21 նոյեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅԵՐԸ ՀՈւՅՍ ՈւՆԵՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Վրաստանի օրենսդիր մարմնում հայերի թիվը կրճատվել է երկուսով:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչ այժմ հայտնի չէ` քանի հայ կլինի վրացական խորհրդարանում: Ակնհայտ է մի բան` հայ համայնքի դիրքերը նկատելիորեն թուլացել են: Վրացահայերի համար առավել դժվար կլինի լոբբի անել սեփական շահերը երկրի օրենսդիր մարմնում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ընտրվել է երեք հայ: (նախկին կազմում հայերի թիվը վեցն էր): Նրանք բոլորն էլ ընտրվել են շրջաններից: Ինչպես արդեն հայտնել էինք, Ախալքալաքի շրջանում ընտրվել է «Հանուն նոր Վրաստանի» իշխանամետ դաշինքի աջակցությունը վայելող Համլետ Շահբեկյանը, Նինոցմինդայում` նույնպես իշխանամետ կուսակցության ներկայացուցիչ Հենզել Մկոյանը, Ցալսկի շրջանում, որտեղ, ի միջիայլոց, հայերը մեծամասնություն չեն կազմում, ընտրվել է անկուսակցական Հայկ Մելքոնյանը: Ինչ վերաբերում է համամասնական ընտրական կարգին, ապա առայժմ կուսակցական ցուցակներում ոչ մի հայ չի անցել խորհրդարան: Եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր ընտրական դաշինքներն անհրաժեշտ չեն համարել հայերի համար անցումային տեղեր նախատեսել իրենց ցուցակներում: Միաժամանակ, իշխող կուսակցությունը ադրբեջանցիներին տվել է 10 տեղ, որոնցից երկուսն անցումային են:
Չնայած այն բանին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները վերջնական են, դեռեւս հույս կա, որ իրադրությունը կփոխվի հօգուտ հայ համայնքի, որը դեռեւս համոզված է, որ կկարողանա գոնե եւս մեկ հայ անցկացնել խորհրդարան: Բանն այն է, որ խորհրդարանի կազմը կարող է որոշակի փոփոխություններ կրել նոր կառավարության ձեւավորումից հետո: «Հանուն նոր Վրաստանի» իշխանամետ դաշինքի ցուցակում առաջին քսան տեղերը զբաղեցնող գործիչները, ինչպես նաեւ նախագահամետ «Ժողովրդավարական վերածննդի միություն» կուսակցության որոշ ներկայացուցիչներ հավակնում են նախարարական աթոռներին եւ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոններին: Նրանց ախորժակին համապատասխան պաշտոններ տրվելու դեպքում, նրանք կնախնտրեն հրաժարվել պատգամավորական պարտականություններից: Մանդաթը կանցնի կուսակցական ցուցակում ընդգրկված հաջորդ ներկայացուցչին: Հայտնի է, որ ձայների 21 տոկոսը հավաքած «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը կարող է ակնկալել 38 մանդաթ: Շեւերդնաձեի կողմնակիցների ցուցակում ընդգրկված առաջին հայը զբաղեցնում է 54-րդ տեղը: Սա նշանակում է, որ Թբիլիսիի հայկական համայանքի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը կարող է մանդաթ ստանալ միայն այն դեպքում, եթե 16 կուսակցականներ առավել հետաքրքրիր առաջարկներ ստանան նախագահից: Հեռանկարը քիչ հավանական է, սակայն չպետք է այն ամբողջովին բացառել: Առավել իրատեսական են բաթումցի Արմեն Գեւորգյանի շանսերը, որը Ասլան Աբաշիձեի ղեկավարած «Ժողովրդավարական վերածննդի միություն» կուսակցության ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը: Աջարիայի ղեկավարի կողմնակիցները հավաքել են ձայների 19 տոկոսը եւ կստանան 33 մանդաթ: Այսպիսով, բավական է, որ 7 մարդ հրաժարվի պատգամավորական աթոռից: Նկատի ունենալով Աբաշիձեի կտրուկ ավելացող հեղինակությունը` կարելի է ենթադրել, որ Շեւերդնաձեն նրա կողմնակիցներին կվստահի մի քանի նախարարական պաշտոններ: Սա էլ հնարավորություն կտա Գեւորգյանին հույսեր ունենալ: Շանսեր բոլորովին չունեն Մելիք Ռաիսյանը եւ Հենրիխ Մուրադյանը, որոնք որոշել էին առաջադրվել «Բուրջանաձե-ժողովրդավարներ» ընդդիմադիր դաշինքից, որը խորհրդարանում իր համար կարողացել է ապահովել ընդամենը 15 տեղ: Որպեսզի Ռաիսյանը կարողանա շարունակել օրենսդրի կարիերան, նրան պետք է աշխատանքի տեղավորվել խորհրդարանից դուրս, կամ էլ այլ աշխարհ ուղարկել 10 համախոհների: Մուրադյանին մանդաթից բաժանում է կուսակցական ցուցակի 14 տող: Ինչ վերաբերւոմ է «Ազգային շարժմանը», Լեյբորիստական կուսակցությանը եւ «Նոր աջերին», ապա նրանց հաջողությունը հայերի համար ամենեւին ոչինչ չի նշանակում, քանի որ նրանց կուսակցական ցուցակներում ոչ մի հայ ընդգրկված չէր: Վրացական խորհրդարանում ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնությունների թիվը կրճատվել է երեք անգամ: Օրենսդիր մարմնի 235 անդմաներից միայն 7-ն են ոչ վրացի. վրացական խորհրդարանականների ընդամենը 3 տոկոսը: Այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության մեկ երրորդը: Սա բավականին վտանգավոր միտում է: