10 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Ո՞ւՄ Է ԾԱՌԱՅՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ
Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կախյալ վիճակի մեջ է հայտնվել թուրքական հատուկ ծառայություններից:
Եվրոպական Միությանն անդամակցելու` թուրքերի հավակնություններն, այնուամենայնիվ, պաշտոնական Անկարային չստիպեցին հրաժարվել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականությունից: Թուրքիայի ղեկավարությունը ճնշման հատուկ միջոցներ է կիրառում Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մուտաֆյանի հանդեպ: Հայրենակիցների ճակատագրով անհանգստացած հայ պատրիարքը վաղուց արդեն հատուկ ծառայությունների փաստացի գերին է դարձել: Սակայն արքեպիսկոպոսի հնազանդությունը չի թեթեւացրել այն սակավաթիվ հայերի ծանր տառապանքները, որոնք դեռեւս չեն լքել Թուրքիան:
Մեսրեպ Երկրորդը Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու հովվապետն է դարձել թուրքական իշխանության հավանությամբ, որը երկար ժամանակ խոչընդոտում էր պատրիարքի ընտրությունների կայացմանը: Անկարան թույլատրեց հոգեւոր բարձրագույն խորհրդի հրավիրումը միայն այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները պայմաններ ստեղծեցին Մեսրոպ Մութաֆյանի կախվածությունն ապահովելու համար: Այսօր ամեն անգամ իշխանություններն օգտագործում են շանտաժի զոհ դարձած արքեպիսկոպոսին, երբ անհրաժեշտ է լինում հերքել էթնիկ փոքրամասնությունների ճնշման փաստերը եւ կամ հակազդել 1915 թվականի Եղեռնի ճանաչմանը: Անցյալ շաբաթ, հենց արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ, թուրքերին հաջողվեց խուսափել ԵՄ-ի առջեւ վերցված պարտավորությունների շրջացման հետ կապված լուրջ խնդիրներից: Երկրի քրիստոնյա փոքրամասնությունների առաջնորդները Եվրախորհրդի ղեկավարությանն ուղղված դիմում էին պատրաստել, որտեղ կոչ էր արվում ազդել Թուրքիայի ղեկավարության վրա, որպեսզի դադարեցվեն ճնշումները: Ուղերձը պատրաստ էին ստորագրել Կոնստանտինապոլսի համայն հունական պատրիարքը, Թուրքիայում բնակվող կաթոլիկների եւ ուղղափառ ասորիների հոգեւոր առաջնորդները: Սակայն դիմումի բովանդակության մշակմանը մասնակցած Մեսրոպ Երկրորդն ամեն հնարավորն արեց, որպեսզի ուղերձը չուղարկվի Բրյուսել: Թուրքական իշխանության կողմից հետապնդվող հայ պատրիարքը քրիստոնյաներին կոչ արեց չշտապել խնդիրը եվրոպական մակարդակով բարձրացնելու` իր դիրքրոշումը փաստարկելով նրանով, որ բողոքի արդյունքում ճնշումներն ավելի կուժեղանան: Քրիստոնեանական կրոնի մյուս ներկայացուցիչների վրա ունեցած ազդեցությունն օգտագործելով` Մութաֆյանը կարողացավ հասնել նրան, որ փաստաթուղթն ուղարկվի ոչ թե Եվրահանձնաժողով, այլ` Թուրքիայի խորհրդարան եւ կառավարական մարմիններ: Այսինքն, այն նույն մարդկանց, որոնք կյանքի են կոչում ազգային խտրականությունների քաղաքականությունը:

Սա արքեպիսկոպոսի միակ տարօրինակ պահվածքը չէ, որ թելադրված է Անկարայի կողմից: Ժամանակին, շանտաժին տեղի տալով, պատրիարքը ստիպված էր իր բողոքն արտահայտել Վատիկանի կողմից հայոց ցեղասպանության փաստի ընդունման առիթով: 2000թ.-ի նոյեմբերին Մեսրոպ Մութաֆյանը ոչ միայն հրաժարվեց ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հանդիպմանը, այլեւ դատապարտեց հոգեւոր առաջնորդներին` ցեղասպանությունը հիշատակող միասնական հուշագրի ընդունման առիթով: Կոնստանտինոպոլսի պատրիարքարանի առաջնորդը լուռ համաձայնեց նաեւ կառավարության պահանջներին այն ժամանակ, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշեց, որ արքեպիսկոպը պետք է ուղեկցի Ռեջեբ Էրդագոնին նրա եվրոպական շրջագայության ընթացքում: Մութաֆյանին ոչինչ չէր մնում անելու, քան եվրոպացիներին ստել, թե Թուրքիայում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մեսրոպ Երկրորդը կատարել է այն ամենը, ինչ նրանից ակնկալում էին թուրք իշխանավորները: Նրան դարձրել են ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման պատրաստակամությանն ուղղված քարոզարշավի գլխավոր գործող անձը:

Պատրքիաքի հնազանդությունը հեշտ կլիներ արադարացնել, եթե նրա պատրաստակամության արդյունքում թուրքական կողմը նույնպես պատասխան զիջումներ աներ: Սակայն, լիովին ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան ոչ մի կերպ չի թուլացնում հայերի հանդեպ վարած խտրական քաղաքականությունը: Պատրիարքարանը եւս պաշտպանված չէ, որի իրավունքները մինչ օրս կարգավորվում են մի քանի հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության սուլթանի կողմից ընդունված փաստաթղթով: Հատկանշական է, որ վաղուց հնացած այդ փաստաթղթի պահանջները նույնպես անտեսվում են Թուրքական Հնարապետության կառավարության կողմից, որը բռնագրավում է հայ պատրիարքարանին պատկանող հողային տարածքները: Թուրքերը բավականին հետաքրքրական ձեւով վճարեցին Մեսրոպ Երկրոդի վերջին ծառայության դիմաց: Խոչընդոտելով քրիստոնյա փոքրամասնությունների դիմումի ուղարկմանը Եվրամիություն` արքեպիսկոպոսն իզուր էր վարձատրություն ակնկալում: Ընդամենը մի քանի օր հետո, հատուկ ծառայություններն արգելեցին նրան հովվապետական այցով մեկնել Վանա լճում գտնվող Ախթամար մենաստանը: Կոնստանտինապոլսի պատրիարքարանի առաջնորդն, ըստ էության, սահմանափակված է տեղաշարժվել նույնիսկ երկրի սահմանների ներսում: Այս հանգամանքը դժվար թե աննկատ մնա: Հոկտեմբերի վեցին Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը պատրիարքին առաջարկեց հանդիպել եւ քննարկել հայ համայնքի իրավունքների հետ կապված խնդիրները: Ամենայն հավանականության, այդ հանդիպման պատճառներից մեկն էլ հենց կապված էր Վան չկայացած այցելության հետ: Դժվար է դատել, թե որքանով էր պատրիարքը անկեղծ ամերիկյան դիվանագետի հետ զրույցում: Թուրքիայի հետ լարված հարաբերություններում գտնվող եւ դիվանագիտական կապեր չունեցաղ Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիայում բնակվող հայերի իրավունքները: Այս պայմաններում Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, իրավունք չունեն անտարբերություն ցուցաբերել թուրք կառավարության կողմից իրականացրած ցեղասպանությունից հրաշքով փրկված հայկական համայնքի ճակատագրի հանդեպ: Արեւմուտքը պարտավոր է ջանքեր գործադրել ստիպելու Անկարային հրաժարվել հայերի հանդեպ վարած խտրական քաղաքականությունից: