28 հոկտեմբերի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՑԱՆԿԱԼԻԻՑ ՔԻՉ ԵՆ
Լիբանանի հայ համայնքին երկրորդ նախարարական պորտֆելը տրամադրելու հարցը կլուծվի արդեն խորհրդարանական ընտրություններից հետո:
Չորեքշաբթի կայացավ Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը: Նոր կաբինետի ձեւավորմամբ փորձ է արվում ճանապարհ գտնել հերթական քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Ճգնաժամը սրվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանականները փոփոխություններ մտցրին ընտրական օրենսգրքում, որով երկրի նախագահ գեներալ Էմիլ Լահուդին թույլատրվեց երրորդ անգամ ընտրվել: Հոկտեմբերի 20-ին վարչապետ Ռաֆիկ Խարիրին, ով երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ էր Լահուդիի հետ, ի նշան բողոքի հրաժարական տվեց: Նոր կաբինետը ձեւավորեց սիրիամետ Օմար Քարամեն:
Սակայն Քարամեն, ինչպես եւ իր նախորդը, հակված չէ հետեւել 1976թ.-ի քաղաքացիական պատարեզմի ավարտից հետո ընդունված պետական իշխանության ձեւավորման մասին համաձայնագրին: Երկրի Սահմանադրության հիմքում ընկած այդ փաստաթուղթն ամրագրում է Լիբանանի տարբեր ազգային եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների առկայությունը կառավարությունում: (Բացի քրիստոնյա եւ մուսուլման արաբներից եւ հայերից երկրում նաեւ բնակվում են քրդեր, ասորիներ, ալաններ, հրեաներ): Համաձայնագիրը հայերի համար սահամանում է երկու նախարարական պաշտոն: Սակայն 2001թ.-ի խորհրդարանական ընտրությւոններից հետո վարչապետ Ռաֆիկ Խարիրին պետական ապարատն առավել արդյունավետ կառավարելու եւ բյուջետային գումարները ռացիոնալ ծախսելու նպատակով որոշեց կրճատել նախարարների քանակը: Արդյունքում հայերին բաժին ընկավ միայն մեկ պորտֆել, այն էլ աննշան` Սեպուհ Հովնանյանը ստանձնեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը:

Անշուշտ, բարեփոխումը դուր չեկավ նաեւ լիբանանահայերին, որոնք բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպեցին: Հայկական համայնքի մի քանի առաջնորդներ նույնիսկ կոչ արեցին հայ պոշտոնատար անձանց հրաժարական տալ, եթե կառավարությունը եւս մեկ պորտֆել չտրամադրի հայերին: Վարչապետը մեկ անգամ չէ, որ խոստացել է մեծացնել կառավարության կազմը եւ մեկական նախարարի պաշտոն հատկացնել հայ եւ ալան ներկայացուցիչներին: Սակայն, դժբախտաբար, այդպես էլ իր խոսքը չկատարեց: Ռաֆիկ Խարիրիի ղեկավարման օրոք նախագահ Էմիլ Լահուդը, ում մայրը եւ կինը հայեր են, կողմնակից էր հայերին եւս մեկ նախարարական պաշտոն տրամադրելուն: Սակայն այժմ, երբ նախագահն անձամբ կարող է հսկել կառավարության ձեւավորման գործընթացը, կրկին չի պահպանվում համաձայնագիրը:

Այժմյան կաբինետը կգոյատեւի ընդամենը կես տարի` մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներից պարզ կդառնա` կստանա՞ն հայերը երկրորդ նախարարական պորտֆելը: Դժվար թե հայերը հնարավորություն ունենան ընտրությունների արդյունքներով ամրապնդել իրենց դիրքերը: Վերընշված համաձայնագրով հայերի համար սահմանված է 5 պատգամավորական մանդաթ: Սակայն պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ համաձայնագրի ընդունման ժամանակ Լիբանանի հայ համայնքը երկու անգամ մեծ էր, քան այսօր: Հենց այս հանգամանքն էլ օգտագործում է իշխանությունը հօգուտ պետական կառուցվածքում հայ ներկայացուցիչների սահմանափակմանը:

Լիբանանի հայ համայնքը մշտապես կայունացնող դեր է խաղացել եւ շարունակում է խաղալ լիբանանյան հասարակության մեջ: Այդ իսկ պատճառով, ենթադրվում է, որ ազգային մեծամասնությունը նույնպես պետք է շահագրգռված լինի երկրի քաղաքական կյանքում հայերի ակտիվ մասնակցությամբ: Եթե ընտրությունների արդյունքում առաջատար քաղաքական ուժերը վերականգնեն իրենց դիրքերը, կարելի կլինի հուսալ, որ հայ համայնքին կվերադարձվի իրեն արժանի դերը: