«Մենք ծրագրում ենք էլեկտրականություն արտահանել Եվրոպա և դրա համար ուզում ենք սկսել Զանգեզուրի միջանցքի գործարկումը: Այն կարող է արտահանման կարևոր ուղի դառնալ ոչ միայն բեռների, այլև էլեկտրաէներգիայի համար», – ասել է Ալիևը։
Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը ստիպված է եվրոպացիներին վստահեցնել, թե իր երկիրն ունի գազի այն հսկայական պաշարը, որն ակնկալում են իրենից։ Որովհետև, ինչպես պարզվում է, այս պահին կան արտահանման խնդիրներ։ Նրա նշած տվյալով՝ 2021-ին Ադրբեջանն արտահանել է 22 մլրդ խ/մ գազ, այս տարեվերջին արտահանված գազի ծավալը 2 միլիարդով ավելի կլինի: Ալիևը վստահեցնում է, թե կարող է ավելին․ «Մեր գազային պոտենցիալը չի սահմանափակվում միայն Շահդենիզ հանքավայրով: Շատ հեռանկարային այլ հանքավայրեր էլ ունենք: Եկող տարի դրանցից մի քանիսում կսկսենք արդյունահանումը»:
«Հատկապես հիմա, երբ ադրբեջանական գազի պահանջարկը հսկայական է, ինչպես երբեք, մենք հաշվի ենք առնում դա և փորձում ենք աջակցել այն երկրներին, որոնք տարբեր պատճառներով բախվել են դժվարությունների», – ասել է Ալիևը։
Խուսափելով ուղիղ նշել՝ նա ակնարկել է, որ ծրագրում է վերցնել Ռուսաստանի տեղը գազային շուկայում, երբ Ուկրաինայում պատերազմի պատճառով Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից՝ նայելով Ադրբեջանին:
Այստեղ սկսվում են բայցերը: Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական գազին նայող եվրոպացիները պետք է հասկանան, որ 1 տարում հնարավոր չէ այդ հսկայական ծավալով գազն արդյունահանել ու հասցնել նրանց․ «Դրա համար մեզ պետք են պայմանագրեր, պետք է արագ բանակցություններ սկսենք, պետք է ընդլայնենք մեր ենթակառուցվածքները, ինչը ծրագրում էինք անել առաջիկա տարիների ընթացքում»:
Այնպես որ, Ադրբեջանի նախագահը պահը հարմար է համարում փող պահանջելու համար՝ հայտարարելով, որ Ադրբեջանը միայնակ չի կարողանա կառուցել՝ գազի անհրաժեշտ ծավալը Եվրոպա հասցնելու ենթակառուցվածքները, պետք են հսկայական ներդրումներ: