10 նոյեմբերի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ
Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ ամենեւին էլ դեմ չէ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը Բաքվում ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառմանը:
Ադրբեջանի քաղաքական ուժերը միանշանակ չեն ընդունել նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որով նա կոչ է արել հայրենակիցներին հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են Բաքվում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Վարդագույն ճանապարհ» սեմինարին: Մասնավորապես, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» առաջնորդները հայտարարել են, որ չնայած իշխանության որոշմանը, ամեն ինչ կանեն, որպեսզի արգելեն հայերի մուտքը Բաքու:
Նշանակում է արդյո՞ք, որ Ադրբեջանի իշխանությունները հայերի ժամանման վերաբերյալ արդեն տվել են իրենց համաձայնությունը: Չէ որ զորավարժություններից առաջ իշխանությունները նույնպես հավաստիացնում էին, թե հայերին հնարավորություն կտրվի մասնակցել միջոցառմանը: Ենթադրվում է, որ այս անգամ նախագահի ելույթը վկայում է վերջնական որոշում կայացրած լինելու մասին: Այժմ իրադրությունն այլ է: ՆԱՏՕ-ի «Համագործակցության լավագույն ջանքեր-2004» զորավարժությունների հետաձգումից հետո Ալիեւը լուրջ խնդիրներ ունեցավ: Աղմուկը բավականին բարձր էր, որպեսզի այդ ամենից հետո Ադրբեջանի ղեկավարը կրկին որոշեր դեմ գնալ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարների կամքին: Հատկանշական է, որ հայերին ընդունելու պատրաստակամության մասին հայտարարությունն արվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Սեմինարի աշխատանքներին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը քննարկվել է Սխեֆֆերի եւ Ալիեւի միջեւ կայացած զրույցի ընթացքում, եւ կասկած չկա, որ գլխավոր քարտուղարը հարցը շատ խիստ է դրել: Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին դեռ չի փոխհատուցել չկայացած զինավարժությունների կազմակերպման ծախսերը: Այնպես որ Բրյուսելը Բաքվի վրա ազդելու բավականաչափ լծակներ ունի:

Ադրբեջանի իշխանություններն արդեն հորինել են առասպել, որը թույլ կտա բնակիչներին բացատրել, թե ինչու հայերին չէր կարելի մասնակցել ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան զինավարժություններին, իսկ նոյեմբերին արդեն կարելի է: Որպես փաստարկ է ներկայացվում այն, թե զինավարժություններին պետք է մասնակցեին զինվորականներ, իսկ սեմինարին` քաղաքացիական անձինք: Իբրեւ թե, մի բան է «գրավված տարածքների» սպան, մի ուրիշ բան` քաղաքական գործիչը: Հայրենակիցներին Իլհամ Ալիեւը հիշեցրել է, որ նախկինում էլ շատ անգամներ են հայ քաղաքական գործիչները ժամանել Բաքու, մասնավորպաես` վարչապետը: Արդյունքում ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունեցել: Այդ իսկ պատճառով, նախագահը ՆԱՏՕ-ի սեմինարին Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների մասնակցությունը լիովին ընդունելի է համարում: Այս նույն կարծիքն է նախօրեին հայտնել նաեւ միլի մեջլիսի խոսնակ Մուռտուզ Ալեսկերովը:

Այժմ արդեն դժվար է կասկածել, որ Հյուսիատլանտյան դաշինքի կազմակերպած միջոցառմանը հայ պատգամավորների մասնակցության հարցն արդեն լուծված է: Մնում է ճշտել միայն ընթացակարգային մանրամասները: Արդյո՞ք պատգամավորները, ինչպես եւ նախորդ անգամ, անցագրային վիզաներ ստանալու համար պետք է դիմեն Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն: Նշենք, որ մինչ վերջերս, երբ Հայաստանի ներկայացուցիչները մեկնում էին Բաքու, վիզա ընդհանրապես չէր պահանջվում: 1999 թ-ին Բաքվում ՏՐԱՍԵԿԱ-ի կազմակերպած քննարկմանը մասնակցած վարչապետ Արմեն Դարբինյանից ոչ ոք մուտքի թույլտվություն չէր պահանջել: Սակայն այս անգամ պաշտոնական կարգը կպահպանվի: Ամենայն հավանականությամբ, հայ պատգամավորներին կխոստացվի մուտքի վիզա տրամադրել հենց Բաքվի օդակայանում, ուր նրանք կժամանեն Թբիլիսիից: Ամեն դեպքում Պաշտպանության, արտաքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնախմբի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ նրա գործընկերներ Ալեքսան Կարապետյանն ու Արթուր Պետրոսյանը պատրաստ են մեկնել Բաքու: