9 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
«ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈւՄ ԱԴՐԲԵՋԱՆՈւՄ»
- հավաստում է Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղարը:
Ադրբեջանում սրվում է կրոնական փոքրամասնության հանդեպ ճնշումը: Վերջերս իշխանություններն արգելել են բապտիկական եկեղեցու գործունեությունը երկրի տարածքում: Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղար Դենտոն Լոցը, անհանգստանալով իր համակրոնավորների հանդեպ ստեղծված իրադրությամբ, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուերին եւ Վաշինգտոնի վարչակազմի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նամակում նա կոչ է արել նրանց միջամտել եւ դադարեցնել ճնշումներն այն մարդկանց նկատմամբ, որոնց կրոնը Ադրբեջանի համար սովորական չէ:
Աշխարհի բոլոր բապտիստների հոգեւոր առաջնորդը Միացյալ նահանգների քաղաքական իշխանությանը խնդրում է Հեյդար Ալիեւի վրա ներգործել` ստիպելով նրան հրաժարվել կրոնական փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականությունից: «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահի հետ Ձեր զրույցն օգտակար կլինի եւ թեթեւություն կբերի տառապող բապտիստներին»,- ասվում է դիմումի մեջ: ՀԲՄ գլխավոր քարտուղարը Ջորջ Բուշի ուշադրությանն է ներկայացնում այն փաստը, որ ադրբեջանական բապտիստների առաջնորդը տնային կալանքի է ենթարկվել: Ամերիկյան ղեկավարին Դենտոն Լոցը կոչ է անում չփակել աչքերը «Ադրբեջանում քրիստոնյա փաքրամասնության հետապնդումների» փաստի վրա:

ԱՄՆ-ի նախագահին ուղղված Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղարի դիմումը եւս մեկ ապացույցն է նրա, որ գնալով ավելանում է միջազգային արձագանքը` կապված ադրբեջանական իշխանությունների կողմից քրիստոնյաների հետապնդումների հետ: Վերջերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ժողովրդավարության եւ խոսքի ազատության բյուրոն տարածել է մի փաստաթուղթ, որտեղ հավաստվում է, որ Ադրբեջանում գրանցվել են «ոչավանդական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալման եւ հետապնդման փաստեր»: Կրոնի ազատությանն առնչվող հաշվետվության մեջ խոսվում է միսիոներական խմբավորումների եւ եվանգելիստների հանդեպ Ադրբեջանում տիրող թշնամական վերաբերմունքի մասին: Այստեղ եւ պնդվում է, որ «այլ կրոն ընդունած մուսուլմանները խիստ քննադատվում են»: Սա վերաբերում է, մասնավորապես, բապտիստներին, որոնց թվում քիչ չեն նաեւ էթնիկ ադրբեջանցիները: Փաստաթղթում նշվում է, որ բապտիստներն առավել անպաշտպան կրոնական ուղղություններից մեկն են:

Պետդեպարտամենտի փորձագետների տվյալներով, Ադրբեջանում ոչավանդական կրոնական միավորումների առաջնորդների հանդեպ ճնշումներ են գործադրում ուժային կառույցները: (Այս երկրում ոչավանդական են համարվում կաթոլիկների, լյութերների, բապտիստների, մալականների, ադվենտիստների, եվանգելիստների եւ այլ կրոնական խմբավորումները): Հաշվետվության մեջ բերվում են փաստեր, որ ոստիկանությունը շարունակաբար հարցաքննության է կանչում քրիստյա կրոնական կազմակերպությունների անդամներին: Հատուկ ծառայությունների ուշադրության տակ են բոլոր նրանք, ովքեր հարում են կրոնական այյլ ուղղվածությունների, բացի իսլամից, ուղղափառությունից եւ հուդաիզմից: (Այս երեք կրոններն Ադրբեջանի իշխանությունները համարում են ավանդական): Փաստաթղթում պատմվում է մի դեպքի մասին, երբ իրավապահ մարմինների աշխատակիցն ազատվել է աշխատանքից միայն այն պատճառով, որ մասնակցել է քրիստոնեական միջոցառման:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության հաշվետվության մեջ ընդգծվում է, որ կրոնական կազմակերպությունների հարցերով զբաղվող պետական կոմիտեն, որը ստեղծված է պաշտպանելու բոլոր հավատացյալների իրավունքները, իրականում չի խոչընդոտում կրոնական փոքրամասնություններին հետապնդող իշխանավորների գործողություններին: Թվարկվում են ոչավանդական քրիստոնեական ուղղվածությունների հանդեպ հետապնդումների եւ խտրականությունների կոնկրետ փաստեր: Մասնավորապես, նման դեպքեր գրանցվել են Բաքվում, Գյանջայում, Սումգաիթում, Խաչմազեում, Իսմայիլում եւ Նեվթչալում: