12 հունվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՆՈ՞ՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Պաշտոնական Բաքուն մասնակցում է աբխազական երկաթգծի շահագործման վերաբերյալ բանակցություններին:
Թբիլիսիում կայացավ ռուս-վրացա-հայկական-ադրբեջանական կոնսորցիումի ստեղծման հարցի շուրջ խորհրդակցությունների առաջին փուլը: Կոնսորցիումը պետք է զբաղվի Աբխազիայի տարածքով անցնող Տրանսկովկասյան երկաթուղային ճանապարհի վերականգնման հարցերով: Չնայած այս հարցի վերաբերյալ դեռեւս ոչ մի կոնկրետ որոշում չի ընդունվել, ակնհայտ է, որ գործը մեռյալ կետից շարժվել է առաջ: Ադրբեջանում շատերին է անհանգստացրել աբխազական ճանապարհի հնարավոր շահագործման մասին տեղեկությունը: Բաքվի մամուլը զայրացած է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները մասնակցում են նախագծի շահագործման վերաբերյալ բանակցություններին, որոնք հսկայական նշանակություն ունեն Հայաստանի համար:
Տնտեսական առումով տարածաշրջանի երկրներից Ադրբեջանն ամենաքիչն է հետաքրքրված աբխազական ճանապարհի բացմամբ: Ադրբեջանը երկաթուղային կապ ունի Ռուսաստանի հետ Դերբենդի միջով: Վրաստանը նույնպես ստիպված է օգտվել այդ ճանապարհից: Եթե աբխազական հատվածը բացվի, ապա Բաքուն կկորցնի տրանզիտից եկած գումարները: Սակայն տվյալ դեպքում առավել կարեւոր է քաղաքական կողմը: Աբխազական ճանապարհը խիստ կարեւոր է Հայաստանի համար, որն ամեն տարի կորցնում է ավելի քան հարյուր միլիոն դոլարներ արտաքին աշխարհի հետ երկաթուղային ուղիղ ճանապարհի բացակայության պատճառով: Անդրկովկասյան մայրուղու շահագործումը Երեւանի համար կդառնա շրջափակման վերացման լավագույն առիթներից մեկը, եւ որպես հետեւանք` արտաքին առեւտրի եւ արդյունաբերության հսկայածավալ ազդակ: Բաքվում սա գիտակցում են: Այնուհանդերձ, Ադրբեջանն անուղղակիորեն հաստատում է կոնսորցիումի համահիմնադիրներից մեկը դառնալու պատրաստակամությունը: Որքան էլ պաշտոնական աղբյուրները փորձեն հերքել թբիլիսյան հանդիպմանը մասնակցելու փաստը, հայտնի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն այնտեղ ներկա են եղել: Այնուհանդերձ, հարեւան երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներն արել են ամեն ինչ, որպեսզի լրագրողները չիմանան, թե ով է ներկայացրել Ադրբեջանը: Չինովնիկների այցը Վրաստան գրեթե գաղտնի էր, քանի որ այդ մասին տեղյակ չէր նաեւ նախարարությայն մամլո ծառայության ղեկավարը:

Սակայն կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ բանակցություններին Ադրբեջանի մասնակցության փաստը միայն առաջին հայացքից է պարադոքսալ թվում: Բաքվի ղեկավարները համոզվել են, որ աբխազական ճանապարհի շահագործման հարցը միեւնույն է լուծվելու է: Իսկ գործընթացի վրա վերահսկողություն հաստատելու համար ավելի լավ է մասնակից լինել: Գոնե այն բանի համար, որ ցանկացած պահի հնարավոր լինի արգելակել գործընթացը: Բացի այդ, Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի համար աբխազական ճանապարհի նշանակությունը ամսեամիս առավել քիչ է կարեւորվում, քանի որ փաստացիորեն լուծվել է Փոթիի Կովկասի նավահանգստի հարցը: Նման իրավիճակում Ադրբեջանի համար առավել ճիշտ կլիներ անխուսափելիից թեկուզ ինչ-որ օգուտ քաղել:

Կոնսորցիումում Ադրբեջանի ներգրավվելու եւս մեկ պատճառ կա: Գործընթացին մասնակցելն ադրբեջանցիներին թույլ է տալիս լոբբի անել Կարս-Ախալքալաք մայրուղու երկաթգծի շինարարության նախագիծը: Հայտնի է, որ աբխազական ճանապարհը տարածաշրջանի համար նշանակալի կդառնա միայն այն դեպքում, եթե այն շարունակվի Թուրքիայի կողմից: Բաքուն ձգտում է արագացնել ճանապարհի շինարարության հարցի լուծումը, որպեսզի Երեւանը դուրս մնա գլոբալ տրանսպորտային շղթայից: Ադրբեջանցիների համար կարեւոր է հասցնել ինչ-որ մի բան անել մինչ Կարս-Գյումրի ճանապարհի բացումը, որը Հայաստանը կդարձնի տրանզիտային երկիր: Բաքվում հույս ունեն, որ Տրանսկովկասյան մայրուղու շահագործման հեռանկարն առավել արդիական կդարձնի Կարս-Ախալքալաք ճանապարհի շինարարության հարցը:

Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ փորձում են ամեն կերպ արագացնել Վրաստանի եւ Թուրքիային միջեւ ուղիղ կապ ապահովող ճանապարհի գործարկման մասին բանակցությունները: Պաշտոնական Բաքուն իր կողմից ամեն ինչ արել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իյլդիրիմի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեկո Ալեկսիշվիլի միջեւ ընթացող բանակցությունների հաջողության համար: Այս հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել երկկողմանի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրեր բոլոր մանրամասները եւ կներկայացներ հաշվետվություն: Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնում նախագծի ֆինանսավորման վերաբերյալ: Ակնհայտ է, որ Բաքուն այդ նախագծի հաջողությամբ ավելի է հետաքրքրված, քան Անկարան եւ Թբիլիսին: Սակայն Բաքվի ղեկավարների լավատեսությունն օրեցօր թուլանում է, քանի որ Թուրքիան ամսեամիս առավել զիջող է դառնում Հայաստանի հետ սահմանի բացման հարցում: Գուցե Կարս-Ախալքալաք նախագծի հանդեպ ադրբեջանցիների ունեցած մտապատրանքները ցրվեն արդեն ապրիլին, երբ աշխատանքային խումբը հրապարակի գործող մեկ այլ մայրուղու պայմաններում նորի շինարարության նպատակահարմարության մասին իր եզրահանգումները: