21 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
«ԳՐԱՆՑՎԱԾ ԽԱԽՏՈւՄՆԵՐԸ ՆՈՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈւ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ»
- հայտարարում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքին հետեւած դիտորդները:
Ադրբեջանում կայացած ընտրությունների ընթացքն ապացուցեց, որ իշխանությանը կառչած վարչակարգի համար ժողովրդավարական արժեքները ոչ մի նշանակություն չունեն: Նման քանակի կեղծիքներ եւ իրավախախտումներ չէին ակնկալում նույնիսկ ամենահոռետես տրամադրված մեկնաբանները: Իրականությունն առավել վատթար եղավ, քան նրանք կանխատեսում էին: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների դիվանագիտորեն ձեւակերպված արձագանքները, որոնք փորձում էին Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրություններին տրված գնահատականներում պահպանել հավասարության սկզբունքը, թույլ են տալիս նկատել, որ Բաքվի իշխանավորները չափն անցել են: Իլհամ Ալիեւի լիգիտիմության մեջ կասկածելու հիմքերը բավականին շատ են:
Ծանոթանանք միջազգային դիտորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ մեծ տերությունների արտաքին գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների գնահատականներին: «Դժբախտաբար, ես հիասթափված եմ», «Ընտրական գործընթացը մի շարք առումներով չէր համապատասխանում միջազգային չափանիշներին», «Այս ընտրություններով բաց թողնվեց ժողովրդավարական ընտրական գործընթաց ապահովելու հնարավորությունը», «Մեզ հատկապես անհանգստացնում է նախընտրական քարոզարշավում թեկնածուների համար ստեղծված վախի եւ անհավասարության պայմանները»: Սրանք մեջբերումներ էին մամլո-ասուլիսում Փիթեր Այքերի ելույթից, որը խոսում էր ԵԱՀԿ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների Բյուրոյի միասնական դիտորդական առաքելության, ԵԱՀԿ խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անունից: Այքերը մատնանշել է բազմաթիվ խախտումներ. քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, քվեարկության արդյունքների խեղաթյուրում, ընտրական թերթիկների դուրսբերում ընտրատարածքներից, միեւնույն անձանց քվեարկումը տարբեր տեղամասերում, կողմնակի անձանց ներկայությունը ընտրատեղամասերում, որոնք միջամտել են ընտրական գործընթացին: Նա նշել է, որ «քվեարկությունից հետո, գիշերը մեծ բռնություններ են տեղի ունեցել»: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը չի հիշատակել, որ ինքը նույնպես այդ բռնության զոհն է դարձել: Նրա փոխարեն այդ մասին տեղեկացրին իր գործընկերները: Լեհաստանի դիտորդ Խաննա Գռոզդեցկոյի խոսքերով, Փիթեր Այքերը ծեծվել էր «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության շտաբի վրա Ներքին գործերի նախարարության հատուկ ծառայության գրոհի ժամանակ: Նա նշել է, որ «կոնֆլիկտը հրահրվել էր ռազմական հատուկ նշանակության խմբի կողմից, որին աջակցում էին ոստիկանները»: «Ցուցարարները իրենց զգաստ էին պահում եւ չէին գրգռում մյուս կողմին: Այնպիսի տպավորություն էր, որ կառավարական ուժերը պատերազմում են սեփական ժողովրդի դեմ»,- ասել է դիտորդը: (Ինչպես հայտնի է, բողոքի ցուցի ցրման արդյունքում մարդիկ են զոհվել: Հայտնի է ընդդիմության կողմնակից 51-ամյա Գամիդագի Զախիդովի մահվան պատճառները, որի գանգը ջարդել էին հատուկ նշանակության խմբի աշխատակիցները: «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովի տվյալների համաձայն, զոհվել են նաեւ մի երեխա եւ մեկ ծեր կին: Ցուցարարների ցրումից հետո սկսվել են ընդդիմության առաջնորդների զանգվածային ճնշումները: Ակցիայի ավելի քան 200 մասնակից ձերբակալվել է: Նրանցից շատերը ենթարկվել են գազանային ծեծի, Ոմանց ոտքերը եւ ձեռքերը ջարդված են):

Այքերի գործընկերներն առավել հակված էին խոսելուն: Դիտորդների սերբական խմբի ղեկավար Միլան Ստեֆանովիչը նշել է, որ «բոլոր 124 տեղամասերում դիտորդների կողմից արձանագրված խախտումները հիմք են տալիս նոր ընտրություններ անցկացնելու համար»: Մեկ այլ դիտորդ Իվլիան Խիանդրավան ասել է, որ իր գործընկերները խախտումների եւ կեղծիքների մասին վկայող նյութեր պարունակող չորս արկղ ունեն: Նրա խոսքերով, հայտնի են դեպքեր, երբ «արձանագրությունները տեղամասերից բերվում էին տարածքային հանձնաժողովներ դատարկ վիճակում, որտեղ դրանք լրացվում եւ կնքվում էին փակ դռների ետեւում»: Միաժամանակ նա ցուցադրեց Իլհամ Ալիեւի օգտին կեղծված ընտրաթերթիկ: Իսկ խաննա Գռոզդեցկան հավաստեց, որ ինքը իշխող կուսակցության իրականացրած մի շարք խախտումների ականատեսն է եղել: ԵԱՀԿ առաքելության անդամ Դիլյարա Սեիդվելիեվան հայտնել է, որ «ընտրատեղամասերից մեկում դիտորդները նախագահողի սեղանին հայտնաբերել էին Իլհամ Ալիեւի օգտին արդեն քվեարկած թերթիկների ծրարի կապոց»: Դիտորդ Ահտեմ Չիյգոզը պատմել է, որ քվեարկության ընթացքին հետեւել է 35 տեղամասում: «Բոլոր 35 տեղամասերում էլ տեղի են ունեցել կոպիտ խախտումներ»,- ասել է նա: «Առավել հաճախակի երեւյթներից էր թերթիկները պատահական մարդկանց տալը: Առանց փաստաթղթերի ստուգման, մարդկանց խմբերի բաժանվում էին քվեաթերթիկները: Երբ մենք նշեցինք, որ դա անօրինական է, նրանք ասացին, որ ընտրողները չափից շատ են, եւ փաստաթղթերի ստուգման համար ժամանակ չկա: Մի քանի տեղամասերում տեղական դիտորդներին դուրս են շպրտել: Ընդ որում, երբեմն դա արվել է ոչ թե ոստիկանների, այլ բանդաների միջամտությամբ: Մկանուտ տղաները շրջում էին եւ օր ցերեկով սպառնում»:

Բերված գնահատականները եւ նկատողությունները, բնականաբար, դուր չեն եկել Բաքվի իշխանավորներին: Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ Հեյդար Ալիեւի եղբայր, պատգամավոր Ջալալ Ալիեւը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Այքերին անվանել է «ֆաշիստ»: «Այքերի նմանների համար Ադրբեջանում տեղ չկա»,- ասել է Ալիեւը: Նմանատիպ հայտարարությունը Ադրբեջանի համար նորություն չէ: Ժամանակին այդ երկրի խորհրդարանում կոչեր արվեցին ծեծել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձանախմբի Ադրբեջանի հարցով զեկուցող Անդրեաս Գրոսին, եթե նա համարձակվեր գնալ Բաքու: Սակայն Գրոսը չդադարեց խոսել այն մասին, որ Ադրբեջանում կան բավականաչափ քաղաքական բանտարկյալներ: Ընտրությունների ընթացքին նա անձամբ էր հետեւում: Հոկտեմբերի 15-ի «միջոցառման» վերաբերյալ նրա եզրահանգումները միանշանակ են: «Այս ընտրություններով Ադրբեջանը կորցրեց երկրում ժողովրդավարության հաստատման հնարավորությունը»,- հայտարարել է Անդրեաս Գրոսը: Նա իշխանություններին դատապարտել է նրանում, որ թույլատրել են ընդդիմության ցույցի ցրումը: Նրա խոսքերով, նմանատիպ ոստիկանական ակցիաները «խաթարում են յուրաքանչյուր ընտրական գործընթաց»:

Ընտրություններից չափազանց դժգոհ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղար Վալտեր Շվիմերը: Նա «ծայրահեղ հիասթափություն է» հայտնել, որ «Ադրբեջանը հերթական անգամ բաց թողեց եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու հնարավորությունը»: Շվիմերը դատապարտել է ընտրություններին զուգորդվող բռնությունները եւ իշխանություններին կոչ է արել «գործել պատասխանատվության զգացումով» եւ «անմիջապես սկսել ընդդիմության հետ բանակցությունների վրա հիմնված ժողովրդավարական ռեֆորմների գործընթացը»:

ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի տնօրեն Քրիստիան Ստրոգալը «խիստ անհանգստություն է հայտնել ընդդիմության առաջնորդների եւ ներկայացուցիչների ինքնակամ ձերբակալությունների վերաբերյալ»: Նա մասնավորապես դատապարտել է ընտրական հանձնաժողովների այն անդամների ձերբակալությունները, որոնք հրաժարվել են հաստատել ընտրությունների արդյունքները:

Միացյալ նահանգները կիսում է ԵԱՀԿ-ի գնահատականներն այն մասին, որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին: Նրա խոսքերով, «ամերիկյան դիտորդները ականատես են եղել ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, ստիպողական քվեարկությանը եւ այլ խախտումներին»: «Մենք նաեւ անհանգստացած ենք ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների առիթով»,- ասել է Ադամ Էրելին: «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած իր պարտավորությունները եւ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը»- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի նախագահի ընտրություններում լրագրողների հանդեպ կիրառած բռնությունների կապակցությամբ: Այդ իրադարձությունների ընթացքում շատ լրագրողներ ծեծվել են ոստիկանների կողմից»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: (Ինչպես հայտնի է, ընտրությունները լուսաբանող 25 տեղական եւ միջազգային լրագրողներ լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանցից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց): «Հիշեցնում ենք, որ միջազգային հանրության համար ընտրությունների ժամանակ մամուլի ազատությունը այն հիմնական չափանիշներից է, որով ճանաչվում է ընտրությունների լիգիտումությունը»,- ասված է Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարության մեջ:

Այս բոլոր հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ միջազգային հանրությունը մտադիր չէ անտեսել Ադրբեջանի իշխանությունների կողմից ժողովրդավարական հիմնական չափանիշների ոտնահարման դեպքերը: Նույնիսկ ալիեւյան վարչակարգին գնահատականներ տալու մեջ զսպվածություն պահանջող Արեւմուտքի հստակ արտահայտված քաղաքական շահի առկայությունը ի վիճակի չէ ստիպել աչքերը փակել Ադրբեջանում կատարվածի առջեւ: