26 մարտի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Բուլղարական լրատվական գործակալությունների հաղորդագրություններն այն մասին, թե Հարավսլավիայում բախումներ են տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի խաղարարարների միջեւ, չի համապատասխանում իրականությանը:
Հայկական զորամիավորումը շարունակում է խաղարարար առաքելություն իրականացնել Կոսովոյում, որտեղ վերջին շրջանում իրադրությունը խիստ սրվել է: Հունական գումարտակի կազմում գործող հայ զինվորականների ջոկատը Հարավսլավիայում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է մասնակցել կայունության ապահովմանն ուղղված կարեւոր գործողություններին: Հայտնի իրադարձություններից հետո գումարտակում իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացում: Սակայն, հաշվի առնելով հայ խաղարարարների դեռեւս անբավարար փորձը, որոշվել է նրանց չուղարկել առավել դժվար վայրեր: Հայկական գումարտակը բավականին հեռու է տեղակայված է սերբերի եւ կոսովյան ալբանացիների անմիջական բախումների վայրերից:
Գումարտակը գտնվում է սերբերով խիտ բնակեցված վայրում, որը պակաս կարեւոր չէ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խաղարարար գործողություններին հայերը մասնակցում են հունական դրոշի ներքո: Հայտնի է, որ կոսովյան մուսուլմանները որոշակի անվստահություն են տածում հույների հանդեպ` մտածելով, որ նրանք գաղտիորնե աջակցում են սերբերին: Ի տարբերություն ալբանացիների, սերբերը բավականին լավ են վերաբերվում հույներին, որոնք նույնպես ուղղափառ են: Այնպես որ, ուղղափառների շրջապատում մեր զինվորականներին ոչինչ չի սպառնում:

Զարմանալի էր բուլղարական որոշ ԶԼՄ-երի հաղորդագրությունն այն մասին, թե հայ խաղարարարները ներգրավված էին եղել բախումներին, որոնց արդյունքում կային վիրավորներ: Այս տեղեկատվությունը տարածել էր Սոֆիայում գործող «Նովինար» լրատվական գործակալությունը: Նշենք, որ խոսքը ոչ թե հակամարտող կողմերի միջեւ բախումների մասին էր, այլ` Կոսովոյում գտնվող ադրբեջանական խաղարարար գումարտակի: Գործակալության տվյալներով, բախումների արդյունքում, իբրեւ թե, մահացել է երկու մարդ` չնշելով հայ, թե ադրբեջանցի: Շտապենք նկատել, որ Հարավսլավիայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն, այդպես էլ չի հաջողվել պարզել, թե բուլղարացի լրագրողն ինչ աղբյուրից է օգտվել, եւ ինչ նպատակով են նրան թյուրիմացության մեջ գցել:

Բախման մասին տեղեկատվությունը լրատվական գործակալությունը տարածել է հաստատելու համար այն վարկածը, թե խաղարարար առաքելությունն անկարող է ինչ որ բան փոխել: Իմաստն այն է, իբր, չպետք է հուսալ առաքելության հաջողությունը, եթե տարբեր երկրներ ներկայացնող խաղարարարները իրար հետ են կռվում: Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ հայ եւ ադրբեջանցի խաղարարարներն, իբրեւ թե, ծառայում են իրար հարեւանությամբ: Իրականում, նրանք բավականաչափ հեռավորության վրա են: 32 անձինց բաղկացած ադրբեջանական գումարտակը տեղակայված է Ալբանիայի սահմանին մոտ գտնվող Պռիզրեն քաղաքի մոտ, այն դեպքում, երբ հայերը գտնվում են արեւելյան Պռիշտինում: Նրանք երբեւէ եւ ոչ մի տեղ չեն հանդիպել: Միաժամանակ, տեղեկատվությամբ պնդում են, թե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առաջին բախումը տեղի է ունեցել դեռեւս Հունգարիայում, որտեղից նրանք ճանապարհվել են Կոսովո: Սա նույնպես անհեթեթություն է, քանի որ, հայտնի է, որ մեր խաղարարարները Կոսովո են ժամանել Հունաստանի տարածքով, իսկ ադրբեջանցիները` Թուրքիայի: Գուցե լրագրողը շփոթել է փաստերը եւ նկատի ունի Հունգարիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պատահարը, երբ ադրբեջանցի սպան վայրագորեն սպանել էր հայ գործընկերոջը:

«Նովինար» լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը հերքում են նաեւ Բաքվում: Սակայն, հատկանշական է, թե ինչպես են դա անում եւ հենց ինչ փաստարկներ են բերում հօգուտ այն բանի, թե ինչու չէր կարող բախում տեղի ունենալ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը հայտարարել է, որ նման բան չէր կարող պատահել թեկուզ այն պատճառով, որ Կոսովոյում չկան հայ խաղարարարներ եւ երբեւէ չեն եղել: Գնդապետի նման անտեղյակությունը վկայում է Ադրբեջանի զինվորական գերատեսչության աշխատակիցների մասնագիտական մակարդակի մասին: