3 մարտի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՄԱՐՏԻ ՀԻՆԳԻՆ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈւՄ
Երկրորդ փուլում պարտության դեպքում ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնայնության հնարավորություն կունենա:
Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն ընտրություններից միայն երկու օր առաջ հաստատեց երկրորդ փուլին մասնակցելու պատրաստակամության մասին: Ժողովրդական կուսակցության առաջնորդը հաշվի չառավ իր կողմնակիցների արմատական մասի կարծիքները, որոնք պնդում էին, թե իշխանության փոփոխությանն անհնար է հասնել օրինական ճանապարհով: Դեմիրճյանը ինքնաբացարկ չհայտարարեց եւ գնաց մինչեւ վերջ` հավատալով իր ուժերին եւ օրենքի հաղթանակմանը:
Ընդդիմության մեջ քիչ չէին մարդիկ, որոնք առաջնորդվում էին «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Հենց նրանք էին Ստեփան Դեմիրճյանին համոզում հանել թեկնածությունը: Երկրորդ փուլի քվեարկությունն, ըստ էության, ձեւական կլիներ եւ ընտրությունների անօրինական լինելու մտապատկերը կստեղծեր, որն էլ կենթադրեր ընտրված նախագահի ոչ լեգիտիմ լինելը: Սրան էլ եւ ձգտում էին Ստեփան Դեմիրճյանի որոշ կողմնակիցներ` զգուշանալով երկրորդ փուլում Քոչարյանի համոզիչ հաղթանակից:

Սակայն ընդդիմության երիտասարդ առաջնորդն այնուհանդերձ իր մեջ ուժ գտավ արդար պայքարում ուժերը չափելու համար: Նա հրաժարվեց կասկածելի խաղերից` ապացուցելով, որ ցանկանում է ժողովրդական քաղաքական գործիչ լինել, այլ ոչ թե գործող նախագահին վնասելու ձգտմամբ մարդկանց ձեռքին ժամանակավոր միջոց դառնալ:

Վերջիվերջո, մարտի հինգին չի ավարտվում կյանքը, իսկ մաքուր ձեռքերով սկսված քաղաքական կարիերան հաջող կարող է լինել հաջորդ ընտրություններին:

Այսպիսով, սա արդեն դեմիրճանական թիմի «հեղափոխական» թեւի երկրորդ պարտությունն է: Առաջնորդի շուրջ համախմբվածների մեջ հակասությունների առաջին նշաններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ ՀԺԿ-ի նոր զինակիցները սկսեցին ժողովրդին հրահրել զինված ապստամբության: Հիշեցնենք, որ Դեմիրճյանի ընտրական շտաբի կազմակերպած հանրահավաքների ժամանակ մեկ անգամ չէ, որ հնչել են անմիջապես իշխանությունը գրավելու, երկրորդ փուլին չսպասելու կոչեր: Թեկնածուն թույլ չտվեց իրեն ընտրված նախագահ հայտարարել, սակայն նաեւ իրեն հրահրողների գործողություններին անհրաժեշտ գնահատականը չտվեց: Միաժամանակ, ակնհայտ է, որ Դեմիրճյանի հավաքած 70 տոկոս ձայների մասին խոսող եւ «ժողովրդի քվեներից օգտվելու» կոչեր անող մարդիկ, իրականում ՀԺԿ առաջնորդի արջի ծառայություն մատուցեցին: Չէ որ ուժային մեթոդներին դիմելու կոչերով նրանք նպաստում էին այնպիսի կարծիքի ձեւավորմանը, որ թեկնածուն իր ուժերով չի կարող հաղթել մրցակցին արդար պայքարում:

Մրցակցությունն իրավական դաշտից դուրս բերելու` ընդդիմության արմատական հատվածի ձգտումները ոչ մի կերպ չի կարելի օբյեկտիվորեն գնահատել, քանի որ երկրորդ փուլ գնալու իշխանության պատրաստակամությունը ինչ որ չափով հակասում է այն փաստարկներին, թե իշխանության փոփոխումը հնարվոր չէ իրականացնել օրինական ճանապարհով: Եթե իրականում վարչակազմը վճռական դեր ունենար, ապա ամեն ինչ կավարտվեր փետրվարի 19-ին: Հիմքեր չկան խոսելու այն մասին, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կախվածությունը իշխանությունից այնքան մեծ է, որ ժողովրդի կամքի արտահայտումը նշանակություն չունի: Սա գիտակցել է նաեւ Ստեփան Դեմիրճյանը` որոշելով արդար պայքարի մեջ մտնել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մնում է միայն հուսալ, որ երկու թեկնածուներն էլ խոհեմություն եւ քաջություն կունենան հաշվտվելու ընտրությունների արդյունքների հետ եւ արդյունքներից չբարարված համակիրներին փողոց դուրս հանելու գայթակղությանը չեն տրվի: Մարտի հինգին կյանքը դեռեւս չի ավարտվում...