4 ապրիլի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երկրի հայկական համայնքին եւս մեկ նախարարական պորտֆեյլ տրամադրելու հարցը մինչ օրս լուծված չէ:
Ավրատվեց Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի պաշտոնական այցը Հայաստան: Բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցում էին երկրի հայկական համայնքի մի շարք առաջնորդներ: Նշենք, որ հայերը բավականաչափ ազդեցություն ունեն այս երկրի կառավարության վրա, որտեղ ներկայացված են մեկ նախարարով: Լիբանանում ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն հայ մշակույթի եւ լեզվի պահպանման համար, այլեւ` քաղաքական կյանքին հայերի մասնակցության ապահովման համար: Այնուհանդերձ, վարչապետին ուղեկցող լիբանանյան խորհրդարանի պատգամավոր Կասարջյանը Երեւանում հավաստեց, որ հազվադեպ, սովորաբար ընտրություններից հետո, տարաձայնություններ են առաջանում կառավարական օղակներում ընդգրկված հայերի եւ կառավարության միջեւ: Սակայն այդ խնդիրները հաղթահարելի են:
Ինչպես հայտնի է, 1976թ.-ի քաղաքացիական պատերազմից հետո հակամարտող կողմերը կնքեցին իշխանության ձեւավորման սկզբունքների մասին համաձայնագիրը, որն էլ եւ դարձավ երկրի Սահմանադրության հիմքը: Այդ փաստաթղթով հստակեցվեց ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցչությունը կառավարությունում: (Բացի քրիստոնեա արաբներից, մուսուլման արաբներից եւ հայերից, երկրում ապրում են նաեւ քրդեր, ասորիներ, ալաններ, հրեաներ): Համաձայնագրի համաձայն, նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի քրիստոնեա, իսկ վարչապետինը` մուսուլման: Ներկայիս նախագահ Էմիլ Լահուդը մարոնիտների քրիստոնեա համայնքի ներկայացուցիչն է: Նրա մայրը եւ կինը` Անդրե Ամադյանը, հայուհիներ են:

Ըստ համաձայնագրի, հայ համայնքի համար նախատեսված էին երկու նախարարական պորտֆեյլներ եւ հինգ պատգամավորական մանդաթներ: Սակայն, վերջին ընտրություններից հետո Ռաֆիկ Հարիրին, նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել պետական ապարատի ղեկավարումը եւ ռացիոնալ դարձնել բյուջետային ծախսերը, որոշեց կրճատել նախարարությունների քանակը: Այս գաղափարին հավանություն տվեց նաեւ նախագահը: Արդյունքում հայերին բաժին ընկավ միայն մեկ նախարարական պաշտոն` Սեպուհ Հովնանյանին հանձնարարվեց ղեկավարել սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը: Անշուշտ, բարեփոխումը դուր չեկավ լիբանանահայերին, որոնք նույնիսկ զանգվածային բողոքի ցույց կազմակերպեցին: 2001թ.-ի փետրվարին Բեյրութում տեղի ունեցավ մեծաքանակ ցույց, որի մասնակիցները կոչ էին անում հայազգի բոլոր պաշտոնյաներին հրաժարական տալ, եթե կառավարությունը եւս մեկ նախարարական պաշտոն չտա համայնքին: Արդյունքում, փետրվարի 15-ին նախագահը եւ վարչապետը խոստացան մեծացնել կառավարության կազմը եւ մեկական նախարարական աթոռ տալ հայ եւ ալան համայնքներին: Սակայն, դժբախտաբար, մինչ օրս, չգիտես ինչու, նրանք իրենց խոստումը չեն կատարել:

Հայկական համայնքը մշտապես կայունացնող դեր է ունեցել լիբանանյան հասարակությունում: Այդ իսկ պատճառով, ենթադրվում է, որ ազգային մեծամասնությունը նույնպես պետք է հետաքրքրված լինի, որպեսզի հայերն ակտիվորեն մասնակցեն երկրի քաղաքական կյանքին, որոշումներ կայացնելու վրա ազդեցության իրական լծակներ ունենան: Միաժամանակ, նկատենք, որ երբ ընդունվեց Սահմանադրությունը, լիբանանահայերի թիվն երեք անգամ ավելի շատ էր, քան հիմա: Հենց այս հանգամանքն էլ իշխանություններն օգտագործում են` փաստարկելով հօգուտ պետական կառույցներում հայերի ներկայացուցիչների հանդպե սահմանափակումների կիրառմանը:

Երեւանյան բանակցությունների ընթացքում, իհարկե, տարաձայնությունների թեման չհիշատակվեց: Կառավարության կազմի հստակեցումը հարեւան երկրի ներքին գործն է, եւ Երեւանը ոչ մի դեպքում չի ցանկանում այդ հարցի մասնակիցը լինել: Այնուհանդերձ, ենթադրվում է, որ Ռաֆիկ Հարիրիի այցի մթնոլորտն առավել ջերմ կլիներ, եթե հայ համայնքին եւս մեկ նախարարական պաշտոնի տրամադրման հարցը լուծված լիներ մինչ վարչապետի` Երեւան այցը: