8 մարտի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԴԺՎԱՐ ԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԵՐ ԽՈւՍԱՓԵԼ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ, ՆՈւՅՆԻՍԿ ԵԹԵ ԸՆՏՐՈւԹՅՈՒՆՆԵՐՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԸՆԹԱՆԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների եզրահանգումները մեծիմասամբ պայմանավորված են Արեւմուտքի գլոբալ շահերով:
Երկրորդ փուլում Հայաստանի գործող նախագահն ավելի քան համոզիչ հաղթանակ ունեցավ: Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մրցակից Ստեփան Դեմիրճյանի հավաքած ձայների տարբերությունն այնքան մեծ է, որպեսզի երկրորդ փուլով ընտրված նախագահի լեգիտիմության որեւէ կասկած հարուցի:
Գործող նախագահի օգտին գրանցվեցին այն ձայները, որոնք առաջին փուլում տրվել էին մյուս թեկնածուներին: Ռոբերտ Քոչարյանի կողնակիցների թիվն ավելացավ 300 հազարով, այն դեպքում, երբ Ստեփան Դեմիրճյանին հաջողվեց ավելացնել միայն 100 հազար ձայն: Միաժամանակ, ընտրողների 67 տոկոսի մասնակցության առկայությամբ Ռոբերտ Քոչարյանին բավական կլիներ իր կողմնակիցների բանակը համալրել միայն 70 հազար մարդով: (Նախկին ցուցանիշով կբավարարեր 8 հազար ձայն): Ինչպես եւ ենթադրում էինք, ակնհայտ է, որ առաջին փուլում Արտաշես Գեղամյանի օգտին քվեարկողները երկրորդ փուլում նախընտրեցին Ռոբերտ Քոչարյանին: Մարտի հինգին ընտրատեղամասեր եկավ 120 հազար ավելի մարդ, քան փետրվարի 19-ին: Դատելով արդյունքներից, «նոր» ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց պետության ներկայիս ղեկավարի օգտին: Զարմանալի կլիներ, որ ընդդիմությունն անմիջապես ընդուներ իր ջախջախիչ պարտությունը: Լիովին բնական է, որ պարտված թեկնածուի ընտրական շտաբը խոսում է զանգվածային խախտումների եւ նույնիսկ ընտրակեղծիքների մասին: Հետաքրքրական է, որ դեռեւս մարտի հինգի առավոտյան, քվեարկությունը սկսելուց անմիջապես հետո Ստեփան Դեմիրճյանը լրագրողներին հայտարարեց, որ «ընդդիմությունը չի ընդունի ընտրությունների արդյունքները, եթե նախագահ հայտարարվի Ռոբերտ Քոչարյանը»: Չգիտակցելով ասվածի հետեւանքները` թեկնածուն անժամանակ զգուշացրեց, որ իր պարտության դեպքում քվեարկությունը կհայտարարի կեղծված: ՀԺԿ-ի առաջնորդը, ըստ էության, նշեց, որ թափանցիկ եւ ժաղովրդավարական ընտրությունների չափանիշն իր համար ոչ մի նշանակություն չունի: Քվեարկության արդյունքների գնահատման չափանիշը մեկն է` ով է հաղթել: Եթե հաղթողը Դեմիրճյանը չէ, ապա ընտրություններն անօրինական են: Համաձայնեք, տարօրինակ տրամաբանություն է:

Ընդդիմության հավակնությունների անհիմն լինելը ցույց է տալիս մեկ այյլ հանգամանք եւս: Գիշերը, երբ ընտրական տեղամասերում շարունակվում էր ձայների հաշվարկը, եւ Դեմիրճյանի թիմի անդամները դեռեւս պատկերացում չունեին ձայների հսկայական տարբերության առկայության մասին, թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ իրականում քվեարկությանը մասնակցել է հայտարարվածից 400 հազարով քիչ մարդ: ՀԺԿ-ի առաջնորդի համակիրը համոզվածություն հայտնեց, որ բոլոր ավել քվեաթերթիկները Ռոբերտ Քոչարյանի օգտին են հաշվվել: Նկատենք, որ նույնիսկ եթե նշված պնդումները համապատասխանեին իրականությանը, նախագահի հավաքած ձայները կբավարարեր հաղթանակի համար: Արեւմտյան դիտորդների գնահատականների օբյեկտիվ լինելը եւս կասկածի ենթակա է: Հիշեցնենք, որ ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, որոնք ընտրությունները գնահատեցին արդար եւ ժողովրդավարական, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նշեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Եթե ներկայացված եզրակացությունը դիտարկենք միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական գործընթացների համատեքստում, ապա ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդների կոշտ գնահատականները մեծիմասամբ պայմանավորված են Արեւմուտքի գլոբալ շահերով, որը շահագրգռված է, որ Հայաստանի իշխանությունը հնարավորինս անկայուն լինի եւ առավելագույնս ենթարկվի արտաքին միջամտություններին:

Միացյալ նահանգներն արդեն իսկ օգտվել է դիտորդների եզրակացությունից հետագայում Հայաստանի հանդեպ ճնշումներ գործադրելու հիմքեր ապահովելու համար: Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը հինգշաբթի օրը տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել` ըստ էության հրահրելով հայկական ընդդիմությանը: Խոսնակն անմիջականորեն հասկացրել է, որ Վաշինգտոնն ընբռնումով կընդունի «ընդդիմության հիմնավոր բողոքները»: Անուղղակիորեն մեղադրելով իշխանությանը ոչ բավարար լեգիտիմության մեջ, մեր կարծիքով, Միացյալ նահանգները Հայաստանի քաղաքական ղեկավարությունից ակնկալում են առավել զիջողականություն ղարաբաղյան հարցում: Կարելի է ենթադրել, որ Երեւանի հանդեպ ճնշումները կշարունակվեն մինչեւ սեպտեբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: Աշնանը Արեւմուտքի ուշադրությունը կսեւեռվի հարեւան պետության վրա: Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ոչ լեգիտիմ լինելն ակնհայտ է արդեն իսկ այսօր, քանի որ երրորդ անգամ թեկնածու առաջադրվելով` Հեյդար Ալիեւը խախտում է Սահմանադրությունը: Բացառված չէ, որ արեւմտյան դիտորդների կոշտ եզրակացությունները բացատրվում են հենց Երեւանում եւ Բաքվում իշխող վարչակարգերի հանդեպ տրված գնահատականերում հաշվեկշիռը պահպանելու ձգտմամբ:

Եթե այդպես է, ապա ակնհայտ է, որ արեւմտյան դիտորդների բացասական գնահատականից ոչ մի կերպ հնարավոր չէր լինի խուսափել: Նույնիսկ եթե Հայաստանի իշխանությանը հաջողվեր անցկացնել անթերի ընտրություններ: