15 հունվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Հայկական կողմն իրավունք ունի պահանջել, որ համապատասխան ստուգող հանձնաժողովն ուղարկվի նաեւ Ադրբեջանի կողմից գրավված Հյուսիսային Ղարաբաղի շրջաններ:
Հաջորդ ուրբաթ Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը, որտեղ պետք է մշակվի ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի փորձագիտական նախատեսվելիք առաքելության աշխատանքների պլանը: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հատուկ ստուգող հանձնախումբ է մեկնել ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքները, որպեսզի ճշտվեն, թե որքանով են հիմնավոր այդ տարածքներում հայերի զանգվածային տեղաբնակեցման մասին պնդումները:
Ստուգող հանձանխմբի անդամների այցի որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Արդեն հաստատված են պատվիրակության կազմը եւ երթուղին: Բացի Մինսկի խմբի համանախագահներից խմբում ներառվել են Ֆինլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներ: Այս կազմը համանախագահների ներկայացմամբ հաստավել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: Այլ երկրների մասնակցության վերաբերյալ կողմերը չեն տվել իրենց համաձայնությունը: Ադրբեջանցիների պահանջով առաքելության անդամները Ղարաբաղ կմեկնեն ոչ թե Հայաստանի տարածքով, որը սովորաբար լինում է արտասահմանյան պատվիրակությունների այցերի դեպքում, այլ` Բաքվով, որը մի շարք կազմակերպչական եւ ռազմական խնդիրներ է առաջացրել: Բացի այս, հիմքեր կան զգուշանալու, որ Բաքվում փորձ կարվի համապատասխանաբար «մշակել» առաքելության անդամներին: Միաժամանակ, ստոգողները հնարավորություն չեն ունենա լսել հակառակ կողմի փաստարկները, քանի որ չեն այցելի ոչ Երեւան, ոչ էլ Ստեփանակերտ:

Ստուգումներ կանցկացվեն անվտանգության գոտու 5 շրջաններում` Քելբաջարի, Լաչինի, Քուբաթլինի, Զանգելանի եւ Ջեբբրաիլի: Առաքելության անդամները նույնիսկ չեն մտնելու Աղդամ եւ Ֆիզուլի, քանի որ ադրբեջանցիներն իրենք են ասում, որ այնտեղ հայեր չկան: Միաժամանակ, Զանգելանում եւ Ջեբրաիլում նույնպես դիտորդներն անելիք չեն ունենա, քանի որ պաշտպանական կառույցներից բացի այնտեղ ոչինչ չկա: Ինչ վերաբերում է Հայաստանը Ղարաբաղից անջատող երկու շրջաններին, ապա ոչ ոք չի հերքում, որ այնտեղ իսկապես բնակեցվել են հայկական ընտանիքներ: Սակայն նրանք գրեթե բոլորն էլ փախստականներ են Ադրբեջանից, ընդ որում մեծամասնությունը լիովին ադրբեջանցիներով բնակեցված Հյուսիսային Ղարաբաղից է: Առաքելության անդամները հնարավորություն կունենան համոզվելու դրանում: Ենթադրվում է, որ նրանց մոտ էլ հարց կառաջանա, թե ինչո՞ւ Ադրբեջանը կարող է անօրինականորեն բնակեցնել գրավված տարածքները, իսկ ղարաբաղցիներն իրավունք չունեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում բնակեցնել ադրբեջանական ագրեսիայի զոհերին: Ինչպիսին էլ չլինի դիտորդների հաշվետվությունը, այն հայկական կողմին թույլ կտա պահանջել, որ համապատասխան առաքելություն ուղարկվի նաեւ Շահումյան եւ Գետաշեն: Այնտեղ փորձագետներն առավել բնութագրող պատկերի վկան կլինեն:

Ստուգողների այցի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը հնարավորություն տվեց ՄԱԿ-ի օրակարգից հանել այսպես կոչված «գրավված տարածքների» իրավիճակի մասին հարցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի պահպանել շրջանցելու հնարավորությունը: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները Վաշինգտոնին եւ Մոսկվային խոստացել են, որ այլեւս ՄԱԿ-ում չեն բարձրացնի հակահայկական բանաձեւի ընդունման հարցը: Սակայն հինգշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի օգնական Արազ Ազիմովն անսպասելի հայտարարությւոն արեց, որը հակասում էր ռուս պաշտոնյայի պնդումը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն ընդամենը «ընդմիջում է տվել»: «Առաջնահերթ թող առաքելությունը լինի շրջաններում, պատրաստի եւ ներկայացնի իր զեկույցը: Զեկույցի հետ ծանոթանալուց հետո մենք համատասխան քայլեր կձեռնարկենք»,- հայտարարելէ նա: Շանտաժից բացի, այլ կերպ հնարավոր չէ անվանել այս դիրքորոշումը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում որոշ ուժեր պահանջում են, որ անկախ փորձագետների հաշվետվությունից, Բաքուն քվեարկության ներկայացնի բանաձեւը: Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը դեռեւս առաքելության մեկնումից առաջ կասկածի տակ սկսեց դնել դրա անդամների օբյեկտիվությունը: Բաքվի լրագրողներին տրված հարցազրույցում նա ենթադրություն հայտնեց, թե ստուգում իրականացնող միջնորդները «զուտ ժամանակ են ծախսում»: Իսկ հայտնի «Ղարաբաղի ազատագրման Կազմակերպության» առաջնորդ Ակիֆ Նագին իշխանություններին կոչ արեց անմիջապես վերադառնալ ՄԱԿ-ում հարցի քննարկմանը: «Որովհետեւ վաղն արդեն ուշ կլինի»,- համոզված է Նագին: