25 հուլիսի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է
Ադրբեջանում հայկական ծագում ունենալը բավարար է վանդակների ետեւում հայտնվելու համար
Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:
ԵԽԽՎ-ի փորձագետների պատրաստած Ադրբեջանական բանտերում անօրինականորեն պահվող երեք հարյուր քաղբանտարկյալների ցուցակում ներառված է ոմն Ֆաինա Կունգուրովայի անունը: Հայտնի է, որ նա հայակակն արմատներ ունի: Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության անդամ Կունգուրովան հակապետական գործունեության մեղադրանքով օրերս դատապարտվել է երեք տարի ազատազրկման: Նրա հակապետական գործունեությունը պատճառաբանվում է միայն նրանով, որ վերջերս նա մասնակիցն է եղել ընդդիմության ցույցին: ԵԽԽՎ-ի մոնիտորինգի կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսսը հավաստում է, որ Կունգուրովան ձերբակալվել է «Դեմոկրատական կուսակցության ակտիվիստներից լինելու պատճառով», այսինքն` համոզմունքների համար: Սակայն, ակնհայտ է, որ հենց ծագումն է եղել պատճառը, որ Կունգուրովային ոչ ոք չի պաշտպանել:

Դեմոկրատական կուսակցության ակցիաներին մասնակցում են հազարավոր մարդիկ, սակայն հատկանշական է, որ ձերբակալում են միայն ծագումով հայուհուն, որն, իդեպ, ցույցի ընթացքում չի առանձնացել իր ակտիվությամբ: Ոստիկանությունը ձերբակալությունների բավարար քանակ ապահովելու` ղեկավարության հրամանը կատարելու առավել պարզ միջոց է գտել: Հաշվարկը հասկանալի է` ոչ ոք հանդես չի գա ի պաշտպանություն հայուհու: Հայերի պաշտպանի անուն ձեռք բերելու վտանգը ադրբեջանցի ամենախիզախ իրավապաշտպանի բերանը նույնիսկ կփակի:

«Ես նոր անհանգստացնող փաստեր իմացա: Կալանավայրում Կունգուրովային ծեծում են մյուս բանտարկյալները»,- հաստատում է Գրոսսը: Շվեյցարական պատգամավորի խոսքերով, «մտերիմները չեն ցանականում նրա հետ կապ պահպանել»: ֆաինայի հայկական արմատները հաշվի առնելով` նրա հետ շփումներից խուսափում են նաեւ ամուսինը եւ նրա ազգականները: Բերված փաստերը ավելի քան պարզ են ներկայացնում այն հայերի անպաշտպանության աստիճանը, որոնք նախընտրել են ձուլումը փախուստից: Ժամանակակից Ադրբեջանում իսլամի ընդունման եւ իրենց ծագումնաբանությունը ամբողջովին մոռանալու պատրաստակամությունը քաղաքացիների նույնիսկ տարրական իրավունքների պահպանման երաշխիքը չէ: