12 հոկտեմբերի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԻ ԱՍՈՒՄ
Նախագահի թեկնածուի մամլո քարտուղարը հերքում է թուրքական ԶԼՄ-ում տպագրված հրապարակման ճշմարտացիությունն այն հարցում, թե Ջոն Քերրին հրաժարվել է հայկական ցեղասպանության ճանաչմանն հասնելու մտադրությունից:
«Ես չեմ խոստացել, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչեմ հայերի ցեղասպանության փաստը»,- թուրքական «Զաման» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոն Քերրին: Եթե նա իսկապես նման արտահայտություն է իրեն թույլ տվել, ապա պետք է նկատել, որ այն հակասում է Ամերիկայի հայկական համայնքին ուղղված բազմաթիվ ելույթների բովանդակությանը:
ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների առաջնորդներն իրադրությունը պարզաբանելու խնդրանքով անմիջապես դիմել են դեմոկրատների ընտրական շտաբի ղեկավարներին: Ջոն Քերրիի մամլո քարտուղար Մարկ Քիթչենսը հերքել է «Զաման» թերթում հրապարակված տեղեկությունը: ««Զամանում» տպագրված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- պնդում է պարոն Քիթչենսը,- «Սենատում եւ ընտրական քարոզարշավում կատարած Ջոն Քերրիի ողջ գործունեությունը վկայում է հայկական ցեղասպանությանն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությանն աջակցելու հետեւողականության մասին: Տարիներ շարունակ Ջոն Քերրին զբաղվել է ամերիկահայերին հուզող հարցերով, որոնց աջակցությամբ նա հպարտանում է»:

Այնուհանդերձ, բոլոր կասկածները չեն փարատվել: Բանն այն է, որ Ջոն Քերրին հերքում տպագրելու պահանջով չի դիմել «Զաման» թերթի խմբագրություն: Ընտրական շտաբը խոսում է թերթում տպագրվածի սխալ լինելու մասին, սակայն չի պնդում, որ հարցազրույցի ժամանակ Քերրին չի ասել այդ բառերը: «Զամանն» իսկապես թույլ է տվել սուբյեկտիվ ենթադրություններ: Սակայն Քերրիի հետ հարցազրույցի մեջբերումներն ինքնին շատ բան են ասում: Օրինակ, ահա ինչպես է Քերրին պատասխանել «հայկական ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հասնելու» մասին տրված Քերրիի խոստմանը վերաբերող հարցին: «Վերջին տաս տարիների ընթացքում ես նման բան չեմ ասել»: Ինչո՞ւ միայն վերջին տաս տարիների ընթացքում: Որովհետեւ Քերրին ընդունում է, որ 1990թ.-ին աջակցել է «Հայկական բանաձեւի» ճանաչման գաղափարը: Սակայն դրանից հետո, ինչպես երեւում է «Զամանին» տրված նրա հարցազրույցի տեքստից, նա վերանայել է իր մոտեցումները: Լիովին ակնհայտ է, որ Քերրին որեւէ մեկին ինչ-որ բան լրիվ չի ասում: Քանի որ ամենեւին դժվար չէ համոզվել, որ դեմոկրատների առաջնորդը վերջին կես տարում մոտ տասն անգամ կողմ է արտահայտվել Օսմանական Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ընդունմանը: Բերենք մի քանի օրինակ Ամերիկայի հայերին ուղղված նրա ելույթներից.

«Ես միանում եմ ԱՄՆ-ի հայկական համայնքին, որպեսզի հայկական Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշեմ եւ աշխարհի կառավարություններին եւ ժողովուրդներին կոչ եմ անում պաշտոնապես ընդունել այդ ողբերգությունը...»:
«Նշելով Ցեղասպանության զոհերի օրը` ԱՄՆ-ի հայկական համայնքը հիշեցնում է մեզ նման ողբերգությունների կանխման մեր պարտավորությունը: Ես հպարտանում եմ ԱՄՆ-ի հայերի հետ իմ համագործակցությամբ, որն ուղղված է հայերի Ցեղասպանության ճանաչմանը...»:
«Եթե նախագահ դառնամ, ապա կշարունակեմ պայքարել հայկական Ցեղասպանության մերժման դեմ...»:
«Իմ վարչախումբն ընդունում է 2005թ.-ի ապրիլի 24-ը որպես այդ բարբարոսության 90-ամյակ եւ կձգտնի, որ հետագայում մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները չկատարվեն...»:
«Օսմանյան Թուրքիայի ղեկավարները մեղավոր են 1915-1923թթ.-ին 1.5 միլիոն հայերի սպանության կամ դեպորտացիայի մեջ` վարելով ազգային մաքրագործման քաղաքականություն...»:

Սրանք Քերրիի հայտարարություններից բերված մեջբերումներ են, որոնցից, ի դեպ, նա չի հրաժարվում: Այսինքն, դեմոկրատների թեկնածուն կամ չափազանցեցնում է հայերի հանդեպ տածած իր համակրանքը, կամ թուրքերից թաքցնում է իր իսկական մտադրությունները: Այնուհանդերձ, մի բանում «Զաման» թերթը ճիշտ է: Վերջին տարիների ընթացքում Քերրին հստակորեն չի արտահայտվել, թե խոստանում է կոնգրեսում վերանայել հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւը: Հաճախ նա բավարարվում էր դիվանագիտորեն ձեւակերպված արտահայտություններով, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Միամիտ կլիներ նախագահի թեկնածուից հստակություն ակնկալել նման խնդրահարույց հարցում: Չէ որ ԱՄՆ-ում քիչ չեն թուրք ընտրողները: Դատապարտելի ոչինչ չկա, որ Ջոն Քերրին ձգտում է կանխել երկրի թուրքական եւ ադրբեջանական ծագման ընտրողների հոսքը դեպի իր մրցակիցը: Եթե սա դեմոկրատներին կօգնի հաղթանակել ընտրություններում, ապա արդյունքում ԱՄՆ-ի հայերը հաղթանակած դուրս կգան: Եթե Քերրիի «մեղքը» միայն նրանում է, որ թեթեւակիորեն խուսանավում է` փորձելով երկու աթոռներին նստել, ապա մեր հայրենակիցները պատրաստ են նրան ներել: