4 նոյեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՉՈՐՍ ՏԱՐԻՀԵՏՈ ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԼԻՆԻ
Ընտրական համակարգի նախատեսվող բարեփոխումները թույլատրում են սա:
Կարծես թե իրականանում են այն կանխատեսումները, համաձայն որոնց, Վրաստանի հայկական համայնքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա կարող է թուլանալ: Եւ կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների, եւ միաժամանակ անցկացված պատգամավորների թվի կրճատման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները վկայում են հենց այդ մասին: Ակնհայտ է, որ խորհրդարանի նոր կազմում հայերի թիվն ավելի քիչ կլինի, քան նախկինում: Իսկ հաջորդ խորհրդարանի կազմում հայեր կարող են ընդհանրապես չլինել:
Առայժմ համարձակորեն կարելի խոսել պատգամավորական մանդաթներ ձեռք բերած միայն երեք հայի մասին: 90 տոկոսից ավելին հայերով բնակեցված Ախալքալաքի շրջանում հաջողության է հասել Համլետ Շաղբեկյանը, որին աջակցում էր իշխանամետ «Հանուն նոր Վրաստանի» ընտրադաշինքը: Նա ավելի շատ ձայներ է հավաքել, քան իր չորս մրցակիցները: Նինոցմինդայի շրջանում երկու հայերի «մրցությունը» ավարտվել է ձեռներեց Հենզել Մկոյանի հաղթանակով, որը նույնպես ներկայացնում է իշխանամետ կուսակցությունը: Կանխատեսելի էր նաեւ Ցելսկի շրջանում Հայկ Մելքոնյանի տարած հաղթանակը: Այստեղ, սակայն, հայերը մեծամասնություն չեն կազմում: Նա հավաքել է գրեթե երկու անգամ ավելի ձայն, քան վրացի-թեկնածուն: Հայ-թեկնածուները, ինչպես եւ սպասվում էր, պարտություն են կրել Ախալցխայի, Մառնեուլի եւ Բորժոմիի շրջաններում:

Ինչ վերաբերում է համամասնական կարգով առաջադրված հայերին, ապա պատգամավորական մանդաթներ ձեռք բերելու նրանց հեռանկարներն առայժմ մշուշոտ են: «Բուրջունաձե եւ ժողովրդավարներ» դաշինքի անսպասելի ցածր ցուցանիշը (7-8 տոկոս) թբիլիսցի Հենրիխ Մուրադյանին եւ ախալքալաքցի Մելիք Ռաիսյանին թույլ չի տալիս հուսալ անցումային տեղեր: Կուսակցական ցուցակում նրանք ներկայացված էին 24-րդ եւ 29-րդ տեղերում: (Մուրադյանը ղեկավարում է Վրաստանի Հայերի միությունը, իսկ Ռաիսյանը ներկայիս խորհրդարանի պատգամավոր է): Առայժմ շանսեր ունեն իշխանամետ ցուցակներում ընդգրկված հայերը: Թբիլիսիի հայկական համայնքի առաջնորդ Առնոլդ Ստեփանյանը Շեւերդնաձեի կողմնակիցների ցուցակում զբաղեցնում է 54-րդ տեղը, իսկ պատգամավոր Գիվի Շուգարովը` 60-րդ: Իշխանության կուսակցությունը հավաքել է ձայների մոտ 22 տոկոսը, որը թույլ է տալիս ակնկալել մոտ 30-35 մանդաթ: Եթե նախագահի ղեկավարած դաշինքը կարողանա ինքնուրույն ձեւավորել կառավարությունը, եւ նախարարների պաշտոնները զբաղեցնեն ցուցակի առաջին 20 հոգին, ապա Ստեփանյանը եւ Շուգարովը կարող են հուսալ, որ կհայտնվեն խորհրդարանում: Չնայած Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի ղեկավարած «Ժողովրդավարական վերածննդի միության» հաջողությանը, ցուցակում 40-րդ տեղը զբաղեցնող բաթումցի Արմեն Գեւորգյանի շանսերի մասին իզուր է խոսելը:

Այսպիսով, վրացական խորհրդարանում, լավագույն դեպքում, կլինի 4-5 պատգամավոր: Այն դեպքում, երբ այժմ խորհրդարանում հայկական համայնքի շահերը պաշտպանում են 6 օրենսդիրներ: Սակայն, բացառված չէ, որ չորս տարի անց վրացահայերը մեծ հաջողություն կարող են համարել այն, երբ կարողանան խորհրդարան անցկացնել թեկուզ մեկ ներկայացուցիչ: Բանն այն է, որ հանրաքվեում Վրաստանի քաղաքացիները կողմ են քվեարկել պատգամավորական տեղերի զգալի կրճատման նախաձեռնությանը: Այսուհետ խորհրդարանը կազմված կլինի ոչ թե 235, այլ` 150 պատգամավորից: Ընդ որում, կկրճատվի թե համամասնական, եւ թե մեծամասնական կարգով ընտրվող պատգամավորների թիվը: Սա նշանակում է, որ ընտրատարածքները կձեւավորվեն նորից: Այդ «ձեւափոխման» արդյունքում հնարավոր է` ցաքուցրիվ լինեն Ջավախքում եւ այլ շրջաններում խիտ բնակեցված հայերի ձայները: Ոչ մի երաշխիք չկա, որ Թբիլիսիում չեն որոշի բաժանել Նինոցմինդան եւ Ախալքալաքը առանձին ընտրատարածքների: Արդյունքում, երկուսում էլ հայկական բնակչության թիվը կկազմի 50 տոկոսից պակաս: Այդ պարագայում հայերը կզրկվեն խորհրդարանում նույնիսկ մեկ ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից:

Սա վատթարագույն դեպքում: Ցանկություն կա հավատալու, որ սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ հայտնված ուժերը չեն գնա նման քայլի: Սակայն, որքան էլ զգույշ լինեն ընտրական համակարգի բարեփոխողների քայլերը, ակնհայտ է, որ Ախալցխայի, Մառնեուլի եւ Ցելսկի շրջաններում բնակվող հայերի ձայները լսելի չեն լինի: Բարեփոխումների արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ կկորցնեն ընտրական գործընթացի վրա ազդելու իրական մեխանիզմների հնարավորությունը: Նոր պայմաններում վրացական քաղաքական էլիտայի համար ամենեւին էլ պարտադիր չի լինի հաշվի նստել նրանց կարծիքի հետ: