19 մայիսի 2022 - 15:28 AMT
ՀՈԴՎԱԾ
Միջազգային տրիբունալից մինչև օրգանների օրինական առևտուր
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
2019-ին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ պատրաստ է մահից հետո իր օրգանները տրամադրել մեկին, ով դրա կարիքը կունենա: Թորոսյանն առաջարկում էր կանոնակարգել դիակային փոխպատվաստման գործընթացը:

Այս միտքը շատ արագ լռեցվեց՝ հանրային դժգոհության աճող ալիքի ֆոնին: Զուգահեռ իրականության մեջ Շվեյցարիայում օրեր առաջ հանրաքվե են անցկացրել, ինչի արդյունքում մարդկանց 60 տոկոսը կողմ է քվեարկել «համաձայնության կանխավարկածի» համակարգին: Այսինքն, չափահաս մարդու մահից հետո նրա օրգանները կարող են վերցնել, եթե գրավոր անհամաձայնություն չկա:

Pan-ը պատմում է օրենքի նրբությունների, աշխարհում տարածված պրակտիկայի և գումար վաստակող դոնորների մասին:

Նախ՝ Շվեյցարիա: Մինչև օրենքի այս փոփոխությունը մահացած մարդիկ կարող էին դոնոր դառնալ, եթե կենդանության օրոք գրավոր համաձայնություն էին տվել: Շատ հաճախ մարդիկ ո՛չ իրենց համաձայնությունն են արտահայտում, ո՛չ էլ անհամաձայնությունը և որոշում կայացնողները հանգուցյալի հարազատներն են դառնում: Եվ ինչպես փորձը ցույց է տալիս, հարազատները հիմնականում դեմ են լինում: Եվ հենց այս պատճառով Շվեյցարիայում օրգանի փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց երկար հերթեր են գոյացել: 2021-ի ավարտին Շվեյցարիայում 1400-ից ավելի մարդ սպասում էր իր հերթին, որոնցից 72-ն այդպես էլ դոնոր չգտնելով մահացել է:

Օրգանների փոխպատվաստումը 20-րդ դարի լավագույն բժշկական ձեռքբերումներից է: Փոխպատվաստման կարիք ունեցողների թիվն աշխարհում ավելանում է, բայց դոնորների թիվը նույն տեմպերով չի աճում: Այս թեման հակասական տրամադրություններ է ստեղծում գրեթե բոլոր երկրներում: Պատճառները շատ են՝ իրավական, կրոնական, բժշկական, նաև էթիկական: Եվրամիությունն օրինակ, անդամ երկրների համար ընդհանուր և պարտադիր օրենք այս մասով չունի: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ սցենարով է առաջնորդվելու: Միայն 2018-ին Եվրոպայում փոխպատվաստման սպասող մարդկանց թիվը անցել էր 150 հազարը: Սա այն դեպքում, որ 2008-ից 2015 թվականներին դոնորների թիվը ԵՄ-ում մոտ 21 տոկոսով աճել էր: Հարցումներն էլ ցույց էին տվել, որ մարդկանց 55 տոկոսը դեմ չէ, որ մահից հետո իր օրգանները օգտագործեն փոխպատվաստման համար: ԵՄ տարածքում ամենահաճախ փոխպատվաստված օրգանը երիկամն է: Հաջորդում են լյարդը, սիրտը և թոքերը:

Անցնենք աշխարհի թվերին: 2020-ին փոխպատվաստման կարիք ուներ 130 հազար մարդ: Իսպանիան, Պորտուգալիան և Միացյալ Նահանգները մահացած դոնորների ամենաբարձր ցուցանիշն ունեն աշխարհում: ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում դոնորների թիվն ավելացնելու և մարդկանց մոտիվացնելու համար պետական աշխատողներին վճարովի արձակուրդ են խոստանում, եթե նրանք կամավոր կերպով դոնոր դառնան: Չնայած սրան, միայն ԱՄՆ-ում փոխպատվաստման է սպասում 107 հազար մարդ:

Իսպանիան արդեն 24 տարի աշխարհում լավագույն արդյունքներն է ցույց տալիս: Եթե Շվեյցարիայում «համաձայնության կանխավարկածը» նորություն է, ապա Իսպանիայում այս մեթոդով են շարժվում արդեն վաղուց: Այսինքն, բոլոր քաղաքացիները համարվում են պոտենցիալ դոնորներ, եթե համապատասխան ընթացակարգով կենդանության օրոք հակառակի մասին չեն հայտնում: Այստեղ ևս, վերջնական որոշումը մահացածի հարազատներինն է, բայց քանի որ փոխպատվաստման կարևորության մասին Իսպանիայում իրազեկվածության մակարդակը բարձր է, հարազատների մերժման դեպքերը համեմատաբար քիչ են՝ շուրջ 15 տոկոս:

Եվրոպական մոդելը, որտեղ հատուկ ուշադրություն են դարձնում մարդկանց իրազեկվածության մակարդակին, այլ երկրներում նույնքան հաջողված չէ: Բրազիլիայում օրինակ, «համաձայնության կանխավարկածի» մոդելը սկսեցին կիրառել 1997-ին, բայց ընդամենը ութ տարի անց ստիպված էին հրաժարվել դրանից: Առաջին և գլխավոր պատճառը հանրության շրջանում անվստահության աննախադեպ մակարդակն էր: Բողոքի ալիքը տարածվում էր մեծ արագությամբ և առաջին հերթին մարդիկ վախենում էին, որոնց իրենց օրգանները կարող են հեռացնել, նախքան իրենց կլինիկական մահը գրանցելը:

Այս առումով ամենադաժան պատկերը Չինաստանում է: Դեռ 2014-ին գործը հասել էր միջազգային տրիբունալ: Չինաստանի կառավարությանը մեղադրում էին դատապարտյալների օրգանները առանց նրանց կամ հարազատների թույլտվության օգտագործելու մեջ: 2005-ին երկրի առողջապահության փոխնախարարը նույնիսկ հաստատել էր, որ փոխպատվաստման համար օգտագործվող օրգանների 95 տոկոսը դատապարտյալներին էին: Կան նաև տվյալներ, որ Չինաստանը հատուկ բժիշկների է ներգրավել. Որոնք հեռացրել են դատապարտյալների օրգանները նույնիսկ երբ նրանք դեռ ողջ էին:

Մի օրինակ էլ՝ մեր հարևաններից: Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ երիկամների փոխպատվաստման «առևտուրն» օրինական է: Կառավարությունը պնդում է, որ հենց սա է օգնել վերջ դնել 1999-ից ձգվող փոխպատվասումների սպասող երկար հերթերը: Երիկամի կարիք ունեցող մարդը դիմում է փոխպատվաստման հարցերով զբաղվող ասոցիացիային, որն էլ իր հերթին նրանց համապատասխան դոնոր է գտնում: Իրենց «ծառայությունների» համար դոնորները վարձատրվում են՝ 1200 դոլար պետության կողմից, 2000-4500 դոլար էլ ռեցիպիենտի կողմից: Հիվանդանոցի բոլոր ծախսերը հոգում է պետությունը:

Եվ՝ Հայաստան: 2002-ին ընդունված «մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածը նշում էր, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ կարող են վերցնել միայն այն դեպքում, եթե այդ մարդը կենդանության օրոք գրավոր համաձայնություն է տվել: 2009-ին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 7-րդ հոդվածը վերաշարադրվել է: Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձը կենդանության օրոք գրավոր անհամաձայնություն է ներկայացրել: Եթե չի հրաժարվել, ապա կարող է համարվել դոնոր: Մի նրբություն կա. Դիակից փոխպատվաստման նպատակով օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն հարազատների համաձայնությամբ:

Նանե Մանուկյան