22 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՍՊԻՏԱԿ ՏՈւՆԸ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ
Եթե թուրքերն հրաժարվեն մասնակցել Իրաքում նախատեսվող խաղաղարար գործողություններին, Վաշինգտոնը կարող է հիշել հայերի ցեղասպանության մասին:
Կարծես թե, Թուրքիայի իշխանությունները գիտակցել են, որ իզուր են շտապել դրական արձագանք տալ թուրքական խաղաղարար խումբն Իրաք ուղարկելու` ամերիկացիներին պահանջին: Երեկ արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Աթենքում ընթացող իր գործընկեր Պանդրեուի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է` Անկարան վերանայի իր որոշումը: Նախապես ձեռք բերված համաձայնության փոփոխությունը հնարավոր է համարել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդագոնը: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Անկարան գուցե վերանայի Իրաք 10 հազարանոց խաղաղարար ուժերի ուղարկման մասին որոշումը: Այս տեղեկությունը Վաշինգտոնում ծայրահեղ դժգոհություն է առաջացրել: Իրադրության զարգացումը հղի է ամերիկա-թուրքական հարաբերությունների նոր լարումներով:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թուրքիայի բնակչության ավելի քան 90 տոկոսը դեմ է արտահայտվել թուրքական խաղաղարարների ուղարկմանը, որոնց կյանքը, երկրի քաղաքացիների կարծիքով, կարող է վտանգի տակ դրվել: Դժվար չէ հասկանալ նման անհանգստությունը` նկատի ունենալով, որ Իրաքի հյուսիսում բնակվող քրդերի առաջնորդները կտրականապես դեմ են արտահայտվել թուրքական բանակի ներկայությանը եւ նույնիսկ սպառնացել են զինված հակագրոհի դուրս գալ թուրքերի դեմ: Ամերիկացիների կողմից ինչ-որ չափով վերահսկվող ջոկատի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են թուրքերին սվիններով դիմավորել: Ընդդիմությունն արդեն կառավարությանը մեղադրել է նրանում, որ այն պատրասվում է իր զինվորներին ուղարկել գնդակներին դեմհանդիման: Բացի այդ, Անկարան անհանգստացած է նաեւ այն հանգամանքով, թե իր պահվածքն ինչպես կընդունի իսլամական հանրությունը: Նման իրադրությունում վարչապետի սխալը հղի է ճգնաժամով: Էրդագոնի վարկանիշն ընկնում է այն նույն արագությամբ, որքանով մեծանում է երկրի սոցիալական լարվածությունը եւ խորանում է քաղաքական ճգնաժամը:

Ըստ երեւույթին, Էրդագոնը ենթարկվել է քուրդ առաջնորդների եւ իսլամական աշխարհի առաջնորդների ճնշումներին եւ արդեն պատրաստ է հրաժարվել ամերիկացիներին տրված խոստումից: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ խոստացված աջակցության փոխարեն Վաշինգտոնը Անկարային տրամադրել էր 8.5 միլիոն դոլարի վարկ: Սակայն խիստ միամիտ պետք է լինել, կարծելու համար, թե թուրքերը կստանանա այդ գումարները, եթե հրաժարվեն իրենց խոստումը կատարելուց: Ավելի շուտ Անկարան ոչինչ չի ստանա այն գումարից, որ Էրդագոնը կարողացել էր սակարկել Բուշի հետ: Ավելին, ամերիկացիները լիարժեք բարոյական իրավունք կունենան աջակցել իրաքյան քրդերին, որոնք ձգտում են ստեղծել սեփական պետական միավորումը:

Առաջին անգամ չէ, որ թուրքերը խաբում են ամերիկացիներին: Ամենապատասխանատու պահին Անկարան հրաժարվեց մասնակցել Հուսեյնի վարչակարգի տապալմանն ուղղված ռազմական գործողություններին: Բուշի վարչակարգը լի էր անվստահելի գործընկերոջը պատժելու վճռականությամբ: Հակամարտության լրջության աստիճանի մասին են վկայում ԱՄՆ պաշտպանության նախարար Պոլ Վուլֆովեցի հայտարարությունները: CNN-Turkey հեռուստաընկերությանը տրված հացազրույցում նա նշել է, որ Անկարայի հետ Վաշինգտոնի համագործակցության մասին խոսք լինել անգամ չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը չի ընդունի, որ սխալվել է: նա Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է Սադամի հետ առանձին բանակցություններ անցկացնելու մեջ: «Արդյունքում կորուստներ կրեց Թուրքիայի բնակչությունը»,- ասել է Վուլֆովեցը` ավելացնելով, որ «առայժմ կառավարությունը չի էլ պատկերացնում, թե ինչի առաջ է կանգնեցրել իր ժողովրդին»: Պենտագոնում երկրորդ դեմքը հասկացնել է տվել, որ Անկարան ոչ միայն վարկեր չի ստանա, այլեւ` կզրկվի Իրաքի պետական կառուցվածքի ստեղծման վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից: Նա նաեւ ակնարկել է, որ հնարավոր է` Ինջերլիկ քաղաքում տեղեկայված ամերիկյան զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից:

Թուրքերը դժվարությամբ հաղթահարեցին իրենց կամակորության հետեւանքները. ճիշտ ժամանակին արված եզրահանգումների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել Միացյալ նահանգների պատժամիջոցներից: Եվ ահա այժմ Անկարան կրկին Վաշինգտոնին առիթ տվեց հիշել մեկ անգամ արդեն արտահայտած սպառնալիքի մասին: Ժամանակին թուրքական մամուլում դիվանագիտական աղբյուրներին հղում անելով` հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ Սպիտակ տունը սպառնացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը, եթե Թուրքիայի իշխանությունները չդադարեցնեն սակարկել պատերազմին մասնակցելու գնի շուրջ: «Ջումհուրիեթ» թերթը տվյալներ էր հրապարակել այն մասին, որ Սադամի դեմ պատերազմում մասնակցելու` թուրքերի հրաժարականի դեպքում, Միացյալ նահանգները խոստացել է աջակցել կոնգրեսում հայերի ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: «Կոնգրեսում հայերի կողմնակիցները վաղուց արդեն առիթ են փնտրում կրկին սկսել հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունման քարոզարշավը»,- գրել է թերթը:

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ սպասվելիք լարվածության կծիկը կրկին կարող է արդիական դարձնել ցեղասպանության թեման: Այն նշանակալիորեն կավելացնի օրինագծի հաջողության հնարավորությունները, որին արդեն կողմ են արտահայտվել Ներկայացուցիչների պալատի ավելի քան 30 տասնյակ անդամներ: Ամերիկայի հայկական լոբբին վաղուց արդեն հարմար առիթի է սպասում, որպեսզի այսպես կոչված «հայկական բանաձեւը» ներկայացնի օրենսդիրների դատին: Բացառված չէ, որ այդ հարմար առիթը կստեղծվի շատ շուտով: