23 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎՐԱՍՏԱՆՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈւԼԱՆԱՆ
Ապագայում Վրաստանի խորհրդարանում հայերն ավելի քիչ կլինեն, քան այժմ:
Նոյեմբերի երկուսին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կարող են սահմանափակել հայկական համայնքի ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացում: Կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած համամասնական ցուցակները հաստատում են, որ երկրի այժմյան իշխող քաղաքական էլիտան հայերին ավելի քիչ ուշադրություն է դարձնում: Սա կարելի է ասել նաեւ որոշ ընդդիմադիր ուժերի մասին, որոնք նախընտրում են տեղեր հատկացնել ադրբեջանցիներին: Նման ընթացքը թույլ է տալիս նկատել, որ Վրաստանի հայկական համայնքն այնքան էլ մեծ շանսեր չունի խորհրդարանում պահպանել ներկայացուցիչների այժմյան քանակը:
Այսօր խորհրդարանում աշխատում է վեց հայ: Նրանցից երեքն ընտրվել է մեծամասնական կարգով Սամցխե-Ջավախեթիայից, մյուսներն անցել էին «Վրաստանի քաղաքացիների միություն» իշխող կուսակցության ցուցակով: Օրենսդիր մարմնի նոր կազմում առայժմ հայերին երաշխավորված է միայն երկու տեղ: Երեք մանդաթ հարցականի տակ է, իսկ եւս երեքը` խիստ կասկածելի: Բանն այն է, որ նախագահ Շեւերդնաձեի ղեկավարած «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը կուսակցական ցուցակում հայերին ընդգրկել է 50-րդ կետից հետո: Նկատի ունենալով իշխանական կուսակցության իրական վարկանիշը` դժվար է վստահ լինել, որ նախագահին կհաջողվի խորհրդարան մտցնել այդքան շատ թվով կողմնակիցներ: Միեւնույն ժամանակ եւ 54-րդ տեղը զբաղեցրած հայկական համայնքի առաջնորդ, 29-ամյա իրավաբան Արնոլդ Ստեփանյանը, եւ 59-րդ համարում ներկայացված պատգամավոր Գիվի Շուգարովն իրենց քաղաքական կարիերայի ողջ ընթացքում հավատարմորեն ծառայել են ոչ միայն վրացական պետությանը, այլեւ` անձամբ նախագահին: Նրանք երկուսն էլ բոլոր հիմքերն ունեին ակնկալել ամենալավ վերաբերմունքը: Էդուարդ Շեւերդնաձեի մեկ այլ նվիրյալի, քաղաքագետ, «Վրաստան» թերթի գխավոր խմբագիր Վան Բեյբուրդի անունն ընդհանրապես չի ընդգրկվել ցուցակում: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Մովսիսյանին, ապա նրան առաջարկված 108-րդ տեղը պարզապես արհամարհանք կարելի է համարել: Սա այնքան էլ զայրացնող չէր լինի, եթե «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված չլիներ 9 ադբեջանցի: Ընդ որում, նրանցից երկուսը զբաղեցնում են անցումային տեղեր: (Մուբարիս Կարաեւը 38-րդ տեղում է, իսկ Դավիթ Ահմեդովը` 50-ում):

Արմատական ընդդիմությունն, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում մեր համերկրացիներին: «Ազգային շարժում-Դեմոկրատական ճակատ» դաշինքի ցուցակում ընդհանրապես հայեր չկան: Եվ սա այն դեպքում, երբ միավորման ղեկավար Միխայիլ Սաակաշվիլուն վրացական ազգայնականները վերագրում են հայկական ծագում եւ մեղադրում են հայամետ քաղաքականություն վարելու մեջ: Նկատենք, որ արմատական ընդդիմության ղեկավարը զգուշությամբ է վերաբերվում ադրբեջանցիներին, սակայն ժամանակին առանձնանում էր շովինիստական հայտարարություններով` անվանելով նրանց «խղճուկ ազգ»: Ադրբեջանցիները ընդգրկված են «Ազգային շարժում» կուսակցության ցուցակի ոչ միայն անցումային տեղերում, այլեւ` դաշինքը ներկայացնող մեծամասնական թեկնածուների շարքում: Այլ քաղաքական ուժերի համեմատ, հայկական համայնքի հանդեպ ուշադիր է խորհրդարանի խոսնակի ղեկավարած «Բուրջանաձե-ժողովրդավարներ» ընդդիմադիր դաշինքը: Ախալքալաքի պատգամավոր Մելիք Ռաիսյանը 24-րդ տեղում է, իսկ Հայկական մշակութային բարեգորածական միության ղեկավար Հենրիխ Մուրադյանը` 29-րդ: Նրանց շանսերը բավականին մեծ են: Հաջողության ավելի քիչ հույս ունի բաթումցի Արմեն Գեւորգյանը, որը զբաղեցնում է Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի ղեկավարած «Ազգային վերածննդի միություն» դաշինքի ցուցակի 40-րդ տեղը: Դաշինքի ցուցակում ներառվել է նաեւ Սաշա Ալեքսանյանը` 55-րդ համարի տակ: Մեծամասնական կարգով ներկայացված թեկնածուներից իրական հնարավորություններ ունի ձեռներեց Համլետ Մկոյանը, որին Նինոց Մինդայի շրջանում աջակցում է իշխող կուսակցությունը: Նրա մրցակից Կոլյա Գրիգորյանը ընտրություններին գնում է «Բուրջունաձե եւ դեմոկրատներ» դաշինքի դրոշի ներքո: Ախալքալաքում իրադրությունն առավել անկանխատեսելի է: Այստեղ կողմնակից են Համլետ Մովսիսյանին, որին հովանավորում է Նինո Բուրջանաձեն, եւ «Հանուն նոր Վրաստանի» միավորման աջակցությունն ունեցող Համլետ Շահբազյանին: Օլիգարխ Գեորգի Թոփաձեի ղեկավարած «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» դաշինքն Ախալքալաքում նույնպես ունի իր թեկնածուն: Դա ձեռներեց Մերուժան Եզոյանն է: Անկուսակցականներ Անաստաս Կոսյանը, Արթուր Երեմյանը եւ Սերգեյ Պողոսյանը առաջադրված են նախաձեռնող խմբերի կողմից: Երաշխիքներ չկան, որ բազմազգ Ցալսի շրջանում կընտրվի հայ: Այժմ այդ շրջանը խորհրդարանում ներկայացնում է «քաղաքացիների միություն» կուսակցության անդամ Յուրի Խեչոյանը: Ընտրություններին նրա հետ կմրցակցեն Հայկ Մելթոնյանը, Վան Բեյբուրդը, Արմեն Կարագյոզյանը, Աղասի Գեւորգյանը, ինչպես նաեւ` երկու վրացի թեկնածու եւ մեկ հույն: Հայերի հետ մրցակցելը ամենավերջին խնդիրը պետք է լինի: Սա գիտակցելով` Բայբուրդը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել մանդաթից: «Ես առաջինը կհանեմ իմ թեկնածությունը: Ծայրահեղ դեպքում, երկու հայերի մրցակցությունից մենք կարող ենք զրկվել այդ տարածքից հայ պատգամավոր ունենալու հանարավորությունից»,- ասել է նա:

Այսպիսով, ստեղծված իրավիճակը թույլ է տալիս նկատել, որ հայկական համայնքի համար այնքան էլ հեշտ չի լինի պահպանել այն դիրքերը, որ ուներ մինչ այժմ: Եւ սա լուրջ դատողությունների առիթ է տալիս: