգ
Ինչպես ցանկացած ֆինանսական գործունեություն, NFT-խաղերը նույնպես պարունակում են նման վտանգ: Որոշ գեյմերներ կարծում են, որ NFT-խաղերն ուղղակի ֆինանսական բուրգեր են՝ միամիտ մարդկանցից գումարներ շորթելու համար, սակայն, ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ նույնպես կան թե ազնիվ մոտեցմամբ նախագծեր, ու թե ակնհայտ մեքենայություններ: Օրինակ, Squid Game NFT-խաղի ստեղծողները գեյմերներից հավաքել էին մի քանի միլիոն դոլար ու անհետացել: Դրա համար անհրաժեշտ է շատ զգույշ լինել NFT-խաղերի ընտրության հարցում, սկսել խաղերից, որոնք նախնական ներդրում չեն պահանջում կամ շատ պոպուլյար, մեծ համայնքով, NFT-տոկենների զարգացած համակարգով խաղերից: Այստեղ ամեն ինչ կախված է կրիպտոարժույթից, որը կիրառում է տվյալ ընկերությունը, իրավունքների ամբողջականությունից, որը տրամադրում է տոկենի ստեղծողն ու NFT-բորսան: Հետևաբար, NFT-խաղերը կարող են լինել ինչպես գումար աշխատելու լրիվ արդարացված միջոց, այնպես էլ մեքենայություն, ամեն ինչ կախված է խաղից: