30 հոկտեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԿՆԿԱԼԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՍՏԱՑՈւՄ
Ամերիկայի հայկական լոբբին հետամուտ է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները արեւմտյան ընկերությունների կողմից տրված անդորրագրերով կարողանան ստանալ ապահովագրական գումարները:
«New York Life» ամերիկյան ապահովագրական ընկերությունը հայկական լոբբիստական կազմակերպության ճնշման տակ համաձայնել է հրապարակել այն հայերի ցուցակը, որոնց ընկերությունը ապահովագրել է Օսմանյան Թուրքիայում առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Ստամբուլում եւ կայսրության արեւելյան շրջաններում ընկերության վաճառած ապահովագրական անդորրագրերի տեր դարձած մեր հայրենակիցներից շատերը ցեղասպանության զոհ են դարձել: Պայմանագրով սահմանված գումարը չի վճարվել նրանց ժառանգորդներին: ԱՄՆ-ում գործող հայկական փաստաբանների միությունը ձեռնամուխ է եղել օգնելու ապահովագրական անդորրագրերի իրավահաջորդներին:
Թուրքիայում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործող ամերիկյան ապահովագրական ընկերություններից առավել ակտիվ էին «New York Life»-ը եւ «Equitable Life Assurance Society of US»-ը, որն այժմ վերանվանվել է «Axa Financial»: Հենց այս վերջինիս է ուղղված հայկական փաստաբանների միության պահանջը: Ի դեպ, ոչ միայն պահանջ է ներկայացված ընկերություններին, այլեւ` այն պետությանը, որի ռեզիդենտն են համարվում դրանք: Ի հաշիվ նրա, որ ապահովագրական ընկերությունները չեն վճարել հայերին, բազմապատկվել է դրանց կապիտալը: Հավաքված գումարով ընկերությունները պարտաճանաչորեն վճարել են հարկերը: Այդպիսով, ստացվում է, որ Միացյալ Նահանգները իր տնտեսության զարգացման մեջ ներդրել է ցեղասպանության զոհ դարձած հայերի փողերը: Հետեւաբար, իր վերածննունդով Ամերիկան, որոշակիորեն, թող որ` ոչ մեծ չափով, պարտական է սննկացած թուրքահայերին: Եւ բնական է, որ վաղ թե ուշ փոխհատուցման հարցը պիտի առաջանար:

Դժվար չէ ապացուցել ապահովագրական ընկերությունների պարտականությունները անդորրագրերի իրավահաջորդների հանդեպ: Հայկական փաստաբանների միությունը, փոխհատուցում պահանջելով, իհարկե հաշվի է առնում ֆորսմաժորային հանգամանքները: Սակայն պետք է հաշվի առնել նաեւ այն անվիճելի փաստը, որ ապահովագրված շարժական եւ անշարժ գույքը բռնագրավվել է ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կառավարության անդամների կողմից: Հետեւաբար, պատասխան պետք է տա Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ երկիրըր: Խոսքը Թուրքական հանրապետության մասին է, որին է մնացել ցեղասպանության զոհերի մասնավոր ունեցվածքը: Բավականին համոզիչ են այն փաստարկները, որ նյութական պատասխանատվություն պետք է կրի հենց պաշտոնական Անկարան: Սա այսօր շատերն են գիտակցում Թուրքիայում: Թուրք-ամերիկյան միության նախագահ Էրջումենթ Քիլիջը վերջերս համերկրացիներին զգուշացրել է այն մասին, որ «Թուրքիան կարող է դեմ հանդիման դուրս գալ ուժեղ լոբբի ունեցող հզոր ապահովագրական ընկերություններին»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է պատրաստ լինել այն բանին, որ «ապահովագրական ընկերությունները գումար կպահանջեն թուրքական կառավարությունից»: Նա հավաստել է, որ իրադրությունն առավել քան լուրջ է, քանի որ «հայկական կենտրոնների եւ ապահովագրական ընկերությունների միջեւ ակտիվ համագործակցություն է հաստատվել»:

Ոչ պակաս ակտիվ համագործակցություն է սկսվել նաեւ հայկական կենտրոնների եւ ամերիկյան օրենսդիրների միջեւ, որոնք հաջողությամբ կոնգրեսում լոբբի են անում թուրքահայերի ժառանգորդներին ապահովագրական գումարների վճարման հարցը: Վերջերս կոնգրեսմեններ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել ցեղասպանությունից տուժած անձանց ժառանգներին ապահովագրական գումարների վճարմանն աջակցող օրինագիծ: Եթե «Հայ զոհերի արդար ապահոգրության ակտը» ընդունվի, ապահովագրական ընկերությունները պետք է պարտավորվեն բացել 1875թ.-ից մինչեւ 1923թ.-ի բոլոր արխիվները: Սա թույլ կտա դուրս բերել այն բոլոր հայերի անունները, որոնք ձեռք էին բերել անդորրագրեր: «New York Life» ընկերությունը, չսպասելով կոնգրեսի որոշմանը, արդեն իսկ հրապարակել է իր արխիվի փաստաթղթերը: Համաձայն այդ փաստաթղթերի, 2300 հայ ուներ ապահովագրական անդորրագրեր: Նրանց ներդրումների կոնկրետ գումարը հայտնի չէ, սակայն այսօր դրանք միլիարդավոր դոլարներին են հասնում: Սակայն հայկական փաստաբանների միության փորձագետները լուրջ կասկածներ ունեն, որ հրապարակված տվյալներն ամբողջական չեն: Լոբբիստների հետեւողականությունը թույլ է տալիս հուսալ, որ շուտով արեւմտահայերի վշտի հաշվին հարստացած բոլոր ընկերությունները ստիպված կլինեն վճարել նրանց ժառանգորդներին: Միաժամանակ, ընկերությունների սեփականատերերը եւ մենեջերները կարող են վստահել հայկական լոբբիին այն հարցում, որ նրանք արդար պահանջ ներկայացնեն Թուրքիայի կառավարությանը: