28 ապրիլի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎՐԱՑԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ
Վրաստանի խորհրդարանում ադրբեջանական համայնքը ներկայացնող պատգամավորները կատարում են Թուրքայի դեսպանատնից եկած հրահանգները:
Հայերի Ցեղասպանության 88-րդ տարելիցի օրը վրացական խորհրդարանում ադրբեջանցիները դրսեւորեցին խուլիգանական պահվածք, որը նպատակ ուներ վիրավորել օսմանական բարբարոսների կողմից կոտորված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի առավոտյան նիստին Ախալքալաքի հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ արեց հարգել պատմության մեջ առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի պատասխան հայ խորհրդարանականի կոչի, հինգ ադրբեջանցի-օրենսդիրներ հարձակվեցին Մովսիսյանի վրա` վիրավորելով նրան անպատիվ խոսքերով եւ ողջ հայությանն ուղղված սպառնալիքներով: Խուլիգանական պահվածքը զուգակցվեց կենտրոնական բարձրախոսի գրավմամբ, որի արդյունքում նիստն ընդհատվեց:
Սակայն վրացական խորհրդարանականներն, այնուամենայնիվ, հասցրին արձագանքել Ախալքալաքի պատգամավորի կոչին: Ճիշտ է, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն իրեն թույլ տվեց մի փոքր խմբագրել գործընկերոջ առաջարկը: Նա պնդեց, որ ոչ միայն հարգեն հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլեւ նրանց, ովքեր նահատակվել են վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած միջէթնիկական հակամարտությունների ժամանակ` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, աբխազներ, օսեթներ: «Այս օրը ողբերգական է հայ ժողովրդի համար: Դժբախտաբար, այդ փաստից հետո էլ աշխարհում նմանատիպ իրողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում կյանքից զրկվել են խաղաղ բնակիչները»,-ասաց Բուրջունաձեն:

Այս անորոշ ձեւակերպումն ինքնատիպորեն են մեկնաբանում ադրբեջանցիները: Օրինակ, ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանի պատգամավոր Զումրուդու Գուրբանլին հայտարարել է, որ «Կովկասում տեղի ունեցած հակամարտությունների զոհերի հիշատակի հարգումը հայերի Ցեղասպանության օրը ապացուցում է, որ վրացական խորհրդարանը դե-ֆակտո ընդունում է Ցեղասպանությունը»: Ի դեպ, Գուրբանլին խուլիգանական պահվածքի կազմակերպիչներից մեկն էր: Ահա, նա ինչպես է ներկայացնում պատահարը Բաքվում հրատարակվող «Էխո» թերթի լրագրողին. «Բնականաբար ադրբեջանցի խորհրդարանականները սկսեցին բարաձայն առարկել Մովսիսյանին: Երբ մոտ 30 րոպե մենք չհեռացանք բարձրախոսից եւ ոչ մեկին հնարավորություն չտվեցինք ելույթ ունենալ, Բուրջանաձեն իջավ եւ խնդրեց չխանգարել նիստի աշխատանքները... Խոսնակը ձայն տվեց Խիդայաթ Հուսեյնովին: Սակայն մենք խնդրեցինք արտահայտվելու հնարավորություն տալ մեր մի քանի պատգամավորներին: Մենք չբավարարվեցինք Բուրջանաձեի բացատրություններով եւ հայտարարեցինք, որ նա վարում է բաց հայամետ քաղաքականություն»:

Ինչպե՞ս է դրսեւորվում Նինո Բուրջանաձեի «հայամետ քաղաքականությունը: Թվարկելով նրա թույլ տված «հանցագործությունները»` այդ նույն «Էխո» թերթը հիշեցնում է, որ «խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջին իր այցը նա Երեւանում է անցկացրել եւ հենց նա է առաջարկել Հայաստանին ներգրավել ՏՐԱՍԵԿԱ ծրագրում»: Սրանից միանշանակ եզրահանգում է բխում. ուրեմն Նինո Բուրջանաձեն հայ է: «Զուրաբ Ժվանիան, Միխայիլ Սահակաշվիլին եւ, չնայած բազաթիվ ժխտումներին, նաեւ Բուրջանաձեն ունեն հայկական արմատներ»,- գրում է թերթը` ենթադրելով, որ վրացական քաղաքական գործիչներին մերկացնում է հնարավոր ամենասարսափելի մեղքերում: Չնայած խոսնակը խուլիգանների ճնշման տակ խախտեց նիստի օրակարգը եւ նրանցից երեքին ձայնի իրավունք տվեց, ադրբեջանցիները շարունակեցին իրենց դեմարշը եւ օրվա վերջում մամլո-ասուլիս հրավիրեցին: Լրագրողներին նրանք իրենց զայրույթը հայտնեցին Նինո Բուրանաձեի գործողությունների հանդեպ, որն իբրեւ թե հայ պատգամավորների հետ միասին նախապես պլանավորել էր նիստի ընթացքը: «Ոչ միայն հայերի, այլեւ Կովկասում զոհվածների հիշատակը հարգելու նրա առաջարկը նախապես մտածված էր»,- հայտարարել է ադրբեջանցի Ռամիզ Բեքիրովը, ենթադրելով, որ խոսնակի ջանքերով հայերը հասան իրենց նպատակին: «Մենք բողոքում ենք Բուրջանաձեի եւ Ժվենիայի ու Սահակաշվիլու ղեկավարծ Դեմոկրատական թեւի վարած քաղաքականության դեմ: Բուրջանաձեի հետ միասին, արտասահմանյան հայկական լոբբիի եւ ռուսամետ ուժերի աջակցությամբ նրանք փորձում են վրացական խորհրդարան բերել հայամետ քաղաքականությունը»,-հայտարարել է օրենսդիրը: (Նկատենք, որ հիշատակված գործիչները ներկայացնում են հակադիր քաղաքական ճամբարներ: Տարօրինակ կլիներ, եթե իրականում նրանք միասնական քաղաքականություն տանեին):

Վրաստանի խորհրդարանի վրա արտաքին ուժերի ազդեցությամբ անհանգստացած ադրբեջանցին թբիլիսյան լրագրողներին իհարկե չպատմեց, որ մամլո-ասուլիսից առաջ ինքը հանդիպել է Թբիլիսիում Թուրքայի դեսպանի հետ եւ նրանից ստացել է հետագա գործողությունների կատարման հրահանգը: Իսկ Բաքվի լրագրողներից պարոն Բեքիրովն այդ փաստը չի թաքցրել. « Նիստի ընդմիջմանը ադրբեջանցի պատգամավորները հրավիրվեցին Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Դիվանագետները պատգամավորներին շնորհակալություն հայտնեցին ակտիվ գործունեության համար»,- գրում է «Էխոն»: Նշենք, որ մինչ ադրբեջանցիները բանակցություններ էին վարում թուրք դեսպանի հետ, Նինո Բուրջանաձեն սպասում էր նրանց իր աշխատասենյակում: Ի դեպ, այդպես էլ նրանք չեկան: Պարոններ Բեկիրովը, Հուսեյնովը, Սուլեյմանովը եւ Գուրբանլին օտարերկրյա դիվանագետի հանդիպումը նախընտրեցին իրենց երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի հետ զրույցից: Այս դեպքում, վրացական խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններում «արտաքին ուժերի ազդեցության» մասին խոսելը նոր իմաստ է ձեռք բերում: