18 նոյեմբերի 2002 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՔՎՈՏԱՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ
Սովորական սպառազինումների սահմանափակման մասին պայմանագիրն իմաստազրկում է Ադրբեջանի սկսած սպառազինման մրցավազքը:
Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի քայլ, որով աշխարհին ցուցադրում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի պատրաստակամությունը: Հեյդար Ալիեւը որոշել է զգալիորեն մեծացնել բանակի ֆինանսավորումը: Հաջորդ տարի պետական բյուջեում 12 տոկոսով կաճեն զինված ուժերի պահպանման համար նախատեսվող ծախսերը եւ կկազմեն մոտ 140 միլիոն դոլար: Շարունակելով մոտեցող պատերազմի մտապատրանքը ձեւավորել հանրության մեջ, Բաքվի իշխանավորները շեղում են ժողովրդի ուշադրությունը ծանր սոցիալական խնդիրներից:
Երեւանում նույնպես աճել են բանակին ուղղված ծախսերը: 2003 թ.-ին Հայաստանի զինված ուժերի բյուջետային ծախսերը այս տարվա համեմատ կավելանան հինգ տոկոսով եւ կհասնեն մինչեւ 77 միլիոն դոլարի: Այսպիսով, Ադրբեջանում պաշտպանության համար ծախսվում է մոտ երկու անգամ ավելի, քան Հայաստանում: (Նշենք, որ խոսքը միայն Հայաստանի մասին է: Միեւնույն ժամանակ Ղարաբաղն ունի սեփական զինվորական բյուջեն): Ադրբեջանում թվերի այս տարբերությունը հակված են ներկայացնել որպես Երեւանի հանդեպ Բաքվի տնտեսական առավելության արդյունք, որն, իբրեւ թե, իվիճակի չէ անհրաժեշտ միջոցները հատկացնել բանակին: Ներքոշարադրյալ թվերն հստակորեն ցույց են տալիս նման պնդումների անհիմնավորվածությունը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ Ադրբեջանը ռազմական նպատակներով ծախսում է համախառն արտադրանքի 2,8 տոկոսը, այն դեպքում, երբ Հայաստանը ծախսում է միայն 0,9 տոկոսը: Հաջորդ տարի պաշտպանության ծախսերն Ադրբեջանում կկազմեն բյուջեի ծախսի շուրջ 10 տոկոսը, իսկ Հայաստանում` միայն վեց տոկոսը: Սա նշանակում է, որ պաշտոնական Երեւանը, վստահ լինելով բանակի պատրաստվածության վրա, իմաստ չի տեսնում չափազանց ռազմականացնել տնտեսությունը այլ կարեւոր ոլորտների հաշվին, մասնավորապես ` սոցիալականի:
Իսկ Բաքվի ղեկավարները սովորույթ են դարձրել սովից մեռնող փախստականների վրա աչք փակել: Փողերը, որոնք կարող էին օգտագործվել բնակավայրեր կառուցելու համար, Հեյդար Ալիեւը նախընտրում է ծախսել ռազմական պոտենցիալի աճեցման վրա, այն հաշվարկով, որ Հայաստանը նույնպես ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը` զգուշանալով ղարաբաղյան հակամարտության գոտում հավասարակշռությունը չխախտելուց: Ալիեւի խորհրդականների կարծիքով, տանուլ կտա նա, ով առաջինը կանգ կառնի: Բաքվում ենթադրում են, որ Հայաստանին ստիպելով առավելագույն միջոցները ծախսել պաշտպանության վրա, Ադրբեջանը կկարողանա հասցնել նրան տնտեսական ճգնաժամի: Սակայն, միեւնույն ժամանակ նրանց չի հետաքրքրում հենց Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչով է հիմնավորված «ծայրահեղ իրադրություններում գոյատեւելու»` կողմերի կարողությունների մասին եզրակացությունը: 1994 թ.-ին, չնայած շրջափակմանը, էներգետիկ ճգնաժամին, երկրաշարժի հետեւանքներին եւ մարդկային ռեսուրսների սակավությանը, հայերը հաղթեցին պատերազմում: Կարծես թե Բաքվում սկսում են այս մասին մոռանալ...
Բացարձակ թվերի մեջ առավելություն ունենալու անուրջները շեղել են ադրբեջանական վերլուծաբաններին: Նրանք նույնիսկ դադարել են գիտակցել, որ որոշակի սահմանից հետո սպառազինման մրցավազքը լրիվ անիմաստ կդառնա: Չէ որ պարզապես իրական չէ հավերժ մեծացնել ռազմական պոտենցիալը, քանի որ այդ գործընթացին ուշադիր հետեւում են օտարերկրյա փորձագետները:
Կովկասյան պետությունների զինապահեստները խստորեն սահմանափակված են եւ կարգավորվում են «Եվրոպայում սովորական սպառազինումների մասին» պայմանագրով: Հայաստանի եւ Ադրբեջանի համար նախատեսված քվոտաները նույնն են: Երկու կողմերին էլ թույլատրված է ունենալ 285-ից ոչ ավել հրատանային սարքավորումներ, 220 տանկ, 220 զրահամեքենա, 100 ռազմական ինքնաթիռ եւ 50 ուղղաթիռ: Ադրբեջանը գրեթե լրացրել է թույլատրված քանակը: Որոշ տեղերում հակառակորդից առաջ անցած Հայաստանը նույնպես շուտով ստիպված կլինի կանգ առնել: Իսկ Ղարաբաղի բանակի պարունակության մասին միջազգային փորձագետներին ոչինչ հայտնի չէ: Պայմանագրում նույնպես ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հրթիռ եւ գնդացիր պետք է ունենա չճանաչված պետությունը: Հենց այստեղ էլ պաշտոնական Բաքուն ամենամեծ խնդրի առաջ է կանգնում...
Սպառազինման վերահսկման ամերիկյան գերատեսչության տվյալներով, վերջին ինը տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է ավելի քան 46 տոկոսով: Հայաստանի այդ ցուցանիշն առավել համեստ է: Սակայն պետք է նկատի ունենալ այն փաստը, որ Հայաստանի զինված ուժերի ռազմական պատրաստվածությանն ուղղված ծախսերը բյուջեով չեն սահմանափակվում: Բանակի ֆինանսավորման ծավալները ներկայացնող թվերը մեկնաբանելով` Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «գոյություն ունեն ֆինանսավորման այլ աղբյուրներ»: «Մենք ունենք գործընկերներ, որոնց հետ ռազմական համագործակցության եւ ռազմա-տեխնիկական օգնության համապատասխան պայմանագրեր են կնքել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նախարարը որպես օրինակ ներկայացրել է երկու գաղտնի պայմանագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի փոխվարչապետ Միխայիլ Կասյանովի վերջերս Երեւան այցի ժամանակ: Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրել է, որ հայկական սփյուռքը «որոշակի օգնություն է տրամադրում կոնկրետ պետական ծրագրերի միջոցով, այդ թվում եւ` պաշտպանությանն ուղղված»:
Այսպիսով, ակնհայտ է, որ մոտակա տարիներին դժվար թե Բաքվին հաջողվի իր օգտին փոխել ուժերի հավասարակշռությունը: Ադրբեջանի համար բավականաչափ դժվար կլինի սպառազինման մրցավազքում գերազանցել Հայաստանին: