28 հոկտեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԵՐԸ ՑԱՆԿԱՆՈւՄ ԵՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈւՆՔ ՈւՆԵՆԱԼ
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդում ոչ մի հայ չկա:
Կիրակի Վրաստանում կկայանան խորհրդարանական ընտրությունները: Յոթտոկոսանոց արգելքը պատրաստվում են հաղթահարել մեկուկես տասնյակ ընտրական խմբավորումներ: Դրանցից չորսի համամասնական ցուցակներում կան հայեր: Սակայն հայկական համայնքի ներկայացուցիչների համար անցումային տեղեր են հատկացված միայն մեկ դաշինքում: Մնացած քաղաքական ուժերը այն կարծիքին են, որ Վրաստանի օրենսդիր մարմնում երկրի էթնիկական փաքրամասնությունների շարքում թվաքանակով երկրորդ տեղը զբաղեցնող հայերի ներկայությունն ամենեւին էլ պարտադիր չէ:
Եթե երկրի հարավային Սամցխե-Ջավախեթիայում բնակվող հայերը դեռեւս կարող են հուսալ, որ ներկայացուցիչ կունենան խորհրդարանում` նկատի ունենալով մեծամասնական համակարգը, ապա Թբիլիսիում բնակվող մեր հայրենակիցները, ամենեւին պաշտպանված չեն: Բացառված չէ, որ մայրաքաղաքի 200 հազարանոց հայկական համայնքը չկարողանա որեւէ մեկին ունենալ իշխանությական համակարգում: Քաղաքային խորհրդի այսօրվա կազմում ոչ մի հայ չկա: Վերջին 150 տարվա ընթացքում Թբիլիսիում նման բան առաջին անգամ է լինում:

Միաժամանակ, անցյալում Թբիլիսիի հայերը մշտապես հսկայական ազդեցություն են ունեցել: Նրանք անգնահատելի ներդրում են ունեցել մայրաքաղաքի զարգացման գործում: Վրացական ժամանակակից պատմության մեջ ընդունված չէ այդ մասին հիշատակել: Սակայն, արխիվներում պահպանվել է հետաքրքրական վիճակագրություն, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե որքան մեծ է եղել հայկական համայնքի դերը քաղաքի կառավաման գրծում: 1917թ.-ի սկզբին Թիֆլիսի քաղաքային դումայում 77 ազգանուն կար, որոնցից 51-ը հայկական էր, 14-ը` ռուսական եւ հրեական, 11-ը` վրացական, 1-ը` թուրքական: (Տես` Թիֆլիսի 1917թ.-ի քաղաքային օրացույցը, Ի. Ա. Ստավրոսկու խմբագրությամբ): 1874թ.-ից Թիֆլիս քաղաքային ղեկավարի պաշտոնի ընտրական կարգի ներմուծումից ի վեր, 8 քաղաքապետ հայ է եղել, երկուսը` ռուս, եւ մեկը` վրացի: (Ընդ որում, Դմիտրի Քիփաինին պաշտոնավարել է ընդամենը 99 օր` 1876թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 1876թ.-ի ապրիլի 9): Եւ այսօր հանկարծ քաղաքային խորհրդում հայերը ոչ մի ձայն չունեն: Սա շատ բան է ասում:

Հայեր չկան նաեւ քաղաքային եւ համայնքային գործադիր կառույցներում: «Ինչ վերաբերում է քաղաքապետարանին եւ համայնքային կառույցներում, ապա այստեղ պատկերն առավել լավ է»,- ասում է Թբիլիսիի հայկական համայնքի ղեկավար, «Հանուն նոր Վրաստանի» դաշիքնի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Առնոլդ Ստեփանյանը,- պատասխանատու պաշտոններում հազվադեպ կարելի է հանդիպել հայերի: Սա եւս մեկ անգամ ապացուցում է ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը: Մեզ մնում է միայն ափսոսալ, քանր որ բոլորս լավ գիտենք, թե ինչ մեծ ներդրում են ունեցել հայերը քաղաքի զարգացման գործոմ եւ քաղաքի համար ինչ կարող է անել համայնքը»:

Ի՞նչն է պատճառը, որ հայկական մեծաքանակ հաամյնքը իվիճակի չէ ներկայացուցիչներ ունենալ պետական իշխանական կառույցներում: Ինչո՞վ է պայմանավորված այն անհանգստությունը, որ ապագա խորհրդարանում հայերն ավելի քիչ կլինեն, քան նեկայումս են: Եթե հաշվի առնենք առայժմ Վրաստանը չլքած հայերի քանակը, ապա մեր համերկրացիները կարող են հուսալ 20-25 մանդաթ: Սակայն, ողջ խնդիրն այն է, որ նրանց ձայները փոշիանում են տասնյակ կուսակցությունների մեջ բաժանվելով: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից դատելով` կարելի է ենթադրել, որ մենք մեր ձայները տալիս ենք այն կուսակցություններին, որոնք իրենց անցունային տեղերում չունեն ոչ մի հայ թեկնածու»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը,- Անհասկանալի է` ինչու՞ մենք` հայերս, Վրաստանի քաղաքացիներս, աջակցում ենք այն քաղաքական ուժերին, որոնք ոչ միայն չեն խրախուսում մայրաքաղաքի քաղաքական կյանքում, պետականության կայացման գործընթացում ընդհանրապես մեր ակտիվ մասնակցությունը, այլեւ` հենց իրենք այդ հարցերով այնքան էլ չեն անհանգստանում»:

Իշխանությունները ոչ միայն բավարված են, որ հայերի ձայները փոշիանում են, այլ նաեւ հենց ինքը, դատելով իրականությունից, ստեղծում է բոլոր պայմանները դրա համար: Հայաբնակ ջավախեթիայում գործող «Վիրք« կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանի կարծիքով, Վրաստանի ընտրական օրենսգիրքը սահմանափակում է ոչվրացական ծագում ունեցող քաղաքացիների հիմնական իրավունքները եւ ազատությունները: Նա զարմացած է, որ երկրի արդարադատության նախարարությունը հրաժարվել է գրանցել «Վիրքը»` մեկնաբանելով, որ օրենքը չի թույլատրում գրանցել տարածքային եւ էթնիկ կուսակցությունները: Միաժամանակ կուսակցության առաջնորդը գտնում է, որ «Վիրքը» չպետք է համարել տարածքային կամ էթնիկ սկզբունքով հիմնված կազմակերպություն: Իրականում դրա գործունեությունը չի սահմանափակվում միայն Ջավախեթիայով եւ դրա շարքերում են ոչ միայն հայեր: տարածքային կառույցներ ունի նաեւ Թբիլիսիում եւ Բաթումիում, իսկ անդամավճարներ են մուծում նաեւ հույները եւ վրացիները: «Մեր կանոնադրության մեջ չի նշված, որ «վիրքը« տարածքային կազմակերպություն է,- ասում է կուսակցության առաջնորդը:- մմենք կրկին կդիմենք արդարադատության նախարարությանը, եւ եթե մերժեն գրանցել, կփոխենք մեր գործելակերպը` կդիմենք միջազգային ատյաններ»: Դավիթ Ռստակյանը համոզված է, որ արդարադատության որոշումը ոչ թե իրավական է, այլ` քաղաքական: «Մերժման պատճառներից մեկն էլ իշխանությունների անհանգստությունն է` ընտողների ձայները կորցնելու հետ կապված,- ասում է նա,- Իշխանություններին աջակցող կուսակցությունները զգուշանում են, որ «Վիրքը« կարող է դառնալ նրանց հիմնական մրցակիցը Սամցխե-Ջավախեթիայում: Իշխող կուսակցությունը մեկ անգամ չէ, որ ընտրություններում հասել է հաջողության ի հաշիվ ազգային փոքրամասնությունների ձայների: սակայն այս անգամ դժվար թե այն կարողանա հուսալ շրջանի բնակչության աջակցությունը, քանի որ իշխանության հանդեպ վստահությունը խարխվել է»:

Շատ պետություններում, որտեղ խնդիրներ կան ազգային փոքրամասնությունների հետ, խորհրդարանում համամասնական կարգով հայտնվելու մեխանիզմներ են ստեղծված: Մի քանի երկրներում, ինչպիսին է օրինակ Լիտվան, թույլատրված է կուսակցություններ հիմնել ազգային սկզբունքով: Այլ երկրներում, օրինակ Իրանում, ազգային փոքրամասնություններին յուրահատուկ քվոտաներ են տրամադրված: «Իսկ Վրաստանում ոչ միայն արգելված է ազգային կամ տարածքային սկզբունքով կուսակցություններ հիմնելը, այլեւ` բացակայում են քվոտաները»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը: Թբիլիսիի հայերի ղեկավարի կարծիքով ելքը միակն է` բոլորը քվեարկեն կոնկրետ քաղաքական կուսակցության օգտին, որն առավել հետեողական է հայկական համայնքի շահերի պաշտպանության հարցում: Սակայն Վրաստանում դեռեւս չկան այն քաղաքական ուժերը, որոնք կմրցակցեն հայերի վստահությունը ձեռք բերելու համար: Վրաստանում հայկական գործոնը թույլ է, ինչպես երբեք:

Գուցե ինչ-որ բան կփոփոխվի Վրաստանի հայերի ազգային վեհաժողովի ստեղծումից հետո, որի հիմնադրման հարցը վաղուց արդեն օրակարգում է: «Սա Վրաստանում հայկական լոբբի ստեղծելու առաջին լուրջ փորձը կլինի»,-ասում է Արնոլդ Ստեփանյանը: Եթե մինչեւ հաջորդ տարվա աշունը կառույցը կայանա, ապա նախագահական ընտրությունների վրա ազդեցություն ունենալու շանսերն իրական կլինեն: