18 մարտի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԹՈՒՐՔԵՐԸ Եւ ՌՈՒՍՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Անկարայում եւ Մոսկվայում կարծում են, որ 1921թ.-ին կնքված պայմանագիրն իրենց թույլ է տալիս ազատորեն միջամտել Վրաստանի խնդիրներին եւ նույնիսկ զորք մտցնել Աջարիա:
Մարտի 16-ին Հայաստանում նշում էին տխրահռչակ Մոսկովյան պայմանագրի կնքման հերթական տարելիցը, որն ամրագրեց Արեւմտյան Հայաստանի զգալի տարածքների բռնի միացումը Թուրքիային: Մի քանի ամիս անց պայմանագիրը կրկնօրինակվեց Կարսի հայտնի համաձայնագրում: Այս փաստաթղթերը դանդաղագործ ական դարձան նաեւ վրացական պետականության համար, քանի որ Վրացական ԽՍՀ-ում արհեստականորեն ստեղծվեց պետական միավորում` Աջարական ավտոնոմիան: Այսօր Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի արդյունքները վայելում է ոչ միայն Երեւանը, այլեւ` Թբիլիսին: Ամոթալի պայմանագրերի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտությունն այսօր Հայաստանին եւ Վրաստանին դաշնակիցներ է դարձնում:
Հայաստանում վաղուց են խոսում այն մասին, որ միջազգային նորմերի խախտմամբ կնքված Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեն: Երեւանը համապատասխան քայլեր է սպասում առաջին հերթին Մոսկվայից: Սակայն հենց ռուսական մայրաքաղաքից օրերս հնչեցին անսպասելի կոչեր` կապված ռուս-թուրքական համաձայնագրով Կովկասի հանրապետությունների սահմանների վերաձեւման հետ: Մոսկվայի որոշակի ուժեր կրկին ցանկանում են հրապարակ հանել հայերի եւ վրացիների մեջքի ետեւում Լենինի եւ Աթաթուրքի միջեւ կնքված անօրինական պայմանագրերը: Սա արվում է Վրաստանի վրա ճնշում գործադրելու նպատակաով: Սակայն արդյունքում տուժում է նաեւ Հայաստանը:

ԱՊՀ երկրների ռուսական Ինստիտուտի ներկայացուցիչ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը երկուշաբթի հայտարարեց, որ Մոսկվան պետք է պաշտոնական Թբիլիսիին հիշեցնի Աջարիայի կարգավիճակն ամրագրող պայմանագրերի մասին: Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերով աջարական ավտոնոմիայի երաշխավորներն են Ռուսաստանը եւ Թուրքիան: Այս հանգամանքը քաղաքագետն առաջարկում է օգտագործել որպես «միջազգային-իրավական լծակ» Միխայիլ Սահակաշվիլու վրա ազդելու համար: «Աջարիայի ավտոնոմիան Վրաստանի ընծան չէ»,- պնդում է պարոն Ալեքսանդրովը: Իսկ ո՞ւմ շնորհն է: Այս հարցին նա պատասխան չի տալիս` լռելով, որ Վրաստանի հարավ-արեւմոտքում պետական միավորում ստեղծելը բոլշեւիկների եւ քեմալիստների հանցագործ համաձայնության արդյունքն էր, որոնք որոշում էին ընդունել առանց հաշվի առնելու ոչ Վրաստանի իշխանության, եւ ոչ էլ Աջարիայի բնակչության կարծիքը: Բաթումիի հանդեպ վերահսկողության վերականգման` Վրաստանի ղեկավարության օրինական ցանկությունը ԱՊՀ երկրների Ինստիտուտի ներկայացուցչը գնահատում է որպես ավտոնոմիայի չեզոքացում եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կոչ է անում ազատորեն միջամտել հարեւան պետության ներքին գործերին: Ավելին, Ալեքսանդրովը հայտարարում է, որ Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերն Աջարիային հնարավորություն են տալիս անջատվել Վրաստանից: «Չկան պայմանագրերը, չկա նաեւ ավտոնոմիան: Հետեւաբար, Աբաշիձեն իրավունք ունի անկախություն հռչակել»,- ասում է նա` ըստ էության կողմ արտահայտվելով անջատողականությանը:

Մոսկվայում բացված թեման շարունակություն ստացավ նաեւ Անկարայում: Թուրքական իշխանությունն ավելի հեռուն գնաց` ակնարկելով Աջարիայի տարածք սեփական զորք մտցնելու հնարավորության մասին: Նրանք նույնպես հղում են անում վերընշված պայմանգրերին: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ 1921թ.-ին Կարսում եւ Մոսկվայում կնքված պայմանագրերը մինչ օրս խիստ բացասական դեր են խաղում, եւ թուրքական զավթողական նոր հարձակումների շղարշը կարող են դառնալ: Արտաքին ուժերը մշտապես էլ կարող են միջոցներ գտնել տարածաշրջանում իրադրությունն անկայունացնելու համար, մինչեւ չեզոքացված չեն բոլշեւիկների եւ քեմալիստների համաձայնության հետեւանքները: Եթե համաշխարհային հանրությունը ցանկանում է Կովկասը խաղաղ տեսնել, ապա այն պետք է ջանքեր գործադրի, որպեսզի չեղյալ հայտարարվեն հայերի եւ վրացիների մեջքի ետեւում Լենինի եւ Մուսթաֆա Քեմալի միջեւ կնքված անօրինական պայմանագրերը: