17 նոյեմբերի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹԵՀՐԱՆԻ ԶԻՋՈՒՄԸ
Իրանը համաձայնել է սառեցնել ուրանի հարստացման աշխատանքները:
Հաստատվեց տվյալներն այն մասին, որ Իրանն ընդունել է միջուկային ծրագրի սահմանա փակման վերաբերյալ Եվրամիության առաջարկը: Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները Եվրամիության նախաձեռնության փոխարեն: Եվրոպական միությունը Թեհրանին խոստացել է էներգետիկ կարիքների համար միջուկային վառելիք տրամադրել, եթե Թեհրանը երաշխքիներ տա, որ միջուկային տեխնոլոգիաները չի օգտագործելու ռազմական նպատակներով: Իրանական կողմի զգալի զիջումը թույլ է տալիս հուսալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ առկա լարվածության թուլացումը: Երեւանը միայն ողջունում է ձեռք բերված համաձայնությունը, քանի որ Հայաստանը շահագրգռված է հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ:
Եթե այս պայմանավորվածությունն իսկապես նշանակում է, որ Իրանը փոխում է իր ռազմական ծրագիրը եւ կամ դրանով ապացուցում է, որ այն երբեք էլ չի եղել, ապա սա զգալիորեն քչացնում է պատերազմի հնարավորությունը մեր հարավային սահմանների մոտ: Հայաստանի համար սա խիստ կարեւոր է, քանի որ ամերիկյան ներխուժման հեռանկարը սպառնում է շրջափակմամբ հարավային սահմանում: Բացի այդ, հայտնի է, որ ռազմական գործողություններ սկսելու դեպքում ամերիկացիները հույս ունեն «երկրորդ ճակատի» բացմանը` ի դեմս Հայաստանի հարավային սահմանի մոտ բնակվող թուրք անջատողականների: Եթե իսկապես Վաշինգթոնը հովանավորի իրանական ադրբեջանցիներին, ապա անջատողականները կարող են ինքնավարության հարց բարձրացնել: Այդ դեպքում Երեւանը կարող է զրկվել դեպի Թեհրան ճանապարհից: Մեզ համար դա աղետ կլինի:

Ակնհայտ է, որ վերջին շաբաթվա ընթացքում Թեհրանն առավել զիջող է դարձել: Սա անկասկած կապված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ: Բուշի վերընտրությունը զգուշավոր է դարձնում Թեհրանին: Իրաքյան հաջող ռազմական հարձակումը հարմար հիմք ստեղծեց Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Հարձակմանը խանգարող միակ հանգամանքը միջազգային հանրության կարծիքն է, մասնավորապես` ԱՄՆ-ի եվրոպական գործընկերների: Եթե Իրանը չընդուներ ԵՄ-ի առաջարկը, ապա անխուսափելի կլիներ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը: Դա բարենպաստ քարոզչական մթնոլորտ կստեղծեր հարված հասցնելու համար:

Վերջերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը փորձում էր հանգստացնել լրագրողներին` նրանց հավաստիացնելով, որ Բուշի վերընտրությունը դեռեւս չի նաշանակում, թե Իրանի դեմ պատերազմն անհետագելի է: Սակայն խնդրի նման ձեւակերպումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ հարցը մնում է օրակարգում: Հիշեցնենք, որ վերջերս Ներկայացուցիչների պալատը անհրաժեշտության դեպքում Իրանին հարվածելու թույլտվույթուն է տվել: «Կողմ» քվեարկել էր 376 անձ, «դեմ»` ընդամենը երեքը: Նման որոշում էր ընդունվել Իրաք ներխուժելու նախօրեին:

Ամերիկացիները նույնիսկ չեն թաքցնում, որ իրանին հակահարվածներ հասցնելու պլանը վաղուց մշակված է եւ մանրամասնորեն քննարկված է: Օրերս ադրբեջանական մամուլի միջոցով ամերիկացիները տեղեկատվության արտահոսք կազմակերպեցին այդ պլանի մասին: Համաձայն տեղեկատվական աղբյուրի` Իրանի վրա հարձակման համար Ադրբեջանը կդառանա հիմնական վայրերից մեկը: Խոսքն առաջին հերթին ադրբեջանական օդակայանների օգտագործման մասին է: (Նշվում են Աբշերոնի «Գալա», Բաքվի «Բինա», գարաչալայի «Սալյան», ինչպես նաեւ` Լենկորանի, Եվլախի, Գյանջայի եւ Նախիջեւանի օդակայանները): Հիշեցնենք, որ ամերիկյան մամուլի տեղեկատվության համաձայն` փաստացիորեն լուծված է Ադրբեջանում ամերիկյան բանակի շարժական խմբերի տեղակայման հարցը:

Օրերս «Cmag» կանադական պարբերականը հաղորդագորություն էր տարածել այն մասին, որ Պենտագոնի ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ երկրի տարածքը Իրան ներխուժելու համար օգտագործելու համար: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը շտապեց հերքել այդ տեղեկատվությունը: Սակայն, ինչպես երեւում է, Թեհրանում գիտակցում են, որ «ծուխն առանց կրակի չի լինում»: Իրանի առաջնորդները վերջին շաբաթն առավել ուշադիր են դարձել ոչ միայն Եվրոպայի հանդեպ, որն իր վրա է վերցրել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդի դերը, այլեւ` Ադրբեջանի: Սրա վկայությունը թուրքաբնակ Թեբրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի բացումն էր, ինչին վաղուց էր ձգտում պաշտոնական Բաքուն: Շաբաթ Իլհամ Ալիեւին զանգել էր հենց ինքը` նախագահ Մահամմադ Հաթիմին:

Ակնհայտ է, որ Եվրամիության երկրների եւ Իրանի միջեւ ձեռքբերված փոխզիջումը կհանգեցնի տարածաշրջանում քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության վտանգի նվազեցմանը: Իսկ սա բխում է Հայաստանի ազգային շահերից: