12 մարտի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՌԵՎԱՆՇԻ
Քաղաքական ուժերը հույսեր են կապում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Հայաստանում սկսվել է Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման հենց հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց կուսակցություններից ընդունել մայիսի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերը: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում պարտություն կրելով` ընդդիմությունը փորձում է առաջնայնություն վերցնել օրենսդիր իշխանությունում:
Նախընտրական կոալիցիայի ձեւավորման գործընթացն ընթանում է ընդդիմության աննախադեպ լարվածության պայմաններում, որը բավարարված չէ նախագահական ընտրությունների արդյունքներով: Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները ձգտում են ամեն գնով պահպանել ընդդիմադիր ընտրազանգվածի ներկայիս մակարդակը, որի աջակցությունը շատ հնարավոր է, որ բավական լինի ապահովելու խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան: Սակայն, քիչ հավանական է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ստեղծված ընդդիմադիր միությունը պահպանի իր գոյությունը: Նրանց ձեւավորած նախընտրական միավորումը կհավակնի դառնալ երբեմնի առաջնայնություն ունեցող «Միասնություն» դաշինքի իրավահաջորդը, որը ստեղծվել էր անցյալ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի կողմից: Դժվար է համեմատել ներկայիս կոալիցիայի առաջնորդների եւ նրանց նախորդողների թափը, սակայն «Միասնություն» անվանումն հենց արդեն իսկ յուրահատուկ գրավական է ձայներ բերելու տեսակետից:

Հեշտությամբ կհաղթահարի հինգտոկոսանոց սանդղակը նաեւ Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որի առաջնորդի օգտին նախագահական ընտրություններին քվեարկել էր ընտրողների մոտ 18 տոկոսը: Հաջողության հնարավորություններ ունի նաեւ «Սահմանադրական իրավունք» միությունը, որի կողմից առաջադրվել է քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանը: Նախագահական ընտրություններում նա հավաքել էր 3 տոկոս: Խորհրդարանում իր ֆրակցիան ունենալու հնարավորությանն են հավակնում նաեւ կոմունիստները, չնայած վերջերս տեղի ունեցած քայքայման արդյունքում նրանց դիրքերն ակնհայտորեն թուլացել են:

Խորհրդարանական ընտրությունները կարող են պատճառ դառնալ նաեւ, որ քաղաքականություն վերադառնա նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, դատելով սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, նրան աջակցող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը նախկինի պես ընդհանրապես չի վայելում հանրության համակրանքը:

Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերից անվիճելի վարկանիշ ունի միայն «Դաշնակցություն» կուսակցությունը: Ինչ վերաբերում է վարչապետի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը, ապա նրա հնարավորությունները պայմանավորված են ոչ այնքան ժողովրդի համակրանքով, որքան վարչական ռեսուրսների առկայությամբ: (Նկատի ունենալով այս ռեսուրսը, կարելի է ենթադրել, որ իշխող կուսակցությունն առավել շատ հույսեր է կապում մեծամասնական ընտրությունների հետ մեկմանդատային տեղամասերից, որտեղից պետք է ընտրվեն 131 պատգամավորից 56-ը): Գործող նախագահի կողմնակիցներից շուրջ տաս ավելի մանր կուսակցություններ հավակնում են ձայներ հավաքել: Նրանցից մի քանիսն արդեն բանակցություններ են վարում նախընտրական դաշինքների ստեղծման ուղղությամբ:

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկած ոչ բոլոր ընտրողները խորհրդարանական ընտրություններում իրենց ձայները կտան հենց այն կուսակցություններին, որոնք արդյունքում հենարան կստեղծեն գործող նախագահի համար: Կասկած չկա, որ երկրի ղեկավարի միլիոնավոր կողմնակիցներից մի քանի հարյուր հազարը կնախընտրեն հանդարտված ընդդիմությանը կամ էլ այնպիսի կուսկացությունների, որոնց չի հաջողվի անցնել հինգտոկասանոց արգելքը: Այնպես որ, սխալ կլիներ ենթադրել, որ Քոչարյանի ընտրազանգվածը մեխանիկորեն կպաշտպանի այն քաղաքական ուժերին, որոնք կներկայացնեն նախագահի դիրքերը խորհրդարանում: Սա նշանակում է, որ Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունն առավել շահավետ կդասավորվի ընդդիմության համար: