13 մարտի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ «ՇԱՏ ԲԱՆ ՍՈՎՈՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ»
Բաքվում գոհ չեն վրացական առաջնորդի` Երեւանում արված մի քանի հայտարարություններից:
Ավարտվեց Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Մեծ տիրությունների մայրաքաղաքներ ժամանելուց հետո, Միխայիլ Սահակաշվիլին որոշեց ծանոթանալ հարեւան պետությունների ղեկավարների հետ: Նրա մոտակա պլանների մեջ է մտնում Անկարա այցելությունը: Միխայիլ Սահակաշվիլու եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կապն ակնհայտորեն ստացվեց: Ամենեւին չցանկանալով հյուրին մեղադրել կեղծ լինելու մեջ, ամեն դեպքում նշենք վրացական առաջնորդի որոշ արտահայտությունների արհեստականությունը: Նա տառացիորեն կրկնում էր Ադրբեջանի մայրաքաղաում ասված խոսքերը: Բերենք մի քանի օրինակ.
Երեւանում- «Հայաստանը շահել է նախագահի հարցում»:
Բաքվում- «Ադրբեջանը շահել է, որ Իլհամ Ալիեւի պես նախագահ ունի»:

Երեւանում- «Հույս ունեմ շատ բան սովորել Ռոբերտ Քոչարյանից եւ ընդօրինակել նրան շատ հարցերում»:
Բաքվում- «Կձգտեմ սովորել Իլհամ Ալիեւից»:

Երեւանում- «Հայաստանի կազմակերպվածությունը կարող է լավ օրինակ լինել Վրաստանի համար»:
Բաքվում- «Ադրբեջանից մենք կարող ենք օրինակ վերցնել»:

Երեւանում- «Վրացահայերը տաղանդավոր մարդիկ են, եւ նրանք հաջողության կհասնեն»:
Բաքվում- «Վրացաբնակ ադրբեջանցիներն աշխատասեր մարդիկ են, նվիրված վրացական պետությանը»:

Երեւանում- «Հայաստանը դարավոր բարեկամական հարաբերություններ ունի Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ»:
Բաքվում- «Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների մոդելը նմանատիպը չունի»:

Երեւանում- «Ի դեմս Հայաստանի մենք ունենք իդեալական գործընկեր»:
Բաքվում- «Ադրբեջանը եղել է եւ կմնա ամենահուսալի գործընկերը»:

Նշենք, որ այցի նախօրեին տրված հարցազրույցում նախագահն առավել անկեղծ էր եւ մի քանի օբյեկտիվ համեմատություններ էր արել երկու հարեւանների հետ Վրաստանի հարաբերությունների վերաբերյալ: «Մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի հետ: Մենք պետք է բարեկամական հարաբերություններ հաստատենք նաեւ Հայաստանի հետ»: Սահակաշվիլին առաջին անգամ բարձրաձայն ընդունել էր, որ Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ մինչ օրս եղած հարաբերությունները չի կարելի բարեկամական անվանել: Միաժամանակ, վրացական առաջնորդը կարողացավ հավաստիացնել, որ վրաց-ադրբեջանական ակտիվ զարգացող գործընկերությունը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել հայ-վրացական փոխգործակցության խորացմանը: Բաքվում Սահակաշվիլուն ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ամենայն հավանականությամբ, չազդեց Երեւանի հետ հարաբերություններում փոփոխություն մտցնելու նրա վճռականության վրա:

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում նրա արտահայտած որոշ մտքեր շատերին դուր չեն եկել Բաքվում: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ Սահակաշվիլու խոսքերով, «Հայաստանն աշխարհում ամենամեծ ճանաչումն ունի տարածաշրջանի երկրների համեմատությամբ»: Երեւանում նա առավել կարեւոր հայտարարություններ արեց: Առաջին հերթին, նախագահը միանշանակ հայտարարեց, որ Վրաստանը դեմ է որեւէ համեմատության եզր գտնել Աբխազիայի, Օսեթիայի եւ Ղարաբաղի հակամարտությունների միջեւ»,- ասել է նա: Վրաստանի ղեկավարի խոսքերով, այդ հակամարտությունների արմատները լրիվ տարբեր են: Այնինչ, Իլհամ Ալիեւն ասում էր, որ տարածաշրջանային հակամարտությունների հանդեպ պաշտոնական Բաքվի եւ Թբիլիսիի մոտեցումները միանման են եւ «հիմնված են տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելու վրա»: Երկրորդ, Սահակաշվիլին ասաց, որ տարածարջանային հակամարտությունների լուծման ճանապարհը տեսնում է տնտեսական համագործակցության մեջ եւ նշեց, որ պատրաստ է տնտեսական հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ: Այնինչ, Ադրբեջանը շարունակում է խուսափել Ղարաբաղի հետ որեւէ հարաբերություն ունենալուց: Վրաստանի նախագահը շեշտեց հայկական ռազմական ուժերի կազմակերպվածությունը: իսկ Բաքվում, խոսում են այն մասին, թե հայկական բանակը կազմալուծվում է:

Սահակաշվիլին հստակ արտահայտվեց նաեւ Հայաստանի տրանսպորտային մեկուսացման անթույլատրելիության մասին: Նա խոստացավ, որ «մեկ տարի անց աբխազական երկաթուղային գծերը կվերականգնվեն»: Իսկ Կարս-Գյումրի երկաթուղային գծերի շահագործման հնարավորության մասին հարցին պատասխանելով` նա պատրաստակամություն հայտնեց «աջակցել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա երկաթե վարագույրի վերացմանը»: «Որպեսզի տարածաշրջանում խաղաղության հասնենք, անհրաժեշտ է, որ Թուրքիան զարգացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ»,- հայտարարել է նա: Այնինչ, Բաքվում խոսում են, թե պաշտոնական Թբիլիսին արագացնում է Կարս-Ախալքալաք ճանապարհի շինարարությունը, որպեսզի ընդմիշտ փակվի Կարս-Գյումրի մայրուղու շահագործման հարցը: Վրաստանի նախագահը հայտարարեց, որ «հայկական բեռներից գանձվող տրանզիտային վճարների զեղչերը չպետք է ավելի ցածր լինեն, քան որեւէ այլ հարեւան երկրի հանդեպ կիրառվող զեղչերը»: Իսկ Բաքվում մինչ օրս այն կարծիքին են, թե Թբիլիսին իր հանդեպ զեղչեր է կիրառում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը համաձայնել է նավթն արտահանել Վրաստանի տարածքով: Եվ վերջապես, Բաքվում հիացած չեն, որ Սահակաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ, որը անուղղակի վկայությունն է այն բանի, որ պաշտոնական Վրաստանն ընդունում է հայերի ցեղասպանության պատմական փաստը:

Այսպիսով, ակնհայտ է, որ չնայած շեշտված կոմպլիմենտարությանը եւ Քոչարյանի ու Ալիեւի հետ շփումներում հավասարության պահպանման ձգտմանը, Միխայիլ Սահակաշվիլին իսկապես կարողացավ իրեն որպես առաջնորդ դրսեւորել, որն իվիճակի է նոր շունչ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին: Նրա այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են բավականին լուրջ հիմք ստեղծել երկու հարեւան երկրների հարաբերությունների զարգացման համար: