18 նոյեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է
Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպիչները եւ իրականացնողները կպատժվեն:
Նոյեմբերի 18-ին կայացվեց վճիռ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Դատարանը հիմնավոր ճանաչեց հետաքննության բերված փաստարկները, որոնք վկայում էին, որ սպանության պատվիրատուն է եղել Արմեն Սարգսյանը` «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եւ վարչապետ, հանգուցյալ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայրը: Պատվիրատուն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
36-ամյա Տիգրան Նաղդալյանը սպանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում: Նա ոչ միայն հայտնի լրագրող էր, այլեւ` քաղաքական գործիչ: Ազդեցության վարկանիշային սանդղակում մշտապես զբաղեցնում էր առաջին տասնյակը: Նաղդալյանին ընդունված էր դասել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերմների նեղ շրջանի մարդկանց շարքը: Հետաքրքրական է, որ հանցագործությունն իրականացնողների ձերբակալման մասին տեղեկությունը հայտարարվեց երկրի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյուքների հրապարակումից հետո: Արմեն Սարգսյանը ձերբակալվեց մեկուկես ամիս հետո: Նախնական հետաքննության ընթացքում նա հաստատել էր այն փաստը, որ մարդասպաններին վճարել էր 75 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրեն չէր ճանաչել հանցագործության կազմակերպիչ: Հանցագործության անմիջական իրականացնողների ցուցմունքների համաձայն, Սարգսյանը Նաղդալյանին վերացնելու իր ցանկությունը բացատրել է նրանով, որ կասկածում է նրան 1999թ.-ի հոկտեմբերին ահաբեկիչների կողմից սպանված իր ավագ եղբոր` Վազգեն Սարգսյանի սպանության հետ կապ ունենալու մեջ:

Նշենք, որ Ազգային ժողովում ահաբեկչության գործի դատական հետաքննությունն ավարտվել է, եւ մոտ օրերես սպասվում է դատավճռի հրապարակումը: Նաղդալայնի անունը գործում չի հիշատակվում, սակայն ժամանակին քննչական մարմինները ակտիվորեն, սակայն անարդյունք, շրջանառում էին այն վարկածը, թե ահաբեկչների ղեկավար Նաիրի Հունանյանը կապեր ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հետ: Գաղտնիք չէ, որ սա արվում էր նախկին կառավարության պնդմամբ, որի ղեկավարումը Սարգսյան-ավագից հետո վստահված էր Սարգսյան-միջնեկին: Ահաբեկչության իրականացնողների ետեւում Նաղդալյանի ստվերը գտնելու փորձերն այն ժամանակ ոչ մի արդյունք չտվեցին: Այնուամենայնիվ, ընդդիմությունը շարունակում է շրջանառել այդ թեման: Իշխանությունն իր տեսակետն ունի Նաղդալյանին վերացնելու խնդրի մասին: Նախագահի հանդեպ լոյալ տրամադրված ԶԼՄ-ների մեկնաբանները ենթադրում են, որ սպանության ետեւում կանգնած են արմատական ընդդիմության որոշ առաջնորդներ, որոնք Նաղդալյանի եւ նրա հեղինակած շաբաթական հեռուստահաղորդումների քննադատության թիրախն էին: Ընդդիմադիրները, որոնց շարքում է նաեւ սպանության պատվիրատուի եղբայրը, երբեք չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Նաղդալյանի նկատմամբ, սակայն նմանատիպ մեղադրանքները պրովակացիա են համարում:

Հայաստանի անկախացումից հետո մի շարք հանցագործություններ մնացել են չբացահայտված: Մարդասպանների զոհերն են դարձել հանրապետության ՊԱԿ-ի նախկին ղեկավարը, Երեւանի նախկին քաղաքապետը, երկաթգծի վարչության պետը, պաշտպանության եւ ներքին գործերի փոխնախարարները: Ինչպես նաեւ, մինչ օրս չի պարզվել, թե արդյոք 1999թ.-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ահաբեկչություն իրականացրած անձինք գործել էին միայնակ: Նաղդալյանի գործն առաջին է, որ հաջողվել է բացահայտել: