18 դեկտեմբերի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՑՎԵԼ, ԱՅԼ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆՎԵԼ ԵՆ
Ջորջ Բուշը նախատեսում է երկարացնել 907-րդ ուղղման գործողությունների ժամանակավոր սառեցման ռեժիմը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը հայտարարել է, որ շուտով նախագահ Ջորջ Բուշը կոնգրեսին կառաջարկի եւս մեկ տարի կանգնեցնել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման գործողությունները: Հիշեցնենք, որ ուղղումն ընդունվել է 1992թ.-ին եւ նախատեսում է Ադրբեջանի հանդեպ կիրառել տնտեսական պատժամիջոցներ այն բանի համար, որ այդ երկիրը շրջափակման է ենթարկում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: 2001թ.-ին ադմինիստացիայի ճնշման տակ կոնգրեսն ընդունեց օրենք, որը նախագահին հնարավորություն տվեց արտակարգ իրավիճակներում մեկ տարի ժամկետով կանգնեցնել ուղղման գործողությունները:
Նախագահն արդեն երկու անգամ երկարացրել է յուրահատուկ «կասեցումը»` հաշվի առնելով այն հանգամանքը, թե Ադրբեջանն ԱՄՆ-ին աջակցում է հակաահաբեկչական գործողություններում: Այս տարի բացառություն չի լինի: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի վերջին օրերին Ջորջ Բուշը կրկին կդիմի կոնգրեսին 907-րդ ուղղման գործողությունների կասեցման նախաձեռնությունը երկարացնելու առաջարկով: Միաժամանակ, համաձայն օրենքի, նախագահը պետք է փաստարկի դրա անհրաժեշտությունը: Ուղղման գործողությունների կասեցումը կերկարացվի միայն այն դեպքում, եթե օրենսդիրները բավականաչափ հիմնավոր համարեն նախագահի փաստարկները: Բանն այն է, որ երկրի ղեկավարն իրավունք ունի սառեցնել պատժամիջոցների կիրառումը միայն այն դեպքում, եթե դա է պահանջում ազգային շահը: Սակայն ազգային շահի ընկալումները հաճախ տարանջատվում են վարչակարգի եւ օրենսդիրների մոտ: Ադրբեջանը մշտական վախի մեջ է, քանի որ կոնգրեսը կարող է չբավարարվել նախագահի փաստարկներով: Օրինակ, նախանցյալ տարի Ադրբեջանի արտաքին գործերի այն ժամանակվա փոխնախարար Մահմուդ Մամեդ-Ղուլիեւն ասում էր, որ «չգիտենք, արդյոք նորից հնարավոր կլինի սառեցնել ուղղման գործողությունները»: Այն ժամանակ ամերիկյան վարչակարգը որոշեց խաղալ Հեյդար Ալիեւի նյարդերի հետ եւ կոնգրեսին դիմեց սահմանված ժամկետից մի քանի ժամ առաջ միայն:
Այս տարի ադրբեջանցիներն անհանգստության ավելի քիչ հիքմեր ունեին: Սակայն այնուհանդերձ նկատելի է, որ Ռինո Հարնիշի հայտարարությունից հետո Բաքվում շատերի սիրտը թեթեւացավ: Դեսպանի խոսքերը նշանակում են, որ Ադրբեջանը կկարողանա ստանալ 2005թ.-ի արտաքին հատկացումների մասին օրենքով նախատեսված օգնությունը: Այս փաստաթղթով նախատեսվում է Ադրբեջանին հատկացնել 38 միլոն դոլար: Սա երկու անգամ քիչ է, քան Հայաստանին տրվող օգնության չափը: Հայ լոբբիստների ջանքերի շնորհիվ Երեւանին տրվող օգնության չափը 60 միլիոն դոլարից հասցվեց 75-ի: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Ադրբեջանն ու Հայաստանը կստանան հավասար գումար` 8 միլիոն 750 հազար դոլար, չնայած նախապես վարչակարգը նախատեսել էր չորս անգամ ավելի քիչ գումար տրամադրել Հայաստանին: Իրավիճակը կրկին շտկեց կոնգրեսի «հայկական խումբը»:
Ադրբեջանական լրագարողները հարց են տալիս` «արդյոք հնարավոր է վերջնականապես սառեցնել ուղղումը»: Հարնիշը հաստատել է, որ այդ մասին խոսք լինել չի կարող: Նա հայտարարել է, որ ուղղումը կվերացվի միայն հակամարտության վերջնական կարգավորումից հետո: Նա մոռացել է հստակեցնել, որ նկատի ունի հենց ԽԱՂԱՂ կարգավորումը: Սակայն դա ինքնըստինքյան ենթադրվում է, քանի որ կոնգրեսը հաճույքով կվերահաստատի Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու որոշումը, եթե Բաքուն կրկին ագրեսիայի դիմի: Ժամանակավոր կասեցման կիրառման առաջին տարին, թեւավորվելով հաջողությամբ, ադրբեջանցները փորձեցին առաջ քաշել 907-րդ ուղղման ամբողջական վերացման նպատակահարմարության մասին հարցը, սակայն շատ շուտով հասկացան, որ դա անիմաստ է: Բաքվում գիտակցեցին, որ ուղղման գոյությունը ձեռնտու է հենց վարչակարգին, քանի որ այն թույլ է տալիս ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Եթե Բաքուն իրեն ինչ-որ բան թույլ տա, ապա Սպիտակ տունը կգործադրի իր մեխանիզմները, եւ օրենսդիրները, հայտարարելով, թե նախագահի բերված փաստարկները բավականաչափ համոզիչ չեն, կվերականգնեն ուղղման գործողությունները: Սա վաշինգտոնյան վարչակարգին թույլ կտա պատժել Բաքվի ղեկավարներին` միաժամանակ պահպանելով Ադրբեջանի շահերի հետեւողական պաշտպանի վարկանիշը: