8 ապրիլի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԵՌԵւՍ «ՎԵՐԱՁԵւՈւՄ» ԵՆ ՔԻ-ՎԵՍԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ
Բաքվի ԶԼՄ-ի տարածած տեղեկատվությունը, թե Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են լիովին նոր սկզբունքներ, չի համապատասխանում իրականությանը:
Ապրիլի վերջին, մայիսի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայացնող երեք պետությունների մայրաքաղաքներ: Ստացված տեղեկությունների համաձայն, հաշտարարները մտադիր են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել հակամարտության կարգավորման նոր տեսակետներ: Սակայն, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ միջնորդների առաջարկներն արմատապես նոր սխեմաներ, նախկին քննարկումները հակասող տարբերակներ են ներառում:
Միաժամանակ, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ պնդում են, թե մարտի սկզբին Վաշինգտոնում կայացած համանախագահների վերջին հանդիպման ընթացքում մշակվել են սզբունքորեն նոր առաջարկներ: Իբրեւ թե այդ մասին Հեյդար Ալիեւին է հայտնել հենց ինքը` Ջորջ Բուշը վերջերս Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Ալիեւն ինքն այդ մասին բավականին անորոշ է խոսում: Նրա խոսքերով, միջնորդներն իրոք պատրաստում են «ինչ-որ փոփոխություն», որոնց էությունը, սակայն, իրեն հայտնի չէ: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, մեկնաբանելով ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, հայտարարել է` «Դժվար է ասել, թե նոր առաջարկներով կգան համանախագահները եւ որքանով դրանք ընդունելի կլինեն Ադրբեջանի համար: Անձամբ ես այդ այցից ոչ մի անսովոր բան չեմ սպասում»:

Իրենք` միջնորդներն առայժմ ձեռնպահ են մնում նոր առաջարկներին վերաբերող հայտարարություններ անելուց: Վերջերս լրագրողների հետ զրույցում ռուսական համանախագահն արտահայտեց մի քանի հերթապահ նախադասություն, որոնցից, չգիտես ինչու, Ադրբեջանում եզրակացրին, թե հաշտարարները կարգավորման նոր մոդել են պատրաստել: Նա պարզապես հերթական անգամ ասաց, որ «Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է ոչ թե պետական սահմանների փոփոխմանը, այլ` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»:

Հայ դիվանագետների տեղեկությունների համաձայն, ոչ մի նոր առաջարկի մասին կարիք չի լինի խոսելու: Կարգավորման նոր սխեմայի պատրասման մասին տեղեկությունը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանն անվանեց չափազանցված: «Հնարավոր ենք համարում, որ համանախագահները նոր փաստաթուղթ կարող են պատրաստել, սակայն լավագույն դեպքում, այն հին առաջարկի թարմացված տարբերակը կլինի` հիմնված նախկին սկզբունքների վրա»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքերով, համանախագահներից պետք է սպասել «Քի-Վեսթյան հանդիպումից հետո շարունակվող բանակցություններում քննարկվող սխեմայի ձեւափոխված տարբերակը»: Այսպիսով, օրակարգում նախկինի պես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից հավանության արժանացած տարբերակի «վերաձեւումն է», որը ենթադրում է հորիզոնական կապերի հաստատում Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ:

Այս մտքին են հակված նաեւ ադրբեջանական շատ քաղաքական գործիչներ: Օրինակ, «Մուսավաթ» կուսակցության նախագահի տեղակալ, քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին պնդում է, որ «Մինսկի խմբի առաջարկների գլխավոր ելակետը մնում է ընդհանուր պետության գաղափարը», որը ենթադրում է «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերությունների ստեղծում»: «Հնարավոր փոփոխությունները վերաբերում են լոկ երկրորդային հարցերին»,- համոզված է քաղաքագետը: