16 հուլիսի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԻԲԵՐ-ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ԹԱԼԱՆՈւՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ
Պաշտոնական Բաքուն ոչինչ չի ձեռնարկում կրեդիտ քարտերի ջարդմամբ զբաղվող հաքերների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ:
«Նյու-Յորք Թայմս» թերթի տվյալներով, ՀՖԲ-ն (Հետաքննական ֆեդերալ բյուրոն) սկսել է հետաքննել ԱՄՆ-ի քաղաքացիների կրեդիտ քարտերը ադրբեջանցի հաքերների կողմից գողանալուն առնչվող գործը: Հայտնի է, որ Ադրբեջանում գործող կիբեր-հանցագործները գնորդներ էին գտնում չաթերի միջոցով: Փոքր գումարի դիմաց հաքերները տրամադրում էին իրենց կողմից գողացված քարտերի համարները: Սայթերը, որտեղ գործում էին նրանք, նույնպես ադրբեջանական էին: Դրանք տեղադրված են Բաքվում գրանցված սերվերների վրա: Հետաքննական ֆեդերալ բյուրոյի մամլո-քարտուղար Բիլ Մարրին օրերս հաստատել է, որ իր գերատեսչությունը «ներկայումս իրականացնում է մի քանի գաղտնի օպերացիաներ` ուղղված IRC-չաթերի միջոցով իրականացվող կրեդիտների գողացմամբ զբաղվող խուլիգաններին հայտնաբերելուն եւ վնասազերծելուն»: Ինչպես նշում է «Նյու-Յորք Թայմսը», միայն անցյալ տարում հաքերներն ամերիկացիներից գողացել են ավելի քան 850 միլիոն դոլար: Հայտնի չէ, թե այդ գումարի որ մասն է գողացված ադրբեջանցի հաքերների կողմից:
Ադրբեջանում այնպիսի պահվածք են ընդունել, կարծես չեն նկատում խնդրի ողջ լրջությունը եւ չգիտեն, որ երկրի կառավարությունը պատասխանատու է վիրտուալ միջավայրում կատարված անպատժելի հանցագործությունների համար: Ավելին, Բաքվի փորձագետները փորձում են հերքել կրեդիտ քարտերի գողացմանը ադրբեջանցիների մասնակցության փաստը: «Բացառված չէ, որ ադրբեջանական սերվերով աշխատող հաքերը գտնվի այլ երկրում»: Նման ենթադրությամբ է հանդես գալիս մասնավորապես Բաքվի «Էխո» թերթը: Միեւնույն ժամանակ, դժվար թե ՀՖԲ-ն չճշտված տեղեկություն տրամադրեր: Նման դեպքերում ադրբեջանական ԶԼՄ-ները սովորաբար ակնարկում են «հայկական հետքի» հնարավորությունը: Հենց այսպես եղավ անցյալ աշնանը, երբ ադրբեջանական հաքերները զանգվածային հարձակում կատարեցին մի շարք արաբական տեղեկատվական սայթերի վրա, որոնք փորձել էին կասկածի ենթարկել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի շինարարության հեռանկարները: Հատկանշական է, որ «վարակն» ուղարկվել էր «Մայքրոսոֆթ» ընկերության անունից: Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ ամերիկյան ընկերության անունից հանդես եկող կիբեր-հանցագործության իրականացնողները գտնվում էին Ադրբեջանում:

Արաբական «Maktoob.com» տուժած սերվերի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության փորձագետները առանց մեծ ջանքերի գտել էին հետքը, որը բերել էր Ադրբեջան: Իսկ Բաքվում փորձում էին այդ ամենը հայերի վրա գցել, որոնք իբրեւ թե իրենց ադրբեջանցու տեղ են ներկայացնում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ռեսուրսների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Էլմիր Վելիզադեն երկու շատ համարձակ հայտարարություն արեց` իբրեւ հայերը թաքնվում են ուրիշի IP հասցեով, կամ էլ նրանք ջարդել են ադրբեջանական սայթը, որից էլ եւ իրականացրել են արաբների վրա հարձակումը: Հենց դա էլ արել էին սաուդյան եւ ամերիկյան մասնագետները, որի արդյունքում էլ համոզվել էին, որ հանցագործությունը կատարել են ադրբեջանցի հաքերները:

Ժամանակին ադրբեջանցի կիբեր-հանցագործները փորձել էին գործել նաեւ Համացանցի (Ինտերնետի) հայկական տիրույթում: Սակայն Երեւանից տրված հակագրոհները թույլ չտվեցին նրանց պայքարի մեջ մտնել հայ մասնագետների հետ: 2000թ.-ի հունվարին գրեթե 2 տասնյակ հայկական սայթերի վրա հարձակմանն ի պատասխան, «Լիազոր» մասնագիտական խումբը պատժի յուրօրինակ ակցիա իրականացրեց: Նախեւառաջ շարքից հանվեցին հարձակման կազմակերպիչների սայթերը, այնուհետեւ մի գիշերվա ընթացքում հսկողության տակ վերցվեցին մի քանի տասնյակ ադրբեջանական կարեւորագույն սայթեր: Դրանց թվում էին նաեւ` համացանց-մատակարարող ընկերությունների էջերը, որոնց ծառայություններից օգտվում էին ադրբեջանցի հաքերները: Վերցված բոլոր սայթերի վրա տեղադրվել էր հետեւյալ գրությունը` «Մի արթնացրու չարին, քանի դեռ նա հանգիստ է»: Հաքերներին պատժելով` «Լիազոր» խումբը, բարի կամք դրսեւորելով, վերադարձրեց բոլոր դոմեյնները:

Կիբեր-տարածությունում օրինականության պահպանման համար ադրբեջանցի պատասխանատու անձինք չեն կարող չգիտակցել, թե երկրի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ համակարգչային ավազակությունը: Հաքերությունն ամբողջ աշխարհում խստորեն դատապարտվում է: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները ընդունել են «կիբերհանցագործության դեմ պայքարի» մասին կոնվենցիան, որը պատժամիջոցների կիրառում է նախատեսում այն երկրների հանդեպ, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի «արտաքին ագրեսիայով» զբաղվող հաքերների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց անմիջապես հետո միացել է այդ կոնվենցիային: Ադրբեջանը մինչ օրս հետաձգում է այդ փաստաթղթի ստորագրումը: Եվ ոչ` պատահականորեն: Ենթադրվում է, որ ժամանակն է, որ հապատասխան միջազգային կառույցները առաջադրեն ընդունված կաննոները խախտող երկրի` ԵԽ-ին անդամագրվելու թույլտվության հարցը: