30 հունիսի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԲԱՔՈՒՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ԾԱԽՎԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողը կոչ է անում ադրբեջանցիներին թողնել Եվրոպայի խորհուրդը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նիստն ավարտված է: Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները, վերջապես, Ղարաբաղի հարցերով զեկուցող նշանակեցին, որը դարձավ ԵԽԽՎ-ի սոցիալիստական ֆրակցիայի առաջնորդ, բրիտանական պատվիրակության ղեկավար Թերրի Դեվիսը: Զեկուցողի նշանակումն անցավ առանց արտառոց դեպքերի, որը չի կարելի ասել փախստականների հետ կապված իրավիճակի զեկույցի լսումների եւ Ադրբեջանի մասին զեկուցողի ելույթի հետեւանքների մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները, դժգոհ մնալով զեկույցի բովանդակությունից եւ ելույթից, մինչ այդ երբեւէ տեղի չունեցած սկանդալ բարձրացրին: Բանն հասավ նրան, որ ադրբեջանական պատվիրակությունը դիմեց ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերին Ադրբեջանի գծով զեկուցող, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, շվեյցարական պատգամավոր Անդրեաս րոսսի դեմ բողոքով, որը մեղադրվեց ադրբեջանաֆոբիայի մեջ: Աննախադեպ իրադրություն է: Եվրախորհրդի պատմության մեջ առաջին անգամ ոչ թե զեկուցողն է մեղադրանքներ ներկայացնում իր պարտականությունները չկատարած երկրին, այլ ընդհակառակը` պարտականությունների իրականացումը ձախողած երկիրը` զեկուցողին:
Բաքվում րոսսի դեմ մեղադրանքների հիմքեր էին սկսել նախապատրաստել դեռեւս ԵԽԽՎ-ի ամառային նիստից առաջ, երբ դեռ հայտնի չէին ո'չ զեկույցի տեքստը, ո'չ առաջիկա ելույթի բովանդակությունը: Հունիսի տասին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւն թույլ տվեց իրեն մեղադրել զեկուցողին: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահի որդին հայտարարեց, որ Անդրեաս րոսսը բացահայտ հայամետ դիրք է որդեգրել եւ առանձնանում է իր` Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ: Ալիեւի գաղափարը պաշտպանեց պատվիրակությունում նրա տեղակալ, միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը: Նա հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդում գործում է ուժեղ հայկական լոբբի: Համաձայն զառանցանքային տարբերակի, որով զինվել է ադրբեջանական քարոզարշավը, հենց ամենուր գոյություն ունեցող հայկական լոբբիստներն են մեղավոր, որ փախստականների իրավիճակի մասին զեկույցում տեղ են գտել Ադրբեջանի հանդեպ կտրուկ քննադատություններ պարունակող դրույթներ, իսկ րոսսի ելույթի տեքստում շեշտվում է քաղբանտարկյալների հետ կապված պաշտոնական Բաքվի պարտականությունների իրականացման գործում առաջխաղացման բացակայության փաստը: Այս իրադրությունում տեղին է հիշել ռուսական երկու ասացվածք. հայելու մասին, որի վրա զայրանում են ծուռ դեմք ունեցողները եւ վատ պարողի մասին, որին խանգարում են մարմնի որոշակի մասերը:

Ին՞չն, այնուամենայնիվ, ադրբեջանցիներին դուր չեկավ զեկույցում եւ րոսսի ելույթում: Իլհամ Ալիեւի սրտով չէր, մասնավորապես, այն, որ ԵԽԽՎ-ն ձգտում է ներկայացնել փախստականների խնդիրներին առնչվող իրական պատկերը: Զեկույցի հեղինակները մատնացույց էին անում այն, որ Ադրբեջանն իր հայեցողությամբ խաղարկում է փախստականների թվաքանակը: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում ոչ թե միլիոն փախստական կա, ինչպես պաշտոնական Բաքուն է մատուցում , այլ` երկու անգամ քիչ: Եվրոպական փորձագետների այս նշումը մեկնաբանելով` Ալիեւը զեկույցն անվանել է միտումնավոր եւ Եվրոպայի Խորհրդին մեղադրել երկակի չափանիշների քաղաքականություն վարելու մեջ: Ադրբեջանական օրենսդիրների մոտ առավել մեծ զարմանք է առաջացրեց մեկ ամիս առաջ Նարդարան ավանում տեղի ունեցած իրադարձություններին տրված գնահատականը, որտեղ ոստիկանությունը գնդակահարել էր խաղաղ ցույցի ելած քաղաքացիներին, որոնք բողոքում էին իրենց սոցիալական կարիքների հանդեպ կենտրոնի ցուցաբերած անուշադրության դեմ: «րոսսն իր զրպարտչական ելույթում խեղաթյուրել է մինչեւ վերջ չուսումնասիրված փաստերը եւ հասարակական-քաղաքական կայունության խաթարման դեմ ուղղված ակցիան ներկայացրել է որպես ժողովրդավարության ճնշման վկայություն»,- պնդում են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները: Եվրախորհրդի ղեկավարությանն ուղղված բողոքում խոսվում է նաեւ այն մասին, թե իբր Անդրեաս րոսսին «Ադրբեջանի հանդեպ ծայրահեղ անհանդուրժողական դիրք է գրավել եւ Ադրբեջանում կատարվող ամեն ինչ տեսնում է միայն բացասական լույսի ներքո»: Միլի մեջլիսի ներկայացուցիչները սրանով էլ բացատրեցին զեկուցողի հետ հետագա հարաբերություններ չունենալու իրենց հրաժարականը: Բաքվի պատվիրակները համառորեն պահանջում են րոսսին հեռացնել Ադրբեջանի գծով մոնիտորինգի խմբից:


Ինքը` րոսսը, խորապես համոզված է, որ ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությունը «ոչ մի արդյունք չի ունենա»: Նրա խոսքերով «փոփոխությունն անհնար է»: Ինչ վերաբերում է զեկուցողի գործողություններից պաշտոնական Բաքվի դժգոհության պատճառներին, րոսսը դեռեւս մեկ ամիս առաջ հստակորեն արտահայտվել էր այդ թեմայով. «Ես բարձրաձայն ասում եմ այն մասին, ինչ տեսնում եմ, եւ դա ինչ-որ մեկին դուր չի գալիս»: Այս անգամ նա առավել կոշտ արտահայտվեց. «Ես ժողովրդավար եմ: Եթե նրանք ցանկանում են ազատվել ժողովրդավարներից, ապա պետք է լքեն Եվրոպայի խորհուրդը»,- հայտարարել է զեկուցողը: րոսսն իր ադրբեջանական գործընկերներին վստահեցրել է, որ այսուհետ էլ շարունակելու է «խոսել այն մասին, ինչ մինչ այժմ ասել է»: Զեկուցողը վստահ է, որ բողոքի տակ ստորագրած պատգամավորները միանգամայն գիտակցում են իրենց մեղադրանքների անհիմն լինելը, բայց ստիպված են կոնֆրոնտացիայի գնալ, քանի որ դա են պահանջում ալիեւյան ռեժիմի շահերը: Բողոքի այս դեպքը, րոսսի խոսքերով, լավագույն ձեւով ցույց է տալիս, թե «Ադրբեջանի խորհրդարանը որքան քիչ է կախված ընտրություններից»: Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի մասին վկայում է նաեւ րոսսի մեկ այլ նկատառում: «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ոչ կառուցողական է անվանել Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար օգոստոսի 24-ին անցկացվելիք հանրաքվեի մասին նախագահի հրամանագիրը եւ նշել է, որ երրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնին ճահճանալու Հեյդար Ալիեւի մտադրություններն օրենքի սահմաններում չեն տեղավորվում: Զեկուցողի այդ արտահայտությունները մեկնաբանելով` Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ նա չի ճանաչում եւ չի էլ ուզում ճանաչել ոչ մի րոսսի:

Հիշեցնենք, որ նախկինում էլ Ադրբեջանի ղեկավարները բողոքել են ԵԽԽՎ-ի այլ անդամների դեմ: Հարձակման թիրախ են եղել նաեւ եւ' Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով հանձնաժողովի անդամ Ժորժ Կլեյֆարտը, եւ' Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Այժմ կողմնակալության մեջ է մեղադրվում Անդրեաս րոսսը: Կասկած չկա, որ ադրբեջանական խորհրդարանականների մտադրությունը հաջողությամբ չի պսակվի: Բայց ի՞նչ կլիներ, եթե, ասենք, րոսսն ինքը հրաժարվեր իր պարտականություններից: Այս հարցին ադրբեջանական իրավապաշտպան Սաիդա ոջամանլին տալիս է կոնկրետ պատասխան. «Ով էլ, որ լինի զեկուցողը, Ադրբեջանում իրադրության մասին արձագանքը միանման կլինի»: «ԵԽԽՎ-ի կամայական այլ պատգամավոր Ադրբեջանում կտեսնի նույնի, ինչ` րոսսը»,- կարծում է իրավապաշտպանը: