17 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍԻ ՁԱԽՈՂՈւՄԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՄՈՍԿՎԱՅԻ Եւ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՎՐԱ
Ռուսական լրատվական գործակալությունն Ադրբեջանին արդեն անվանում է թշնամական երկիր:
Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հասունանում է աղմկահարույց լրտեսական վեճ: Անցյալ կիրակի Ռուսաստանի ֆեդերալ անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը առաջատար հեռուստակայնների եւ լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են ադրբեջանական լրտես: Պարզվել է, որ ԱՊՀ անդամ-երկրների ռազմական համագործակցության կոորդինացիոն շտաբում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Վագիֆ Ռասուլովը լրտեսությամբ է զբաղվել:
Գեներալը ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է գտնվել այն պահից, երբ նա հետաքրքրվել է իր պարտականություններին չառնչվող նյութերով: Վերջերս Ֆեդերալ անվտանգության ծառայությունում հայտնի է դարձել, որ Ռուսալովի ձեռքի տակ են հայտնվել այնպիսի փաստաթղթեր, որոնց ծանոթանալու իրավունքը նա չուներ: Պարզվել է, որ այդ փաստաթղթերը պետական գաղտնիք են պարունակում:

«Ռուսաստանի անվտանգությանը եւ պաշտպանությանը հասանելիք լուրջ սպառնալիքը կասեցվել է»,- մեկնաբանելով ադրբեջանական լրտեսի հայտնաբերման փաստը` հայտարարել է Նիկոլայ Պատրուշեւը: ՖԱԾ-ի ղեկավարը նշել է, որ գեներալ Ռասուլովը «ետ է կանչվել Մոսկվայից»: Նրան արգելվել է Ռուսաստանի ֆեդերացիայի սահմաններից դուրս գալը: Ռուսաստանի հատուկ ծառայության ղեկավարը չի մասնավորեցրել, թե ինչ կարգի տեղեկատվություն է հայտնվել լրտեսի ձեռքում:

Հայտնի է, որ ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության շտաբի ղեկավարության տրամադրության տակ է խորհրդային ժամանակներից պետություններում մնացած ռազմական օբյեկտների մասին ողջ տեղեկատվությունը: Այսինքն, չպետք է բացառել, որ Ռասուլովին հասանելի են դարձել նաեւ Հայաստանի հետ կապված որոշ տեղեկություններ: Այս առումով, պետք է նշել, որ ադրբեջանական լրտեսի բացահայտումն, անկասկած, հատուկ նշանակություն ունի նաեւ Երեւանի համար: Իմիջիայլոց, Բաքվի որոշակի ուժերը, ինչպես միշտ, կատարվածում փորձում են «հայկական հետք» գտնել: Այսպես. «Էխո» թերթը ենթադրում է, որ «ադրբեջանական գեներալին «վարկաբեկել են» հայ գործընկերները»: Սակայն այս համարձակ ենթադրության համար հիմքեր չեն բերվում:

Այդ նույն թերթը գրում է, որ «ադրբեջանցի գեներալը բավանին իրազեկ լրտես էր եւ հավանաբար քիչ գաղտնիքներ չի բացահայտել»: Զարմանալի է, որ Մոսկվան բավականին թեթեւ մոտեցում է ցուցաբերել հանցագործի նկատմամբ: Նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել: Չնայած որ ռուսական օրենքների համաձայն լրտեսությունը դատապարտվում է 7-ից 10 տարի ազատազրկմամբ` սեփականության բռնագանձման հետ միասին, կամ էլ մահապատժով:

Անվիճելի է, որ Ռուսալովի գործողությունները «Լրտեսություն» հոդվածով են բնութագրվում: Այսպես է ձեւակերպված քրեական օրենսգրքի այդ հոդվածը. «պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը, անօրինական ձեռք բերումը կամ արտասահմանյան պետություններին, կազմակերպություններին կամ գործակալություններին տրամադրելու նպատակով հավաքումը, եթե լրտեսությունը իրականացվում է օտարերկրացի քաղաքացու կամ քաղաքցիություն չունեցող անձի կողմից»: Հազիվ թե Ադրբեջանի քաղաքացի Վագիֆ Ռասուլովը գաղտնի տեղեկությունները հավաքել էր սեփական հավաքածուի համար...

Ադրբեջանական աղբյուրների տեղեկությունների համաձայն, Ռասուլովին հաջողվել է խուսափել լուրջ պրոբլեմներից շնորհիվ այն բանի, որ նրա գործողությունների բացահայտումից որոշ ժամանակ առաջ կանչվել է Բաքու: Հատկանշական է, որ չնայած լրտեսի աղմկահարույց ձախողմանը, նրան վստահվել է բավականին բարձր պաշտոն: Այժմ նա զբաղեցնում է պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը:

Նախարարի մասին կարելի է հետեւյալը նշել: Հայտնի է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեւը հովանավորել է Ռասուլովին նրա զինվորական կարիերայի ողջ ընթացքում: Գեներալներն ընկերներ են դեռեւս պատանեկան տարիներից: Նրանք միասին են սովորել զինվորական ուսումնարանում: Աբիեւին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուց հետո, ապագա լրտեսը ԱՊՀ ռազմական համագործակցության շտաբում բավականին ազդեցիկ պաշտոն ստացավ: Դժվար չէ ենթադրել, որ հենց նախարարի հանձնարարականով էր Ռասուլովը գաղտնի տեղեկություններ հավաքել: Սա գիտակցում են նաեւ ռուսական ռազմական գերատեսչությունում, որտեղ, կարծում ենք, արդեն համապատասխան ենթադրություններ արվել են:

Ռուսական զինվորականների եւ նրանց ադրբեջանական գործընկերների հետագա հարաբերություններն անկասկած փոփոխություններ կկրեն: Հասարակական կարծիքը, որը ձեւավորվել է մեծիմասամբ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ, արդեն հստակեցված է: Պատահական չէ, որ ռուսական առաջատար «ՌԻԱ Լուրեր» լրատվական գործակալությունը ադրբեջանցի գեներալին անվանել է ԹՇՆԱՄԻ լրտես: Այսինքն, Ադրբեջանը թշնամական երկիր է...