11 հուլիսի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ ԿՃԱՆԱՉԵՆ ՄԻ ՓՈՔՐ ՈւՇ
ԱՄՆ-ի Սենատում hետաձգվել է հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին հարցի քննարկումը:
Երեկ ԱՄՆ-ի Սենատում նախատեսվում էր քննարկել հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը: Օրակարգում այդ հարցը հայտնվել էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բյուջեի քվեարկության կողքին: Եվ որպեսզի սենատորները մակերեսայնորեն չվերաբերվեին բանաձեւի նախագծին, Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները ետ վերցրին օրինագիծը: Այն կրկին կմտնի օրակարգ մոտ ժամանակներս: Նկատենք, որ բավականին հիմքեր կան դրական որոշման սպասելիքներ ունենալու համար
Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը մշակվել էր Կալիֆորնիայի կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը եւ Ադամ Շիֆը: Փաստաթուղթն արդեն ստորագրել է ավելի քան 100 օրենսդիր: Մայիսի 21-ին Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկել է օրինագիծը եւ ձայների մեծամասնությամբ հաստատել այն: Փաստաթղթի քննարկման համար պաշտոնական առիթ է համարվում Ցեղասպանության կասեցման եւ դատապարտման մասին Պայմանագրին` ԱՄՆ-ի միացման տարելիցը: Փաստաթուղթը պարունակում է 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունների հիշատակումը. հոլոքոսթ, Կամբոջիայի եւ Ռուանդայի ջարդերը, ինչպես նաեւ` հայերի ցեղասպանությունը: Ըստ էության, սա նոր մոտեցում է` արտաքնապես փոփոխելու այն նույն «հայկական բանաձեւը, որի ընդունումը կասեցրեց Սպիտակ տունը դեռեւս 2000թ.-ին: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ադմինիստրացիայի հզոր ճնշման արդյունքում նախկինում բանաձեւի ընդունմանը կողմ արտահայտված պալատի խոսնակը կամավոր որոշմամբ նախագիծը դուրս հանեց օրակարգից:

Փաստաթղթի ներկայիս տարբերակը նախորդից մի փոքր մեղմ է: Նոր խմբագրումը չի պարունակում ուղղակի մեղադրանքներ ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի հասցեին: Բանաձեւի նախագծում ընդհանրապես չեն հիշատակվում արյունալի իրադարձություններին մասնակից երկրների անունները: Սակայն, հենց «հայերի ցեղասպանություն» ձեւակերպումն Անկարայի համար բավականին վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Կոնգրեսի կողմից փաստաթղթի ընդունման դեպքում ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը: Իսկ դրանից հետո չեն կարող չառաջանալ իրավական հետեւանքներին առնչվող հարցեր: Ի տարբերություն այսպես կոչված «հայկական բանաձեւի», նոր օրինագիծն առանձին վերցված պատմական փաստին առնչվող փաստաթուղթ չէ: Ռադանովիչի եւ Շիֆի ներկայացրած նախագիծն ուղղված է ցեղասպանության վերացմանը եւ դատապարտում է դրա ցանկացած դրսեւորում: Հոլոքոսթի կողքին հայերի ցեղասպանության հիշատակումը կարող է փոխել փաստաթղթի նկատմամբ շատ կոնգրեսականների վերաբերմունքը, ովքեր գտնվում են հզոր հրեական լոբբիի ազդեցության տակ: Բանաձեւին դեմ քվեարկելով` սենատորներն, ըստ էության, դեմ կքվեարկեն հոլոքոսթին: Իսկ դա հղի է հակասեմիթականի խարան ձեռք բերելու հեռանկարով: Հայկական լոբբիստների նոր ռազմավարությունից բացի նկատելի է նաեւ գլոբալ քաղաքական մթնոլորտի փոփոխություն, որը կարող է նպաստել հարցի դրական լուծմանը: Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների սառեցումը, որն առաջացել էր Իրաքի դեմ ռազմական գործողությունների աջակցությանը` Թուրքիայի հրաժարականից, անկասկած կօգտագործեն Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները: Այս խումբն արդեն կազմված է 123 անդամից:

Այսպիսով, 2000թ.-ից հետո առաջին անգամ հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն ընդունելու իրական հնարավորություն է ստեղծվել: Եթե երկրորդ անգամ օրակարգ մտնելուց հետո օրինագիծն ընդունվի Կոնգրեսի վերին պալատի կողմից, այն կփոխանցվի Ներկայացուցիչների պալատին: Այնուհետեւ փաստաթուղթը կսրբագրվի Համաձայնեցման հանձնաժողովում եւ կրկնակի հաստատման համար կվերադարձվի սենատորներին ու ներկայացուցիչներին: Եվ միայն երկու պալատների կողմից վերջնական հավանության դեպքում փաստաթուղթը կհայտնվի նախագահի սեղանին: Ջորջ Բուշը թույլ կտա արդյո՞ք, որը գործը դրան հասնի: Երեք տարի առաջ Անկարայում Բուշ-ավագը հայտարարեց, որ «Եթե Ջորջն այնպիսի բան անի, որը կհանգեցնի ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացմանը, ապա ես կսպանեմ նրան»: Ներկայիս նախագահը միթե՞ հնարավորություն կտա թուրքերին հիշել նրա հոր անհաջող կատակը: Թե՞ նա, Բիլ Քլինթոնի օրինակով, բանաձեւի ընդունումն ամեն կերպ խոչընդոտելու համար կդիմի արգելված մեթոդներին: