10 հունիսի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԲԱՔՎՈւՄ ՀԱՍՈւՆԱՆՈւՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՌՆԱՆՎԱՃՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ
Ադրբեջանի նախագահի թեկնածուներն առաջադրում են «Հարավային Ադրբեջանի միացման» հարցը:
Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների լարվածությունը տարօրինակ ակնկալիքներ է առաջացրել` կապված «հյուսիսային եւ հարավային Ադրբեջանի» միացման զառանցանքային գաղափարի հետ: Իրանի թուրքաբնակ շրջանների անվանմամբ կոչվող մի քանի քաղաքական ուժեր կրկին փորձում են առաջ քաշել պետական սահմանով առանձնացված միասնական ժողովրդի մասին լեգենդը:
Կովկասյան եւ իրանական թուրքերի էթնիկական նույնության մտապատրանքն առաջացել է, հիմնականում արհեստականորեն, այն հիմքով, որ ժամանակին այժմյան ադրբեջանական պետության հիմնադիր-հայրերը չէին կարողացել իրենց ժողովրդի համար առանձին անուն գտնել եւ նախընտրել էին վերցնել հարեւան Իրանի պատմական շրջանի անվանումը: Իրադրությունը նման է Հարավսլավիայի անկումից հետո ստեղծված դրությանը, երբ աթենացիները պնդում էին նախկին խորհրդային հանրապետությունը անվանել Մակեդոնիա: Հարավային սլովակներն իհարկե չանսացին հույների կարծիքին, սակայն չպնդեցին, որ Հունաստանի հյուսիսային շրջանները պետք է միացվեն նորաստեղծ պետությանը միայն այն բանի համար, որ անվանումն է պարտադրում: Բաքվում հենց այսպես են վարվում: Նույնիսկ նախագահի որոշ թեկնածուներ իրենց նախընտրական ծրագրերում պաշտոնապես հայտարարում են «Ադրբեջանի հյուսիսային եւ հարավային» շրջանների միացման մասին: Դրանց շարքում, մասնավորապես, «Միլլի Վահդաթ» կուսակցության առաջնորդ Յունուս Օգուզն է, որը «միասնական Ադրբեջանի» գաղափարը դարձրել է իր ծրագրային հիմնադրույթը:

Երկու հարեւան ժողովուրդներին միավորում է միայն լեզուն: Նրանք դավանում են իսլամի տարբեր ուղղություններ, ունեն տարբեր մշակութային արժեքներ: Տարբերվում են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրների հանդեպ իենց վերաբերմունքով: Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջանի շրջանների հազարավոր թուրքալեզու իրանցիներ բիզնեսով են զբաղվում հայ գործընկերների հետ` կոմերցիան չկապելով ղարաբաղյան հակամարտության հետ: Միայն անցյալ տարի Հայաստանում են գտնվել մոտ 50 հազար իրանական ադրբեջանցիներ: Երեւանում նրանք միանգամայն հարմար են զգում: Նրանք հնարավորություն ունեն այցելելու վերջերս վերականգնված մզկիթը եւ նույնիսկ մասնագիտական միություններ կազմավորել: Թավրիզի գործարարները հայկական մայրաքաղաքում ստեղծել են իրանական բիզնեսմենների ասոցիացիա, որը հիմնականում կազմված է ադրբեջանցիներից: Լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ թուրքալեզու իրանցիները Ադրբեջանի հանրապետության քաղաքցիներին համարում են իրենց համերկրացիները: Գուցե Իրանի հյուսիսային շրջանների բնակիչները որոշ առանձնահատուկ խնդիրներ ունեն` ազգային ինքնուրույնության պահպանման հետ կապված: Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իրանցի թուրքերն իրենց հույսերը կապում են օտարազգիների հետ: Իրանը բազմազգ պետություն է, եւ թուրք փոքրամասնությունը միշտ էլ ամենակտիվն է եղել երկրի քաղաքական գործընթացներում եւ գրեթե միշտ էլ բավականաչափ ազդեցիկ է ներկայացել երկրի քաղաքական էլիտայում: Թուրքական համայնքի առաջնորդները շատ լավ էին իրենց զգում շահի օրոք: Հայտնի է նաեւ, որ իսլամական հեղափոխության շարժիչ ուժերից էին թուրքերը: Եթե այսօր որոշ հակասություններ կան իշխանությունների եւ էթնիկ թուրքերի միջեւ, ապա դրանք առաջին հերթին կապված են երկրի ղեկավարման մեջ մասնակցություն ունենալու եւ քաղաքացիական ազատությունների մակարդակի հանդեպ վերջիններիս անբավարարվածությամբ:

Այստեղ անջատողականության մաքուր դրսեւորում չկա, որը եւ հաստատում են թուրք այլադավ Մահմուդալի Չեխրահանիի ղեկավարած կազմակերպության ծրագրային դրույթները: Նրանց սկսած շարժումը նպատակ ունի փոփոխել իշխանական այժմեական կղերական համակարգը դաշնային կառավարման, իրականացնել ժողովրդավարական ռեֆորմներ եւ թուրքական փոքրամասնության իրավունքների եւ ազատությունների պաշտպանման պայմաններ ապահովել: Արեւմուտք գաղթած այլադավին այս ծրագրերն իրականացնելու համար աջակցություն են խոստացել եւ Միացյալ նահանգները, եւ Եվրոպան: Վաշինգտոնում գտնվելու ժամանակ Չեխրահանին մի շարք հանդիպումներ է ունեցել կոնգրեսականների, Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Իրանական ընդդիմադիրի հետ ունեցած բանակցություներից հետո պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցը «Վաշինգթոն Փոստի» թղթակցին հայտնել է, որ «ԱՄՆ-ի նպատակն է Իրանի քաղաքացիներին հայտնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության նրանց պահանջների լիարժեք աջակցության մասին»: Այսինքն, Չեխրահանիին ընդունում են որպես ընդդիմադիր ժողովրդավարական շարժոմների առաջնորդներից մեկը, եւ ոչ` որպես թուրք անջատողական: Ամերիկան ձգտում է Թեհրանում իշխող քաղաքական վարչակարգի փոփոխմանը, եւ ոչ` իրանական պետության վախճանին: Երբեւէ եւ ոչ մեկը չի աջակցի Իրանի հյուսիսում հիմնավորված անջատողականությանը, նույնիսկ եթե այն հստակորեն դրսեւորվի:

Այնպես որ, իզուր են Բաքվում հույսեր կապում, թե իրանական ընդդիմությանը աջակցություն ցուցաբերելու ամերիկացիների պատրաստակամությունը կարող է հանգեցնել «ադրբեջանական ավտոնոմիայի» ձեւավորմանը, եւ կամ «Ադրբեջանական հանրապետությանը հարավային Ադրբեջանի միացման» համար հիմքեր կստեղծի: Հյուսիսային շրջանների հանդեպ Թեհրանի ինքնակալությունն այսօր ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում: