24 սեպտեմբերի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈւՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵւՈՎ
Բաքվի ազգայնականները կազմակերպել են հերթական գրոհը:
Ֆաշիստ երիտասարդները պղծել են Բաքվում կանգնեցված առաջին համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացի զինվորների հուշարձանը: Բարբարոսները բենզինով են հեղեղել հուշակոթողը: Որոշ տվյալների համաձայն, նրանք փորձել են հուշարձանն այրել, սակայն չեն հասցրել: Անգլիացիներն ադրբեջանցիների նման վերաբերմունքին են արժանացել միայն այն պատճառով, որ 1918 թվականին նրանք փորձել են կասեցնել թուրք ազգայնականների իրականացվող էթնիկական զտումները:
Բրիտանացի զինվորականները չէին կարողացել անտարբերության մատնել Բաքվում իշխանության գլուխ կանգնած մուսավաթականների կազմակերպած զանգվածային անկարգությունները: Նրանք ստիպված են եղել պաշտպանել տեղացի հայերին այսպես կոչված «Կովկասյան իսլամական բանակ» խմբավորման հարձակումներից: Այս խմբի գրոհայինների ձեռքով էլ հենց զոհվել են բրիտանացի զինվորները: Գեներալ Դենսթերվիլի հրամանատարությամբ Բաքու ժամանած հազար զինվորներից 47-ը սպանվել էր: Երբ քաղաք է մտել թուրք բանակը, եւ անգլիացիները համոզվել են, որ չեն կարող դիմագրավել հարձակումներին, գեներալն իր ռազմանավերին հրամայել է թողնել Բաքվի նավահանգիստը: Դրանից անմիջապես հետո Բաքվում սկսվել են հայերի մասսայական կոտորածները:

Քարակոթողը, որի վրա փորագրված են ադրբեջանցիների կողմից սպանված 47 բրիտանացիների անունները, կանգնեցվել էր ընդամենը մի քանի օր առաջ: Դրա բացումը նախատեսված էր սեպտեմբերի 24-ին` կապված տխրահռչակ իրադարձությունների 85-րդ տարելիցի հետ: Հուշակոթողի բացմանը մասնակցելու համար Բաքու էին ժամանելու թագավորական ընտանիքի անդամ Քենթի հերցոգը եւ Բրիտանական ընկերակցության ռազմական թաղումների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Ջորջը: Սակայն ադրբեջանական ազգայնականների բարձրացրած հիստերիան կասկածի տակ դրեց միջոցառման բացման արարողության անցկացումը: Երկրի մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ բողոքի ելույթներով են հանդես եկել անգլիացիներին նվիրված հուշակոթողի կանգնեցման վերաբերյալ, որոնց մեղադրում են հայերին պաշտպանելու մեջ: Արդյունքում բրիտանական «ֆորին օֆիսում» որոշել են ռիսկի չգնալ եւ հետաձգել են այցելությունը: Պաշտոնական հայտարարություններում ասվում է, որ «այցը հետաձգվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հետ փոխհամաձայնությամբ» եւ հավաստվում է, թե այն կապված չէ ազգայնականների ագրեսիվ ելույթների հետ: Սակայն իրական պատճառները բոլորին էլ հասկանալի են: Այն ամենից հետո, ինչ խոսվել էր ազգայնականների հավաքների ժամանակ, բրիտանական դեսպանության ղեկավարության համար բավարար հիմքեր կարող էր ստեղծել թագավորական ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ անհանգստանալու: Այցի հրաժարվելու մասին հերցոգի որոշումը ողջունելով` Բաքվում տպագրվող «Զերկալո» թերթը գրում է. «Կարծես թե անգլիացիներն ըմբռնեցին հուշակոթողի դեմ ուղղված հասարակության ձայնը»: Հրապարակման տեղեկատվությամբ, քարակոթողի բացումը հետաձգվել է: Սակայն, ինչպես պարզվեց, հուշակոթողը միեւնույն է ապականվեց: Այնքան էլ դժվար չէ պարզել, թե ովքեր են կազմակերպել այդ բարբարոսական ակտը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հուշակոթողների կանգնեցման դեմ ուղղված բոլոր ակցիաների նախաձեռնողը եղել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նագին:

Դեռեւս կարելի է ենթադրել, թե այս պատահարն ինչպես կանդրադառնա ադրբեջանա-բրիտանական երկկողմ հարաբերությունների վրա: Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես «ափսոսանք է հայտնվում բարբարոսական ակտի իրագործման վերաբերյալ»: Բայց դժվար թե միայն դրանով ամեն ինչ ավարտվի, եւ Լոնդոնում հեշտությամբ մոռացության մատնեն հասցված վիրավորանքը: